Մատչելիության հղումներ

Ծաղկազարդով սկսվեց Ավագ շաբաթը


Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Մեծ պահքի վերջին, Հիսուսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որի բոլոր օրերը կրում են ավագ անվանումը, քանի որ խորհրդանշում են Քրիստոսի երկնային կյանքի վերջին յոթ օրերը:

Երեկ Ծաղկազարդի կիրակիով սկսվեց Ավագ շաբաթը, որը կավարտվի ապրիլի 5-ին Սուրբ հարության զատկական տոնակատարությամբ:

«Ազատության» հետ զրույցում Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Աշոտ քահանա Սաֆարյանն անդրադարձավ Ավագ շաբաթվա խորհրդին․ - «Այն սկսվում է Ծաղկազարդով և Ծաղկազարդի օրով Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հրաշափառ մուտքով, ժողովրդի ցնծության դիմավորումով: Որովհետև մեր Տերը դրանից առաջ հարություն էր տվել չորս օրվա մեռած Ղազարոսին: Եվ ժողովուրդը ցնծությամբ է ընդունում մեր Տիրոջը: Ավագ շաբաթի մեջ լինում է նաև դրա հակառակ պատկերը․ այդ նույն ժողովուրդը, որ իր հանդերձներն էր փռում Տիրոջ ոտքերի առաջ, մեծարում էր մի քանի օր առաջ, դրանից օրեր հետո անիծում, անարգում և մեր Տիրոջ հանդերձներն է պատռում»:

Հարցին, թե ինչու ժողովուրդն այդպես վարվեց Տեր Աշոտը պատասխանեց․ - «Մեր եկեղեցու հայրերը մեզ առհասարակ սովորեցնում են՝ ասելով, որ պիտի որևէ մեկը մարդկանցից փառք չակնկալի, մարդկանցից ստացած փառքի հետևից չվազի, այլ պիտի ձգտի իր կյանքով ու գործերով նախ և առաջ Աստծուն հաճելի լինի: Այսինքն ոչ թե պիտի մարդահաճո լինենք, այլ պիտի աստվածահաճո ապրենք մեր կյանքը, որովհետև Աստծուց ստացած պատիվը վարձատրություն է մնայուն, իսկ մարդը փոփոխական է և կարող է վաղը անարգի»:

Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ունի: Ավագ երկուշաբթին նվիրված է երկնքի ու երկրի արարչագործությանը, Ավագ երեքշաբթին խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծո պատվիրաններին ընդառաջ գնալը և Քրիստոսի երկրորդ գալստյան սպասումը, Ավագ չորեքշաբթին խորհրդանշում է ուծում և մատնություն, երբ Քրիստոսի աշակերտներից Հուդան որոշեց մատնել Հիսուսին:

«Ավագ հինգշաբթի օրը նշում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաստատած եկեղեցու յոթ խորհուրդներից, սուրբ խորհուրդներից մեկը՝ Սուրբ հաղորդության խորհուրդը, որ կատարվեց Վերնատան մեջ, և մեր Տերը բաղարջ հացի և գինու տեսքով բաշխեց իր կենարար մարմինն ու արյունը հավատավոր ժողովրդին և պատվիրեց, որպեսզի մշտապես անենք այն իր հիշատակին: Երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողություն: Այն նույն արարողությունը, որ մեր Տերը հաստատեց Վերնատան մեջ՝ վերջին ընթրիքի ժամանակ լվալով իր տասներկու աշակերտների ոտքերը, որպես խոնարհության նշան»:

Ավագ ուրբաթը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը, մահը, թաղումը: Շաբաթ երեկոյան Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը, բացվում են եկեղեցու վարագույրները և հնչում է Հիսուսի հարության ավետիսը: Կիրակի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ հարության տոնական պատարագը՝ ազդադարելով Աստծո հաղթանակը մահվան հանդեպ հանուն մարդկության փրկության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG