Մատչելիության հղումներ

Օբամա․ ԱՄՆ-ն և Իրանը պատմական հնարավորություն ունեն իրենց խնդիրները լուծելու


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Նովրուզի կապակցությամբ Իրանի ժողովրդին հղած իր շնորհավորական հեռուստատեսային ուղերձում նշել է, որ խնդիրները կարգավորելու համար այս տարի պատմական հնարավորություն կա:

«Միասին մենք պետք է խոսենք ապագայի մասին, որին մենք ձգտում ենք», - ասել նա՝ շարունակելով. - «Տասնամյակների ընթացքում մենք ամենալավ հնարավորությունը ունենք հասնելու մեր երկրների մեկ այլ ապագայի»:

Նշենք, որ հիմա 6 հզոր երկրները Իրանի հետ բանակցությունների մեջ են՝ նպատակ ունենալով այս ամսվա վերջին հասնելու Իրանի միջուկային ծրագրերը սահմանափակելու համաձայնությանը:

Օբաման ընդունել է, որ բանակցություններում դեռ խնդիրներ կան, բայց նաև լիահույս է, որ դրանք կհաղթահարվեն:

«Նման պահ մոտ ապագայում հնարավոր է նորից չի լինի», - իր հեռուստաուղերձում ասել է ԱՄՆ նախագահն՝ ընդգծելով․ - «Ես կարծում եմ, մեր երկրները պատմական հնարավորություն ունեն այդ խնդիրները լուծելու համար և այդ հնարավորությունը մենք չպետք է բաց թողնենք»:

Օբամայի խոսքով, եթե Իրանի առաջնորդները խելամիտ որոշում ընդունեն, ապա երկիրը կկանգնի բարգավաճման ճանապարհի վրա, իսկ եթե համաձայնությունը ձեռք չբերվի, ապա Իրանին սպասում է մեկուսացում:

Բայց Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու դժվարագույն հարցում Օբաման խնդիրներ ունի նաև ԱՄՆ-ի ներսում: Նա դեռ պետք է համոզի Կոնգրեսին, քանի որ շատ օրենսդիրներ դեմ են Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը:

Այս ամսվա սկզբին հանրապետական 47 սենատորներ զգուշացրել են Իրանի առաջնորդներին, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերվածհամաձայնությունները կարող են չեղյալ համարվել, երբ Օբաման լքի նախագահի պաշտոնը:

Սպիտակ տունը դատապարտել էր սենատորների նամակը՝ այն համարելով նախագահի արտաքին քաղաքականությունը խարխլելու փորձ:

Հինգշաբթի Կոնգրեսի երկու քաղաքական ուժերը ներկայացնող 360 անդամներ Օբամային ուղղված նամակ են ստորագրել՝ հիշեցնելով նրան, որ Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի մշտական պատժամիջոցները վերացնելու համար Կոնգրեսին նոր օրենք է անհրաժեշտ:

Իրանը միշտ պնդել է, որ իր միջուկային ծրագրերը խաղաղնպատակների համար են, բայց միջազգային հանրությունը կասկածում է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու ռազմական հավակնություններ ունի:

Շվեյցարիայում երկուշաբթի օրվանից սկսած յուրաքանչյուր օր հանդիպում են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Այսօր կայացել է արդեն 5-րդ անընդմեջ հանդիպումը:

Աշխարհի վեց տերությունները՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ձգտում են Իրանի հետ համաձայնության հասնել մարտի 31-ի սահմաններում:

«Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդում է, որ անունը հայտնել չցանկացող պաշտոնյայի փոխանցմամբ բանակցություններում առաջարկվում է, որ Իրանը 40 տոկոսով կրճատի միջուկային օբյեկտները, որոնք ունակ են ատոմային զենք ստեղծել, փոխարենը արագ տեմպերով կթեթևացվեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև մասնակի կվերացվի ՄԱԿ-ի սահմանած էմբարգոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG