Մատչելիության հղումներ

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայ թեկնածուներ է առաջադրում


Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայ թեկնածուներ է առաջադրում
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը` առավելապես քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 29 մանդատ ունի, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում առնվազն երեք հայ թեկնածու առաջադրել:

Քաղաքական ուժի կայացրած այս որոշման մասին իր հայերեն ելույթում երեկ Ստամբուլում հայտարարեց Թուրքիայի ամենահայտնի հայկական կազմակերպություններից մեկի` «Նոր Զարթոնք» քաղաքացիական նախաձեռնության խոսնակ Սայաթ Թեքիրը: Քաղաքացիական այս նախաձեռնությունն, ի դեպ, ակտիվորեն համագործակցում է քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հետ:

«Մեր թեկնածուներն են Ֆիլոր Ուլուքը,Մուրադ Մխչին և Դիրեն Ջևահիր Շենը»,- հայտարարեց Թեքիրը:

Առաջադրված երեք հայ թեկնածուներից երկուսը կանայք են: Նրանցից ամենահայտնին 55-ամյա Ֆիլոր Ուլուքն է: Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասից սերող այս գործիչը արդեն գրեթե 25 տարի է ինչ զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ` նախևառաջ կանանց իրավունքների պաշտպանությամբ: Իր այս գործունեությունը նա խոստանում է շարունակել նաև թուրքական խորհրդարանի պատգամավոր դառնալու դեպքում:

«Թուրքական հասարակությունում գերիշխող մոդելը հայրիշխանությունն է: Հայ կանայք ճնշված են որպես հայեր և լռեցված` որպես կանայք: Կանանց մեծամասնության դեպքում ճիշտ կլինի ասել, որ սկզբում մեզ ներկայացնում են մեր հայրերը, ապա ամուսինները»,-հայտարարում էր Ուլուքը:

Մյուս երկու հայազգի թեկնածուները՝ 40-ամյա Մուրադ Մխչին և 1984 թվականին Ստամբուլում ծնված Դիրեն Ջևահիր Շենը, «Նոր Զարթոնք» նախաձեռնության ակտիվիստներ են, նախկինում երկուսն էլ սերտորեն համագործակցել են սոցիալիստական ուղղվածություն ունեցող «Ազատության և համերաշխության» արտախորհրդարանական կուսակցության հետ:

«Նոր Զարթոնք» նախաձեռնության խոսնակը, ի դեպ, հատուկ ընդգծում էր՝ «հայ թեկնածուների առաջադրումը հարկավոր է դիտարկել նաև Ցեղասպանության 100-ամյակի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում»:

«Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մանավանդ այս տարի հայերի ձայնը պետք է ամենուր լսելի լինի: Մեր ձայնը լսելի կարող է դառնալ թուրքական խորհրդարանում մեր թեկնածուների միջոցով, ի վերջո մենք այս երկրի ժողովուրդներից մեկն ենք»,- հայերենով հայտարարում էր Թեքիրը:

Անցնելով թուրքերենի՝ ստամբուլահայ գործիչը նկատեց.- «55 տարի է արդեն ինչ Թուրքիայի հայերը զուրկ են խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից: Վերջին տարիներին, սակայն, մի շարք միջոցներ, այդ թվում Ժողովրդա -դեմոկրատական կուսակցությունը, Գեզիի զբոսայգու դիմադրությունը, տարատեսակ քաղաքացիական նախաձեռնությունները օգտագործելով, հայերը կրկին ի ցույց դրեցին իրենց գոյությունը: Այս կամ այն կերպ Թուրքիայի հայերը շարունակում են նույն պահանջը հնչեցնել` հավասարություն, արդարություն, ազատություն և խաղաղություն»։

Սայաթ Թեքիրը Zaman-ի հետ զրույցում չի բացառել, որ Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված հայազգի թեկնածուների թիվը առաջիկա շաբաթներին կարող է աճել` ի վերջո հասնելով ութի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG