Մատչելիության հղումներ

Սահմանին վիրավորված զինվորի բուժման երկրորդ փուլի համար ՊՆ-ն միջոցներ չունի


Սահմանին վիրավորված զինվորի բուժման երկրորդ փուլի համար ՊՆ-ն միջոցներ չունի
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00

23-ամյա Գևորգի բուժման համար 56 հազար դոլար է անհրաժեշտ:

Հայ-ադրբեջանական շփման գծում 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանը հրաշքով է փրկվել: Մինչև այսօր, սակայն, չի կարողանում շարժվել․ ստիպված է ողջ օրն անցկացնել անկողնում: Վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար, որը Գևորգի ընտանիքը չունի:

Մայրը՝ Նաիրա Գալստյանը, պատմում է, որ Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ վճարել է Իսրայելում բուժելու համար, ինչի արդյունքում տղան կարողացել է գոնե սայլակով տեղաշարժվել: Գումարի բացակայության պատճառով, սակայն, բուժումն ընդհատվել է, և արդեն 3 տարի է՝ տղայի առողջությունը վատթարանում է:

«Թող տանեն մեկ այլ երկիր, թող էնտեղ մնա ապրի, իրանք ուզում են իրենց երեխաները իրենց կողքին լինեն, ես էլ եմ ուզում: Չէ՞ որ առողջ տվել եմ իմ երեխային», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նաիրա Գալստյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի հիշում դեպք, երբ նախարարությունը հրաժարվել է հոգալ արտերկրում բուժում ստանալու զինվորների ծախսերը, թեպետ ըստ Հովհաննիսյանի՝ դա ՊՆ-ի իրավասություններից դուրս է:

Գևորգ Եղիազարյանի բուժման համար միջոցներ հավաքագրելու նպատակով բացված հաշվեհամարներն են՝

Յունիբանկ | Եղիազարյան Էդիկ AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502

Հեռախոսահամարներ՝

095 79 68 70, 010 63 32 77

Գևորգի բուժման առաջին կուրսի համար 70 հազար դոլար նախարարությունը վճարել է, բայց այսօր անհրաժեշտ 56 հազար դոլարը չի կարող տրամադրել:

«Հիմա ինչ բուժում, որ հարկավոր է տվյալ զինծառայողին, Պաշտպանության նախարարությունը էս պահին էդ հնարավորությունը չունի նորից էդ ծավալի գումար հատկացնել: Իրանք մեզ դիմել են, մենք օգնել ենք մեր հնարավորությունների սահմաններում, բայց դրանից ավել, ցավոք, չենք կարող», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Ասել, որ չունեն ֆինանսական միջոցներ, նշանակում է հրաժարվել սեփական քաղաքացու նկատմամբ պարտավորություններից», -«Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով շատ դեպքեր գիտի, երբ զինվորները ծառայությունից վերադարձել են առողջական ծանր խնդիրներով: Սաքունցն ասում է՝ ժամանակն է, որ նախարարությունը բյուջետային քաղաքականություն մշակի:

«Ինքը գիտի, որ ունի այդ քաղաքացին և բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները պետք է նախատեսի բյուջեի նախագծով և ներկայացնի Ազգային Ժողովի հաստատմանը: Չունենալը պայմանվորված է, որ չեն մտցրել, այսինքն՝ պարտավորությունը չի ուզեցել կատարել», - ասաց Արթուր Սաքունցը:

Օրեր առաջ նախարարությունը ևս 300 հազար դրամ է տրամադրել այս ընտանիքին, որը, սակայն, բավարար չէ արտերկրում բուժումը շարունակելու համար: Հայաստանում տղային օգնում են միայն ցավազրկող դեղամիջոցներով:

Հակառակորդի գնդակից վնասված ողնուղեղով, հունահռոմեական ոճի երբեմնի ըմբիշը մոր հետ մեր հարցազրույցին հետևում էր արցունքն աչքերին: Ասելիք շատ ուներ, բայց դժվարանում է խոսել․ շնչում և սնվում է հատուկ սարքի միջոցով, միակ երազանքը ոտքի կանգնելն է:

Գևորգի դպրոցական եղբայրը ուսումը կիսատ է թողել, որ եղբոր խնամքի հարցում օգնի հիվանդ մորը: Սպորտի մասին հիմա միայն երազող Գևորգն արդեն մի քանի տարի է՝ օրն անցկացնում է 4 պատերի մեջ: Մայրը՝ տիկին Նաիրան, չի պատկերացնում՝ Գևորգի հետ կատարվածից հետո ինչպես է կրտսեր որդուն բանակ ճանապարհելու:

«Դուք տեսեք, թե ինչ սկանդալ կբարձրանա, որ գա ժամանակը ու ինքը չգնա: Դա լավ կմեկնաբանեն: Բա տվել եմ նույն հայրենիքին, չի խուսափել չէ՞ : Իմ ցավն էնքան խորն ա, չգիտեմ ինձ հասկացող կա՞․․․», - ասաց Գևորգ Եղիազարյանի մայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG