Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմադիր ուժերը Սեֆիլյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին չեն մասնակցի


ԱԺ ընդդիմադիր ուժերը Սեֆիլյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին չեն մասնակցի
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00

Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկը «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նախաձեռնած բողոքի ակցիաներին մասնակցելու որոշում չունի։

Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարանը» ծրագրում է անժամկետ բողոքի գործողություններ սկսել ապրիլի 24-ից՝ իշխանափոխության հասնելու համար։

«Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը դեմ է հեղափոխություններին. դա մերը չէ, հայկական չէ, կարծում է. - «Երկրում կա ներքին և արտաքին անվտանգության ապահովման խնդիր։ Եթե իրավական ընթացակարգից դուրս բան է կատարվում, ես դրան դեմ եմ, որովհետև ամեն հեղափոխություն անողի հաջորդն է գալիս, հեղափոխություն է անում։ Դա տրադիցիա չի կարելի դարձնել։ Այդ ձևը մեզ հարիր չէ»։

Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ Հայ ազգային կոնգրեսը հարցը չի էլ քննարկել.- «Մեր օրակարգը մենք ենք թելադրում, և մեր որոշումները մեր նախաձեռնությամբ ենք քննարկում։ Մենք այդպիսի հարց չենք քննարկել, այդպիսի հարցով մեզ չեն դիմել»։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը կարծում է՝ ապրիլի 24-ին չի կարելի նման բան նախաձեռնել, բացի այդ՝ Ժիրայր Սեֆիլյանի պայքարում քաղաքական օրակարգ չի տեսնում:

Հանրապետականը հանրությանն է թողնում Սեֆիլյանի և նրա կողմնակիցների գնահատականը։

«Ես չեմ ուզում որակումներ տալ ձեր նշած անձնավորությանը, նույնիսկ չեմ ցանկանում քաղաքական գործիչ անվանել, բայց ապրիլի 24-ի օրով նման հայտարարություններ անելը... ես ցանկանում եմ, որ հանրությունը այդ գնահատականը տա»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Բաղդասարյանը իշխանության կանխարգելիչ գործողություններից չխոսեց, ասաց՝ մինչև ապրիլի 24-ը Սեֆիլյանն էլ կգիտակցի՝ ինչ է նախաձեռնել, հնարավոր է դա անի Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո.- «Հնարավոր է, որևէ միջոցառման առիթով երկուսն էլ հրավերք ունենան, հրավերքի ժամանակ կարող է հանդիպեն։ Դա կլինի ծնունդ, հարսանիք...»։

Ո՞ւմ է պետք քաղաքական պայքարը, որը կոչված է ոչ թե հայությանը միավորելուն, այլ՝ պառակտելուն, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը.- «Ամեն ինչ անում են, որպեսզի 100-ամյա տարելիցի միջոցառումների ամբողջ շարքը հարամեն»։

Դաշնակցությունը կանխարգելիչ գործողությունների կողմնակից է.- «Եթե, օրինակ, գան մի տեղ, ինչ-որ պայթյուն կազմակերպեն, չբռնե՞ն... էդ ո՞վ է ասում, որ ես պայթյուն եմ կազմակերպելու նախօրոք ու գնում-անում է։ Որ տեռոր է տեղի ունենում ամբողջ աշխարհում, նախապես ասո՞ւմ են՝ էս ինչ վայրում, էս ինչ տեղում մի շահիդ է գալու, պիտի պայթացնի, բոլորը մեռնեն»,- ասաց Ռուստամյանը

Գագիկ Ծառուկյանի «չարիքի իշխանություն» հայտնի բառակապակցությունը ԲՀԿ-ում այլևս ընդունված չէ օգտագործել։

«Հայ ժողովրդի թիվ մեկ չարիքն այսօրվա դրությամբ Հեյդար Ալիևն է»,- հայտարարեց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը։

Եռյակի պայքարն էլ իշխանությունը չի ձախողել։ Միքայել Մելքումյանն ասաց՝ ընդդիմադիր լիդերների որոշումն է եղել.- «Մայդանից կամ բարիկադներից մնացել էր մի քանի վայրկյան կամ մի քանի ժամ, այնպես որ իրենք են որոշում կայացրել, որպեսզի չգնան այդ ճանապարհով»։

ԲՀԿ-ն վերակազմավորման, վերաիմաստավորման փուլում է, հայտարարեց Արամ Մանուկյանը. ՀԱԿ-ը համբերատար կսպասի։

«Մենք հատկապես խորհրդարանում աջակցության կարիք ունենք՝ համատեղ ծրագրերի իրականացնելու։ Ակնհայտ է, մենք չենք փախչում իրականությունից, մեր ձայները չեն հերիքում, որպեսզի լուրջ ընդդիմադիր բլոկ ձևավորենք։ Այդ առումով և «Ժառանգության», և «Բարգավաճի» հետ մարդկային շփումները կան։ Հույս ունեմ, որ մենք դեռ իրար հետ ծրագրեր կարող ենք իրականացնել»,- ասաց Մանուկյանը։

ՀԱԿ-ին հետաքրքրում է, թե ԵՏՄ անդամ երկրների նախագահների վերջին հանդիպմանն ինչո՞ւ Աստանայում չէր Սերժ Սարգսյանը։

«Կարդացի ղազախական, բելառուսական լրատվամիջոցները և նրանց ելույթները, հասկացա, որ Հայաստանը և Սերժ Սարգսյանը իրենց համար գոյություն չունեն։ Սերժ Սարգսյանը ֆիգուրա չէ այդ տնտեսական համագործակցության բլոկում և նրան որևէ բան չեն էլ հարցնում»,- ասաց Արամ Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG