Մատչելիության հղումներ

Անավարտ գերակա շահը. 86-ամյա ծերունին տարիներ շարունակ չի ստանում փոխհատուցումը


Անավարտ գերակա շահը. 86-ամյա ծերունին այդպես էլ չի ստացել փոխհատուցումը
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00

86-ամյա Ալբերտ Մակյանը ամեն անգամ լրագրող տեսնելիս թղթապանակից հանում է 25 տարվա վաղեմությունից արդեն խունացած փաստաթղթերն ու սկսում իր ընտանիքի, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տան ու պաշտոնյաների դռները ծեծելու՝ տասնամյակների պատմությունը։

88-ի ղարաբաղյան դեպքերից հետո գաղթել է Բաքվից, ադրբեջանական ընտանիքի հետ փոխանակել Բաքվում թողած իր տունն ու դարձել Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ 33-րդ թաղամասում գտնվող ավելի քան 700 քառակուսի մետր տան ու հողամասի սեփականատերը:

2008 թվականին Հանրապետության 44 հասցեն ճանաչել են գերակա շահ, քանդման թույլտվությունը տվել «Սիթի սենթըր դիվելըփմենթ» ընկերությանը, որը պարտավորվել է բնակելի շենք կառուցել ու տարածքի բնակիչներին, այդ թվում Ալբերտ Մակյանի 23 անձից բաղկացած ընտանիքին 3.5 արի անց բնակարանով ապահովել: Սեփականության վկայականում կարմիր գծերով առանձնացրել են մոտ 150 քառակուսի մետր տարածքը, որ Մակյանները նախօրոք են տվել ընկերությանը. շինարարության համար տարածք էր հարկավոր։

«Պայմանագրով 42 ամիս հետո մեզ պիտի տեղավորեին հենց կողքի բնակելի շենքում։ Նոտարով հաստատված կա, որ 14 հարկ են կառուցում, 3-4-րդ հարկերում էլ մեզ տեղավորում են»,- պատմեց ծերունին։

Ալբերտ Մակյանն իր աչքով է տեսել շինարարության մեկնարկը։ Պատուհանից հետևել է՝ ինչպես է ծանր տեխնիկան աշխատում, շենքի հիմքը փորում։ Հանկարծ շինարարական տեխնիկան լռել է։ Ամիսներ անց տեղափոխվել են մի քանի մետր հեռու՝ նոր փոս փորելու։

«Էնտեղ փոս փորեցին, բերին էս փոսը լցրին հողը։ 4-5 տարվա մեջ ոնց որ «կոշկի-միշկի» խաղացին»։

Բայց սա այս տարածքի վերջին փոսը չէր։ Երրորդն են փորել։ Այս անգամ հիմքից բացի 2 հարկանի կիսակառույց են կանգնեցրել։ Սակայն սա էլ ավարտին չի հասել։ Ընկերությունը խախտել է ոչ միայն բնակիչների, այլև պետության նկատմամբ ստանձնած պարտավորություններն ու ժամկետները։

«Արդեն հինգ տարի է կանգնած է, էլ հույս չունենք, մի ամիս աշխատել են, մի տարի սպասել»,- ասաց Մակյանը։

Կիսակառույցը հսկող պահակը հաստատեց, որ շինարարությունն այլևս չի շարունակվելու։ Այդ մասին Ալբերտ Մակյանին նաև կառավարության աշխատակազմից են ասել։ Նոր շենք չի կառուցվում, բայց իրենք շարունակում են ծանուցումներ ստանալ հին տները քանդելու թույլտվության մասին։ Ասում է ու գրպանից հանում խնամքով ծալված թղթերի կտորները, որ ընկերության ներկայացուցչից ստանալիս վիճաբանության ժամանակ է պատառոտվել։

«Թուղթ է բերել, որ քանդում ենք, իրավունքը բերել եմ։ Թղթերը վերցրել եմ, իրեն էլ խփելով, խայտառակ ձևի ճանապարհ եմ դրել»։

Ընկերության Տիգրան անունով ներկայացուցչին թաղամասում բոլորը ճանաչում են, չնայած ո՛չ ազգանունը գիտեն, ո՛չ էլ պաշտոնը։

Դեռ զրույցը չէինք ավարտել, Տիգրանը եկավ հերթական այցով։ Ծերունին փակեց ավտոմեքենայի ճամփան ու պահանջեց նախ իր հարցերին պատասխանել։ Տիգրանի պատասխանը մեկն էր՝ «սպասի, մինչև կանչենք»։

Ամեն անգամ հարցերին պատասխան չստանալուց հետո 86-ամյա Ալբերտ Մակյանը շարունակում է նամակներ ուղարկել նախագահին, կառավարություն, քաղաքապետարան ու դատախազություն։ Պատասխանները չեն բավարարում։ Ստիպված մի պաստառ էլ տան դարպասին է փակցրել, թե «խնդրում եմ՝ չփորձեք ձեռք տալ»։

«Մինչև վերջ պիտի պայքարեմ ես»,- ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG