Մատչելիության հղումներ

Մահացել է «Ագոս»-ի հայերեն էջի խմբագիրը


Սերոբյանի մահվան կապակցությամբ «Ագոս»-ին ցավակցել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը:

Թուրքիայում մահացել է «Ագոս» երկլեզու թերթի հայերեն տարբերակի բազմամյա խմբագիր Սարգիս Սերոբյանը:

T 24 լրատվական կայքը հաղորդում է, որ 80-ամյա վետերան լրագրողը վախճանվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նա վախճանվել է մարտի 28-ին, իսկ այսօր Շիշլիի Սուրբ Վարդանանց եկեղեցում նրա հոգեհանգստյան արարողությունն է, որից հետո հուղարկավորությունը՝ Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Սարգիս Սերոբյանը «Ագոս»-ի հիմնադիրներից է: Նրա մահվան գուժը թերթը հայտնել է իր կայքում տեղադրված հաղորդագրությամբ, ուր նշված է, որ նա «թերթի պատմությունն է, մեր հենասյունը և մեր ամեն ինչը»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը ցավակցել է «Ագոս»-ի գլխավոր խմբագիր Յեթվարդ Դանզիկյանին:

«Խորապես վշտացած եմ Սարգիս Սերոբյանի մահվան կապակցությամբ: Նա «Ագոս» թերթիվետերան հիմնադիրներից էր ու հայերեն էջի խմբագիրը, որը յուրօրինակ ձայն է Թուրքիայի բազմազանության մեջ», - իր ցավակցական խոսքում գրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը:

Սարգիս Սերոբյանը ծնվել է 1935 թվականին: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա հոդվածներ է գրել հայկական թերթերի ու ամսագրերի համար: Սերոբյանը այն խմբի մեջ էր, որոնք հետևելով Հրանտ Դինքի կոչին, 1996 թվականին հիմնադրեցին «Ագոս» թերթը, որը հրատարակվում է հայերեն և թուրքերեն: Թերթի հիմնադրումիցսկսած՝ Սարգիս Սերոբյանը «Ագոս»-ի հայերեն էջի խմբագիրն էր:

Իր գործունեության ընթացքում նա ևս ենթարկվել է դատական հետապնդումների:

Հրանտ Դինքի սպանությունից հետո, 2007 թվականի ամռանըՍարգիս Սերոբյանի դեմ դատական գործ էր հարուցվել այն նույն 301-րդ հոդվածով, որով Թուրքիայի իրավապահները նախկինում մեղադրում էին Հրանտ Դինքին: Դատախազությունը պահանջում էր մինչև 3 տարվա ազատազրկման դատապարտել Սարգիս Սերոբյանին՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG