Մատչելիության հղումներ

Փոստանջյանն ու Մարտիրոսյանը Ազատության հրապարակում այդպես էլ չշփվեցին


Փոստանջյանն ու Մարտիրոսյանը Ազատության հրապարակում այդպես էլ չշփվեցին
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Չնայած Զարուհի Փոստանջյանի հավաստիացումներին, ներկուսակցական լարվածությունը «Ժառանգություն»-ում գոնե արտաքուստ նկատելի է:

Ազատության հրապարակում համակիրների հետ այսօրվա հանդիպմանը Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանն այդպես էլ չշփվեցին: «Ժառանգության» փոխնախագահը, որ օրեր առաջ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանին էր հանդիպել, կուսակցության այսօրվա հավաքին մասնակցում էր, բայց քիչ հեռվից՝ պարզապես ելույթներին հետևելով։

«Իսկ ո՞վ է ասում, որ ես ամեն անգամ ելույթ եմ ունենում։ Որևէ խնդիր չկա, որևէ հարցի այդ առումով չեմ պատասխանելու»,- ասաց Մարտիրոսյանը։

«Ժառանգություն»-ում վեճը սկսվել էր, երբ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը գնացել էին նախագահական՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական բարեփոխումները։ Զարուհի Փոստանջյանն ասել էր, թե իր կուսակիցները «հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ», քանի որ նախորդ օրը կուսակցության խորհրդակցությանը բոլորը դեմ են արտահայտվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ Արմեն Մարտիրոսյան էլ «Ֆեյսբուք»-ում ակնարկել էր «իշխանական կերակրատաշտից ստվերային օգտվողների» մասին:

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ Միացյալ Նահանգներում է, Մարտիրոսյանը փոխանցեց, որ վերադառնալուն պես «Ժառանգություն»-ը վարչության նիստ է անցկացնելու, կլինի հայտարարություն։ Մինչ այդ այլևս չի պատասխանելու Փոստանջյանին, չի ասի՝ արդյոք կուսակցության առաջնորդի իմացությամբ է գնացել նախագահական։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպած «Ժառանգության» մյուս ներկայացուցիչը՝ Ռուբիկ Հակոբյանն Ազատության հրապարակ չէր եկել։ Կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը շտապեց վստահեցնել՝ ամեն ինչ հարթվելու է։

«Ժառանգությունում», ինչպես և ցանկացած ընտանիքում խնդիրներ լինում են։ Իհարկե, ցանկալի էր, որ նման բան տեղի չունենար»,- ասաց Սանասարյանը։

Արմեն Մարտիրոսյանը և Զարուհի Փոստանջյանը Ամերիկայում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չեն քննարկել՝ ինչ նկատի ուներ օվկիանոսի այն կողմից արված հայտարարությամբ, թե Սերժ Սարգսյանի նախաձեռնած հանդիպումները ինքնանպատակ են։

«Ինքը կգա, կմեկնաբանի, թե ինչ նկատի ուներ»,- ասաց Մարտիրոսյանը։

Փոստանջյանը ևս հորդորեց հարցը հղել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի։

Զարուհի Փոստանջյանը Ռուբիկ Հակոբյանին և Արմեն Մարտիրոսյանին դեմ առ դեմ չի հարցրել՝ ինչո՞ւ գնացիք Բաղրամյան 26։

Ուրբաթօրյա հանդիպումները համակիրների հետ «Ժառանգությունը» կշարունակի, օրակարգում իշխանափոխությունն է, թե ինչպես, դեռ կասեն։

«Կարող եք ասել, որ արդյունավետ չեն այս հանդիպումները, բայց այս պահի դրությամբ մենք այդ լուծումները չունենք, բայց մենք մեր կոչի տերն ենք մնում, մնալու ենք հրապարակում այնքան, մինչև կարողանանք ստեղծել այդ միությունը և այդ միության արդյունքում կարողանանք երկրում իրավիճակ փոխել»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG