Մատչելիության հղումներ

Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը ուղեկցվեց միջադեպերով


Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը ուղեկցվեց միջադեպերով
please wait

No media source currently available

0:00 0:05:35 0:00

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամների՝ այսօր Գյումրիում հրավիրած հանրահավաքն առանց միջադեպերի չանցավ, նույնիսկ հավաքի մասնակիցներից մեկը դանակահարվեց:

Մի խումբ երիտասարդներ անընդմեջ փորձում էին սուլոցներով խանգարել, պարբերաբար տեղաշարժվում ու վեճի էին բռնվում մասնակիցների հետ:

Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները, սակայն, որևէ կերպ չէին արձագանքում: Միջամտեցին միայն այն ժամանակ, երբ այդ երիտասարդները սկսեցին ձվեր նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ:

Հանրահավաքի մասնակիցներից ոմանք փորձեցին հետապնդել ձվեր նետողներին, ու հենց այդ ժամանակ էլ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների մեկը՝ Հրաչյա Միրզոյանը դանակահարվեց:

«Երիտասարդներ էին, ոստիկանները իրենց հետևից վազեցին, ես ոստիկանների հետևից վազեցի, վերջինը, որը ետ էր մնացել, ըստ երևույթին, զգաց, որ ճանաչեցինք, խփեց դանակով, փախավ»,- պատմեց Միրզոյանը։

Հրաչյա Միրզոյանին տեղափոխեցին Գյումրու բժշկական կենտրոն: Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նրան վիրահատում են։

«Հետազոտական միջամտություններից հետո պարզվեց, որ հիվանդի մոտ թափանցող վնասվածք է, թափանցել է որովայնի խոռոչ, այս պահին հիվանդը վիրահատվում է, վնասված է փայծաղը»,- ասաց Խաչատրյանը.- «Կարծում եմ՝ վիրահատությունից հետո առայժմ կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունք, հետո կերևան հետագա անելիքները, և կկարողանամ վիճակի մասին տեղեկություն հաղորդել»։

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը, դիմելով տարածքում հսկողություն իրականացնող ոստիկաններին, ասաց.- «Այնքան հապաղեցին, հանցավոր անտարբերության, ծառայողական պարտականությունների չկատարման պայմաններում աչքի առաջ դանակահարվեց մեր պատգամավորը։ Ես կարծում եմ` սրա համար, դուք, պարոնայք ոստիկաններ, մանավանդ՝ բարձրաստիճան, անձնական պատասխանատվություն պիտի կրեք, և դա պետք է, որ չուշանա։ Չկրեք այս ռեժիմի օրոք, կրելու եք ապագայում»։

Հանրահավաքի ավարտին էլ մի կին մոտեցավ Ժիրայր Սեֆիլյանին և վիրավորանքներ հասցրեց նրան:

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նախաձեռնած հանրահավաքը, չնայած բավականին լարված մթնոլորտին, այնուամենայնիվ, կայացավ: Ի դեպ հանրահավաքը խոչընդոտողների խմբում նույն երիտասարդներն էին, ովքեր երեք շաբաթ առաջ հավաքվել էին քաղաքի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ավտոերթը մտնի Գյումրի:

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները եկել էին Գյումրի ասելու, որ այլևս այսպես ապրելն անհնարին է, որ գործող ռեժիմը հեռանալու է:

«Այն մարդիկ, այն ուժերը, որոնք ասում են, թե պետք է պատրաստվենք 2017 կամ 2018 թվականի ընտրություններին, մեծ հաշվով ոչ մի բանով չեն տարբերվում այս ռեժիմից։ Վե՛րջ կուսակցականությանը, վե՛րջ թայֆաբազությանը, ժամանակը եկել է համախմբվելու ժողովրդի հետ, լինելու ժողովրդի կողքին։ Մենք ժամանակ չունենք։ Երբ ասում ենք, որ ժամանակ չունենք, պատահական չէ, որ այդ շեշտադրումն ենք կատարում։ Բոլորդ տեսնում եք՝ ինչպիսի արնաքամ վիճակում է մեր երկիրը, ինչպիսի տեմպերով է դատարկվում։ Այն, ինչ մենք ուզում ենք անել ապրիլի 24-ից սկսյալ, չի հաջողվելու անել 1-2 տարի հետո։ Մենք հասել ենք այնպիսի մի եզրագծի, որ դրանից այն կողմ այլևս որևէ ռեսուրս չենք ունենալու։ Սա միակ առիթն է` այս անիվը հակառակ ուղղությամբ շուռ տալու»։

Սեֆիլյանը հավելեց՝ իրենք վստահ են, որ գործող ռեժիմի հեռացման հարցում հաջողելու են:

XS
SM
MD
LG