Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՏՄ-ի և Արևմուտքի համար. Սերժ Սարգսյան


Հայաստանի նախագահն այսօր ելույթ է ունեցել «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի մասնակիցների առջև։ Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության,Եվրասիական տնտեսությանն անդամակցելու որոշման, հարևանների և միջազգային գերտերությունների հետ Հայաստանի հարաբերությունների մասին։

Հայոց ցեղասպանություն

«Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում ստացավ»,- իր ելույթում ասել է Սարգսյանը։

Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը անցկացնելու որոշմանը։

«Դրա միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դեպ այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը ս.թ. փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արևելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով՝ թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլև վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար։

«Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման»,- ասել է Հայաստանի նախագահը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

Հայաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների պատճառով ձախողել ղարաբաղյան խաղաղ բանակցությունները, ասել է Սարգսյանը։

«Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնք իրենց սադրիչ գործողություններով վտանգում են ոչ միայն սեփական պետության, այլև տարածաշրջանի անվտանգությունը, Հայաստանը քաջ գիտակցում է այդ արկածախնդիր քաղաքականության ծանր հետևանքները: Հետևաբար, զսպելով ադրբեջանական ռազմական սադրանքները, մենք փորձում ենք կանխել նոր հակամարտության բռնկումը, ինչը լրջորեն կխաթարի առանց այն էլ անկայուն իրավիճակը մեր ողջ տարածաշրջանում:

Մենք թշնամություն և ատելություն չենք սերմանում մեր ժողովրդի մեջ, ինչը Ադրբեջանի իշխանությունների՝ տարիներ շարունակ տարվող քաղաքականության անքակտելի բաղկացուցիչն է: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, ով հայտարարում է, որ հայ ժողովուրդը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է, ես կրկին բարձրաձայնում եմ, որ հայ ժողովուրդը թշնամի ժողովուրդ չունի»,- նշել է նա։

Հայաստանի նախագահը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս կայացած իրողություն է, իսկ նրա ժողովրդի ազատատենչ ոգին անհնարին է կոտրել, խնդրի կարգավորման ՀՀ մոտեցումն էլ մնում է անփոփոխ. այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ համանախագահների առաջարկած հայտնի երեք սկզբունքների հիման վրա:

Քաղաքական ընդդիմություն

Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել է՝ Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումը, որը հատկապես վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում կառավարության տարբեր նախաձեռնությունների նկատմամբ: Հայաստանը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական քաղաքականության և մի շարք ոլորտներում իր բարեփոխումների և զարգացման ցուցանիշներով ոչ միայն չի զիջում, այլև մի շարք չափանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների, ասել է Հայաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ «ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքական ընդդիմությունը».- «Ինքս մեծապես կարևորում եմ կառուցողական ընդդիմության կայացումը և քաջ գիտակցում, որ այն ժողովրդավարության կայացման կարևոր բաղադրիչ է»։

Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի հետ սերտ փոխգործակցությունը, Սարգսյանի խոսքով, Հայատանի անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության կարևոր բաղադրիչներից է։

«Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է նաև ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության, Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը: Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում: Ներկայիս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության և այլն, որոնց շրջանակներում տարեցտարի մենք նոր ձեռքբերումներ ենք արձանագրում»,- ասել է Սարգսյանը։

«2015թ. հունվարից մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից եղել և շարունակում է մնալ տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցությունը: 21-րդ դարում փոքր պետությունների համար համաշխարհային տնտեսության ներկայիս միտումներին հետևելու և այդ տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար կարևոր դերակատարություն է վերապահված տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներին: Այս տեսանկյունից, հաշվի առնելով մեր երկրի տնտեսության ներկայիս կառուցվածքը, արտահանման աշխարհագրությունը, ԵՏՄ անդամ-պետությունների հետ ունեցած տնտեսական կապերը, ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժն առանց մաքսային խոչընդոտների էական հնարավորություններ է ընձեռում մեր գործարար շրջանակներին նորանոր շուկաներ բացահայտելու և այնտեղ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Այս ամենը բնականաբար կնպաստի ՀՀ-ում նոր աշխատատեղերի բացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճին և առհասարակ, մեր տնտեսության զարգացմանը»,- ասել է նա։

«21-րդ դարում համաշխարհայնացման բուռն տեմպերի պայմաններում, երբ աշխարհը շարժվում է մեկ միասնական տարածքի ձևավորման ուղղությամբ, երբ կարծես թե պետությունների միջև տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, անիմաստ է դառնում խոսել տարբեր ինտեգրացիոն մոդելների հակադրման մասին: Այս առումով, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կարող է կապող օղակ հանդիսանալ այդ կառույցի երկրների և արևմտյան երկրների գործարար համայնքների համար»,- նշել է Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG