Մատչելիության հղումներ

Չնայած երեխա ունենալու կոչերին՝ անպտղություն ունեցող զույգերի աջակցության պետական ծրագիր չկա


Ալավերդի քաղաքի բնակչուհի 31-ամյա Զարինե Դեմուրխանյանը արդեն 10 տարի է, ինչ փորձում է երեխա ունենալ: Բուժման միայն վերջին տարվա ընթացքում մոտ 2 միլիոն դրամ են ծախսել՝ բժշկներին վճարելու, հետազոտությունների և դեղերի համար, բայց անարդյունք:

Զարինեն ասում է, որ իր և ամուսնու աշխատավարձով չեն կարողացել հոգալ այդ ծախսերը և ստիպված բանկերից ու ծանոթներից են տոկոսով գումար վերցրել: Հիմա պարտքերն են մարում, իսկ հետագա բուժման համար այլևս ոչ մի հնարավորություն ու անգամ հույս չունեն:

«Աշխատում եմ «Հայփոստում», ընդամենը 49 հազար 400 դրամ եմ ստանում, ամուսինս էլ բանկում է աշխատում, մոտ 80 հազար է ստանում։ Մենք էնքան մեր ընկերների անունով վարկ ունենք բանկերում, ծանոթներից տոկոսով վերցրած փող, որ էլի վարկ ենք վերցնում, որ կարողանանք էդ շրջանառությունը տանենք։ Ու էսպես ամեն ինչից ես կտրվում, էլ ոչինչ չես կարող անել»,- պատմեց Զարինեն։

«Ազատության» հետ զրույցում Երևանի մի բնակիչ ևս ասաց, որ ինքն ու կինը ժամանակավորապես դադարեցրել են անպտղության դեմ բուժումը, քանի դեռ աշխատանք չունեն: Մինչ այս բուժվել են 8 տարի շարունակ՝ ծախսելով ավելի քան 10 հազար դոլար, սակայն նույնպես անարդյունք:

«Եղել ենք տարբեր հիվանդանոցներում, ու միայն վերջին տարիներին են հիմնական խնդիրը պարզել, մինչև էդ չգիտեինք, թե որն է պատճառը, մեկ ասում էին կնոջս մոտ է խնդիրը, մեկ ինձ մոտ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա համոզված է, որ բժիշկները դիտավորյալ են ձգձգում բուժումը՝ հիվանդից ավելի շատ գումար կորզելու համար.- «Երբ բժշկին փոխում ես, նա ասում է՝ պետք է նորից սկսեք ինձ մոտ անալիզները։ Ամենաէժան անալիզը սկսվում է 5000 դրանից, ու միայն անալիզ հանձնելուց 50-60 հազար փող ես ծախսում, էլ չեմ ասում իրենց կոնսուլտացիայի և դեղերի գումարը։ Իրենք ուղղակի փող են աշխատում։ Ահավոր դժվար է Հայաստանում»։

Ու մինչ այս օրերին կոչեր են հնչում, որ երիտասարդ հայ ընտանիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում երեխաներ ունենան, այսօր գոյություն չունի անպտղություն ունեցող զույգերի աջակցության պետական համալիր ծրագիր, որը կընդգրկի բոլորին։

Այս տարի Կառավարությունն առաջին անգամ մշակել և արդեն շրջանառության մեջ է դրել անապահով ընտանիքներին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ծրագիրը, որից կարող են օգտվել միայն անապահովության 30 միավոր ունեցող ընտանիքները։

«Անապահովության 30 և ավելի միավոր ունեցող ընտանիքներին կարող ենք աջակցել՝ օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից, հետազոտման ժամանակակից մեթողներից»,- ասում է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Ավագյանը։

Այսօր Հայաստանում երեխաներ չեն կարողանում ունենալ զույգերի մոտ 15 տոկոսը, իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 17 տոկոսը: Սակայն չկա վիճակագրություն այն մասին, թե դրանցից քանի՞սն են բուժում ստանում և քանիսը՞ չունեն դրա հնարավորությունը:

XS
SM
MD
LG