Մատչելիության հղումներ

Երևանի խիտ կառուցապատված կենտրոնում նոր բարձրահարկ է կառուցվում


Երևանի խիտ կառուցապատված կենտրոնում նոր բարձրահարկ է կառուցվում
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Պուշկինի 25 հասցեում շինարարություն է, իսկ հարակից շենքերի բնակիչները մտահոգված են այդ ծրագրով։

Այստեղ վեր է խոյանալու 17 հարկանի շինություն, ըստ կառուցապատողի՝ հյուրանոց։ «Լեվ ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ն այս հասցեում գտնվող Թամանյանի հեղինակած շենքը ստացել է 2011-ի կառավարության որոշմամբ, փոխարենը՝ Դավիթաշենում կառուցել է մեկ այլ շենք Արտակարգ իրավիճակների նախարարության համար։ Իսկ արդեն այս տարվա փետրվարին քաղաքապետարանը կառուցապատողին տվել է թամանյանական շենքի մասնակի ապամոնտաժման ու ուժեղացման թույլտվություն։

Հին շենքի դիմային մասը կպահպանվի, հետնամասը կքանդվի։ Հարակից շենքերի բնակիչներին անհանգստացած են՝ կառուցվելիք 17 հարկանին կփակի իրենց լույսն ու էլի ավելի կծանրաբեռնի առանց այն էլ բանուկ Պուշկին-Տերյան խաչմերուկը։

Հարևանությամբ բնակվող Իզաբելլա Սարգսյանն ասում է.- «Որպես այս տարածքի բնակիչ՝ չեմ պատկերացնում այստեղ 17 հարկանի շենքը ինչպես է հնարավոր տեղավորել»։

Սարգսյանը հավելում է՝ սարսափելի են հատկապես խցանումները, փողոցը միշտ ծանրաբեռնված է, ի՞նչ է լինելու հյուրանոցի կառուցումից հետո, եթե մուտքին պիտի մոտենան ավտոմեքենաներ, ինչո՞ւ շինարարության թույլտվություններ տրամադրելիս քաղաքապետարանը չի մտածում կայանատեղերի մասին։

«Այստեղ ոչ կայանտեղի, ոչ այգու, ոչ բակի հնարավորություն կա»,- ասում է նա։

Անընդհատ խցանումներ, աղմուկ, փոշի. այս ամենից առավել Պուշկին 25-ի հարևանությանբ բնակվող Իզաբելլա Սարգսյանին մտահոգում է մշակութային ժառանգության պահպանության հարցը։ Շենքի առջև ժամանակին Աֆրիկյաններին պատկանած ու դեռ կանգուն վերջին՝ Պուշկին 38 հասցեում գտնվող կառույցն է։ Սարգսյանը լավ հիշում է, թե ինչ պատճառաբանությամբ քանդվեց Տերյան 11-ում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքը։ Այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ասում էր՝ Տերյանը շատ նեղ է, անհրաժեշտ է լայնացնել։ Այդպես ապամոնտաժվեց ու մինչև օրս դեռ չի վերականգնվել Տերյան 11-ը։

Սարգսյանը վստահ չէ, որ Պուշկին 25-ում նախատեսված հյուրանոցի կառուցումից հետո էլ նույնը չեն ասի՝ Պուշկինը նեղ է, անհրաժեշտ է ապամոնտաժել հին Երևանի կանգուն մնացած վերջին շենքերից մեկը։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ահազանգում է, որ Երևանում արդեն ձևափոխվում են թամանյանական շենքերը.- «Եթե մենք վերջին 10-15 տարիներին անընդհատ բարձրաձայնում ենք նախաթամանյանական ժառանգության վտանգված լինելու փաստը, հիմա օղակը նեղացել է։ Եթե կառավարության գմբեթի դեպքում հաջողվեց մեջտեղից հանել Թամանյանի շենքին դիպչելու խենթ գաղափարը, ապա այստեղ տեսնում ենք, որ Թամանյանի նախագծած շենքի վրա ձեռք է բարձրացվում։ Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ շենք պահպանվում է։ Իրականում շենքը չի պահպանվում»։

Երիտասարդ ճարտարապետն ասում է, թե վերջին տարիներին իրականացվող կառուցապատման տրամաբանությունը դիտարկելով՝ մնում է միայն արձանագրել՝ լավ կլիներ, եթե կառավարությունն ընդհանրապես չասեր, թե մեծ ցանկություն ունի Երևանի կենտրոնի մասին օրենք ընդունելու ու նոր բարձրահարկերի ավելացումը Փոքր կենտրոնում կանխելու։

«Միևնույն ժամանակ իրենք շաբաթը մեկ մեզ նոր սյուրպրիզներ են մատուցում։ Դա նշանակում է, որ և այդ օրենքը, և բոլոր այդ խոսակցությունները ուղղակի ժամանակ շահելու հնարավորություն են»,- ասում է Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG