Մատչելիության հղումներ

Երևանի կրկեսի շինարարությունը այս տարի էլ չի ավարտվի


Երևանի կրկեսի շինարարությունը այս տարի էլ չի ավարտվի
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

Երևանի կրկես տանող ճանապարհները դեռ փակ են։ Շենքի բացումը նորից ուշանում է։

Թեև Պետական գույքի կառավարման վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ պետության հետ կնքված պայմանագրով սեփականատեր «Տաշիր գրուպը» պարտավոր է շինարարությունը ավարտել 2015 թվականին, սակայն գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց՝ վստահաբար շենքը պատրաստ չի լինի նույնիսկ մինչև 2016 թվականը։

«Այս տարի բացառվում է, եթե ինչ-որ այլ խնդիրները չառաջանան, հույս ունենք մյուս տարի մինչև Ամանոր դռները կբացվեն»,- ասաց Հովհաննիսյանը։

«Երևան կրկեսի» տնօրինությունը արդեն մեկ անգամ դիմել է կառավարությանը՝ նախագծի ավարտը 2014-ից 2015 թվականը երկարաձգելու խնդրանքով։ Կառավարությունը այն ժամանակ առաջարկը չէր մերժել։ Տնօրինությունից էլ այն ժամանակ հավաստիացրել էին, որ ամեն ինչ կանեն շենքը մինչև այս տարվա վերջ ավարտին հասցնելու համար։

Թեև Պետական գույքի կառավարման վարչությունում ժամկետների երկարաձգման նոր դիմում դեռ չեն ստացել, բայց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ևս չի կարծում, որ առաջիկա երկու տարիներին հնարավոր կլինի շենքը օգտագործել։

«Կրկեսի աշխատանքները իրենց շինմոնտաժային ծավալներով հանձնվելու են, ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս տարվա վերջում և երևի ևս երկու տարի հարկավոր կլինի այն շահագործման հանձնելու համար։ Ծավալները բավականին մեծ են և իհարկե, կախված է նաև աշխատանքի կազմակերպման արդյունավետությունից»,- փոխանեց Երևանի գլխավոր ճարտարապետը։

«Տաշիր գրուպը» մեկ անգամ արդեն 80 միլիոն դրամ տուգանք է վճարել ներդրումների թերակատարման համար։ Ընկերությունը պարտավորվել էր նաև մինչև 2015 թվականը 650 միլիոն դրամի ներդրում անել։ Սակայն մինչ օրս ներդրվել է դրա ընդամենը 20 տոկոսը՝ 108 միլիոն դրամը։

Խափանվել են նաև «Երևան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի՝ 2015-2016 թվականների Ամանորը նոր ներկայացմամբ սկսելու ծրագրերը։

Հնից 12 մետրով ավելի բարձր կառուցվելիք և 10 մերտրով ավելի խորը փորված նոր կրկեսում կլինեն հյուրանոցային համարներ, չեն բացառվում նաև զվարճանքի տարբեր կենտրոնները, սննդի օբյեկտը։

Չնայած այս տարի էլ հանրությունը ծաղրածուներին, վարժեցված կենդանիներին, օդային ակրոբատներին նոր կրկեսում չի տեսնի, փողոցում արված մեր հարցումներից հասկացանք, որ երևանցիների սպասումները, այդուհանդերձ մեծ են։

«Սպասում եմ, որ բացվի, թոռներիս տանեմ»,- ասաց տարեց մի երևանցի։

«Սա նախկինից բավականին լավն է։ Շատ ենք սպասում, բայց բավականին ուշացրեցին, լավ կլիներ, որ բացվեր»,- ասաց մեկ այլ երևանցի։

Ի դեպ, շինհրապարակի ցուցապաստառի վրա նոր կրկեսը ներկայացվում է ռուսերեն՝ Ереванский цирк: Հայերեն թարգմանություն մակետի վրա չկա։

XS
SM
MD
LG