Մատչելիության հղումներ

Ապօրինի շինարարության պատճառով հաշմանդամ դարձած բանվորները փոխհատուցում չեն ստացել


Երեք տարի առաջ փլուզումից տուժած բանվորները փոխհատուցում չեն ստացել
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Երեք տարի առաջ փլուզումից տուժած բանվորները փոխհատուցում չեն ստացել

Քաղաքապետարանը կրկին շինթույլտվություն է տվել ապօրինի կառուցապատում իրականացրած ընկերություններին։

3 տարի առաջ Օղակաձև զբոսայգում կիսակառույցի փլուզման հետևանքով 11 բանվորներ մարմնական վնասվածքներ ստացան։ Նրանց կրած ֆիզիկական և բարոյական վնասը այդպես էլ չփոխհատուցվեց, ընդամենը շինարարությունը դադարեցվեց։

Դեպքից ամիսներ անց քաղաքապետարանը կրկին կառուցապատման թույլտվություն տվեց ապօրինի այդ շինարարությունն իրականացրած երկու՝ «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ընկերություններին:

Դդմաշեն գյուղում բնակվող բանվորներից երեքը դեպքից հետո հաշմանդամ են դարձել: Նրանցից Ռոբերտ Առաքելյանը, նշում է, որ թեև Առողջապահության նախարարը խոստացել էր, որ իրենք կբուժվեն պետպատվերի շրջանակներում, սակայն, խոստումը չի իրականացրել։

«Ոչ մի բան էլ չեն փոխհատուցել, ասենք մենք աշխատանքի տեղն ենք էլե ինվալիդ, իրանք ոչ էլ էդ ակտը տվին, որ գործի տեղն ա եղել։ Իրանք մի տարի պիտի ինձի վարձատրեին։ 16 հազար 800 դրամ թոշակ եմ ստանում, էս երեք ամիս ա՝ 19 հազար», - պատմեց Առաքելյանը։

«Տնօրինությունը գալիս էր, մտնում էր պալատ, որ ասում էինք՝ էս մարդի վիճակը շատ ահավոր է՝ աջ կողմը լրիվ վնասված էր, ասում էին՝ 40-50 ավտոմեքենա բետոն ենք տարել, թափել, էդքան տուժվել ենք, դուք ձեր հիվանդից եք խոսում հլը», - նշեց Առաքելյանի հարազատներից մեկը։

Բանվորները նշում են, որ ոչ միայն փոխհատուցում չեն ստացել, այլև զրկվել են վերջին ամսվա աշխատավարձից:

«Մեր աշխատավարձն են տվել հիվանդանոցին, թե չէ նենց օգնություն, ոչ մի բան էլ չեն տված։ Մեր բրիգադիրն ա դիմել, ասել են եթե ձեն հանեք, եսիմ ինչքան փող կդնենք վրներդ», - ասաց տուժած բանվորներից մյուսը։

Հիմա փլուզման տեղում նորից շինարարություն է։ Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն այս հարցով մի քանի անգամ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Վերջինս շարունակ հավաստիացրել է, որ քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում տարածքը կանաչապատելու և բարեկարգելու ուղղությամբ։

«Կառուցապատողը շատ-շատ խախտումներով է արել, տուգանվել է և այլն և այլն, և որոշում է կայացվել՝ վերացնել այդ իրավախախտման հետևանքները, անավարտ շինության դեֆորմացված հատվածների հեծանները վերացնել, սյուները և ծածկերը։ Եվ գրված է, թե այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել։ Բայց որքան ես տեսնում են, այնտեղ միջոց չի ձեռնարկվել, ու ավելին, նոր շինթույլտվություն է տրվել նույն ընկերությանը»։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից նշեցին, որ նոր թույլտվության համար հիմք են հանդիսացել նախորդ ճարտարապետահատակագծային առաջադրանքի պայմանները և որ դեպքը քննարկել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Տուժած բանվորները, սակայն, պնդում են, որ իրենց հետ որևէ մեկը չի հանդիպել:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ կանաչ տարածքները ընդլայնելու փոխարեն քաղաքապետարանը հերթական բարձրահարկի թույլտվությունն է տալիս՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Օղակաձև զբոսայգում պետք է թույլատրվեն միայն ժամանակավոր շինություններ։

«Փլուզված կառույցի փոխարեն էնտեղ բազմահարկ կառույց ա բարձրանում, էն դեպքում, երբ քաղաքապետարանը ասել էր, որ իր կողմից թույլ է տրվել մի հարկանի կառույց։ Ինչո՞ւ հասարակության վրդովմունքից հետո նորից, էսպես ասած, ցինիկաբար, կառուցվում է բարձրահարկ», - ասաց Մինասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG