Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ Կառավարությունը կարող է վերանայել տնտեսական աճի ցուցանիշը


Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ Կառավարությունը կարող է վերանայել տնտեսական աճի ցուցանիշը
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00

Նախարարի փոխանցմամբ, շատ բան կախված է Հայաստանի տնտեսության համար կարևոր՝ ռուսաստանյան տնտեսությունից:

Հնարավոր է, որ առաջիկայում կառավարությունը վերանայի այս տարվա տնտեսական աճի իր ցուցանիշը, այսօր չբացառեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ում խոսքով առաջիկա մեկ-երկու ամսում այս հարցում «լրիվ հստակություն կլինի»:

«Պիտի նայենք իրավիճակին, այսինքն, ելնելով այն կայունության մակարդակից, երբ մեր տնտեսվարողները կկարողանան իրենց արտահանման ծավալները կոմպենսացնել հետագա գործողություններում: Ինքը ժամանակ պահանջող գործընթաց է, և կարծում եմ, որ մեկ-երկու ամսում լրիվ հստակություն կլինի», - ասաց Կարեն Ճշմարիտյանը

2015 թվականի պետբյուջեով Կառավարությունը նախատեսել է ապահովել 4.1 տոկոս տնտեսական աճ:

Մինչդեռ, Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուներից մեկի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի այս հունվարին հրապարակված կանխատեսմամբ, 2015 թվականը երկիրը կփակի 0 տոկոս աճով, այսինքն՝ աճ չի լինի:

Հայաստանի Կենտրոնական բանկում նույնպես կասկածում են, որ այս տարի Հայաստանը կունենա 4.1 տոկոս աճով: Փետրվարին հրապարակված բանկի զեկույցում 2015-ին կանխատեսվել է, որ աճը կլինի 0.4-2 տոկոս, այսինքն՝ այնտեղ հնարավոր են համարում, որ տարեկան տնտեսական աճը կարող է տասը անգամ քիչ լինել Կառավարության նախատեսածից:

«Ելնում են ընդհանուր ազդեցությունների մակարդակից, ես չէի ուզենա մեկնաբանել, Կենտրոնական բանկը ինքը կարող է մեկնաբանել: Մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը մեր նախարարության իրավասությունների մեջ չեն մտնում, բայց ես ըստ ճյուղերի կարող եմ ասել, օրինակ՝ մշակող արդյունաբերությունում այդքան անկում չկա զուտ արտադրության ծավալներով», - արձագանքեց Էկոնոմիկայի նախարարը:

2009 թվականի 14.1 տոկոսանոց անկումից հետո Հայաստանը մինչև օրս չի վերականգնել նախաճգնաժամյան տնտեսության ծավալները:

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, այսպիսի տնտեսական աճի պայմաններում ծավալները կվերականգնվեն միայն 2016 թվականին: Մինչդեռ, հարևան Ադրբեջանը դա կարողացավ անել ճգնաժամի հենց հաջորդ տարում՝ 2010 թվականին, իսկ Վրաստանը՝ 2011-ին:

Հնարավոր է, այս հանգամանքն ի նկատի ուներ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ երկու տարի առաջ պահանջեց Կառավարությունից տարեկան ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ:

«Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժա-րական տա», - ասել էր նախագահը:

Սակայն ո՛չ 2013-ին, ո՛չ 2014-ին Հայաստանը չունեցավ 7 տոկոս աճ: 2013-ին աճը կազմեց 3.5 տոկոս, անցած տարի՝ 3.4 տոկոս:

«Այս տարվա [տնտեսական] արդյունքներով միանշանակ է, որ աղքատների թիվը Հայաստանում կաճի», - օրերս «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

«Իսկապես Հայաստանը գտնվում է ճգնաժամի մեջ և մենք 0 տոկոս էլ չենք կարող ունենալ: Ես անցյալ տարի էլ էի ասում, որ եթե մենք կարողանանք 0 տոկոս ունենանք, պետք է գոհ և շնորհակալ լինենք, որովհետև այն, ինչ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում տնտեսական առումով, որևէ դրական, խոստումնալից բան չկա», - ասել է Խաչատրյանը:

Եվ այն պայմաններում, երբ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում, ու տնտեսագետների կարծիքով, հենց մենաշնորհներն են հայաստանյան տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը, Կառավարությունը որոշել է բավականին յուրօրինակ միջոցներով նպաստել երկրում գործարար միջավայրի բարելավմանը:

Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացած փաստաթղթով, օրինակ, նախատեսված է, որ էլեկտրական ցանցին միացման համար դիմում ստանալու օրվանից հետո միացման պայմանագիրը պետք է հետայսու կնքվի 45 օրվա ընթացքում՝ նախկին 52 օրվա փոխարեն: Այս բարեփոխումը, ըստ Կառավարության, 1 կետով կբարելավի Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի Doing business զեկույցում, ինչն էլ Հայաստանը կդարձնի ավելի գրավիչ ներդրողների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG