Մատչելիության հղումներ

ԵՄ-ին ինտեգրման տեսանկյունից Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը 4-րդն է


Եվրամիությունը հրապարակել է Արևելյան գործընկերության անդամ երկրների եվրաինտեգրման 2014 թվականի ինդեքսը: Հայաստանի դիրքերը չեն փոխվել՝ 6 երկրների շարքում 4-րդ տեղում է, և առաջ է անցել միայն վատագույն ցուցանիշներ ապահոված Ադրբեջանից ու Բելառուսից:

Հիշեցնենք, որ 2009-ին Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության գործարկումից ի վեր, Արևելյան Եվրոպայի 6 հետխորհրդային երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի կառավարությունները հայտարարեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում ԵՄ-ի չափանիշներին հետևելու իրենց մտադրության մասին։

Զեկույցի հեղինակներն այդ 6 երկրներին բաժանել են երկու խմբի՝ Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա, որոնք ստորագրել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և չեն թաքցնում Եվրոպային հնարավորինս մոտ լինելու իրենց հավակնությունները, և Հայաստան, Ադրբեջան և Բելառուս, որոնք բոլոր ուղղություններով կարծես երկխոսության մեջ են գտնվում և համագործակցում են Եվրամիության հետ, սակայն հստակ եվրոպական հավակնություններ չունեն և չեն ցանկանում խորացնել իրենց հարաբերությունը ԵՄ-ի հետ:

Վեց երկրների շարքում Մոլդովան գերազանցում է բոլորին մի շարք` մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի կայացման, ժողովրդավարության կայացման ոլորտներում:

«ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումից հրաժարվելու Հայաստանի որոշումը կայացվել է Մոսկվայի ճնշման արդյունքում, իսկ Ռուսաստանի նախաձեռնած ԵՏՄ-ն թույլ չի տալիս անդամ երկրներին ազատ առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ անդամ երկրների հետ», - նաև նշվում է զեկույցում:

Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները Հայաստանում մի շարք ոլորտներում որոշակի առաջընթաց են նկատել: Աննշան հաջողությունները վերաբերում են օրենսդրությանը, պետական համակարգը ԵՄ-ի չափանիշներին համապատասխանեցնելուն, սակայն նաև նշվում է, որ մամուլի, հավաքների ազատության հարցը Հայաստանում շարունակում է խնդիր մնալ:

Հետընթացը, ըստ զեկույցի, հիմնականում պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման հետ, միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների շարքում ամենաակտիվն է Եվրամիության կողմից առաջարկվող ծրագրերին մասնակցելու առումով, բացի էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներից, որոնցում Հայաստանը գրեթե չի մասնակցել:

ԵՄ-ն շարունակելու է «ավելին՝ ավելիի դիմաց» մոտեցումը, նշված է զեկույցում՝ ավելի մեծ ծավալներով քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով նրանց, ովքեր լայն թափով կշարունակեն բարեփոխումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG