Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» փորձում է հարթել կուսակցության ներսում ծագած անհամաձայնությունը


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, 11-ը մարտի, 2015թ.
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, 11-ը մարտի, 2015թ.

Երեկ ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, նիստ անցկացրեց։

Ակնկալվում է, որ այսօր կհանգուցալուծվի «Ժառանգություն» կուսակցությունում ծագած հակասությունը։

Երեկ ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով նոր է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, նիստ անցկացրեց։ Երեկվա նիստին կուսակցության գլխավոր դեմքերը փորձել են պարզել՝ ինչպես հարթել ներսում ծագած անհամաձայնությունը։

Կուսակցության վարչության մի շարք անդամներ մեղադրում էին փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին և Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին նախագահական նստավայր գնալու ու Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումներ քննարկելու համար՝ նշելով, որ իրենք վարչությունում որոշել էին չգնալ նախագահական։

«Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանն ասաց՝ ամեն ինչ պարզ կլինի այսօր նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսի ընթացքում՝ Հովհաննիսյանը կպատասխանի բոլոր հարցերին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չի բացառվում, որ դրվի կուսակցության վերոնշյալ երկու ներկայացուցիչներին «Ժառանգություն»-ից հեռացնելու հարցը, ինչը պարզ կդառնա այսօր Հովհաննիսյանի ասուլիսին։

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ նշել էր, որ կուսակցությունում պառակտում չկա, պարզապես իր երկու գործընկերները որպես մասնավոր անձինք որոշել են գնալ նախագահի հետ հանդիպման, իսկ «Ժառանգության» կողմից այս հրավերը չէր ընդունվել։ Ավելի ուշ Փոստանջյանն ու Մարտիրոսյանը վիրավորական ձևակերպումներ էին թույլ տվել միմյանց հասցեին։

«Ժառանգություն»-ում, ինչպես և ցանկացած ընտանիքում խնդիրներ լինում են։ Իհարկե, ցանկալի էր, որ նման բան տեղի չունենար», - ավելի վաղ փորձում էր կրքերը հանդարտեցնել կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG