Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ուժային կառույցները խուզարկում են Լիպեցկի «Ռոշեն»-ը


Ռուսաստան - «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի շենքը Լիպեցկում, արխիվ
Ռուսաստան - «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի շենքը Լիպեցկում, արխիվ

Սա առաջին դեպքը չէ, երբ Պետրո Պորոշենկոյին պատկանող լիպեցկյան գործարանում խուզարկություն է անցկացվում։ Փորձագետները սա Ուկրաինայի նախագահին ճնշելու հերթական քայլ են համարում։

Ռուսաստանի, այսպես ասած, քաղցր վրեժխնդրությունն Ուկրաինայից. նախօրեին ռուսաստանյան ուժային կառույցներն արգելափակել են Լիպեցկում տեղակայված «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի տարածքը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուժայինները ներխուժել են գործարանի տարածք, բանվորներին փակել հանդիսությունների դահլիճում և սկսել խուզարկությունը։ Պատճառներն առայժմ հայտնի չեն։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պետրո Պորոշենկոյին պատկանող լիպեցկյան գործարանում խուզարկություն է անցկացվում։

Փորձագետները ենթադրում են, որ հրուշակեղենի գործարանում նոր ստուգումները Ուկրաինայի նախագահին ճնշելու հերթական քայլն է։

Գործարանի տնօրինությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։ Ուժային կառույցները, իրենց հերթին, չեն պարզաբանում։ «Ռոշեն» կոնցեռնի մամլո խոսնակ Իննա Պետրենկոն «Ազատության» հետ զրույցում միայն ասել է, որ Լիպեցկի «Ռոշեն»-ում ուժայինների գործողությունները ոչ իրավաչափ են և անթույլատրելի, քանի որ ներխուժել են ձեռնարկության տարածք՝ առանց նախապես տեղեկացնելու։

Նույն գործարանում վերջին անգամ անցկացված խուզարկությունը անցած տարվա մարտին էր։ Այն ժամանակ քննչական գործողություններն անցկացվել են հեղինակային իրավունքների խախտման քրեական գործի շրջանակներում։ Գործարանի աշխատանքը որոշ ժամանակ դադարեցվեց, ապա նոյեմբերին վերսկսվեց, սակայն արտադրանքի կտրուկ կրճատման հետևանքով տնօրինությունը աշխատանքից հեռացրեց շուրջ 400 աշխատողի։

Ընկերությունը, որը հիմնել է Պորոշենկոն, համարվում է աշխարհում քաղցրավենիքի ամենախոշող արտադրողներից։ Ուկրաինայի նախագահն այս ընկերության գլխավոր բաժնետերն է։ Մինչ նախագահի պաշտոնը ստանձնելը Պորոշենկոն հայտարարել էր, թե ընտրվելուց հետո վաճառելու է այն, սակայն առ այսօր չի վաճառել։

Ուկրաինացի քաղաքական գործիչ Ալեքսեյ Գոնչարենկոն ենթադրում է, որ Պորոշենկոյի գործարանում տեղի ունեցածը Ուկրաինայի նախագահին ճնշելու ձև է։

«Կարծում եմ՝ Պորոշենկոն լավ հասկանում է հնարավոր նմանատիպ խնդիրները, և չեմ կարծում, թե դա աղետ կլինի նրա համար։ Այդ ամենը կանխատեսելի էր, այդ ամենը պարզապես քաղաքական պատմություն է», - ասել է Գոնչարենկոն։

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, որ Ռուսաստանի Պետդումայում կոմկուսի խմբակցությունը օրենքի նախագիծ է պատրաստում «Ռոշեն»-ի լիպեցկյան գործարանը պետականացնելու մասին։ «Հաշվի առնելով Ուկրաինայի հետ լարված իրավիճակը՝ մենք չենք բացառում, որ այդ փողերը կարող են օգտագործվել բանդերականների ձևավորման նպատակով, այսինքն՝ մեր երկրի անվտանգության խաթարման։ Պետք է զրկել նրանց այդ հնարավորությունից», - թերթի հետ զրույցում հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Վադիմ Սոլովյովը։

Ինքը Պորոշենկոն մեկ տարի առաջ ուկրաինական «1+1» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել էր, թե ռուսական իշխանությունները թույլ չեն տալիս վաճառել Լիպեցկում գտնվող «Ռոշեն»-ը։ Ըստ Պորոշենկոյի, ռուսական իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում վաճառքի համար, որպեսզի չկորցնեն իրեն ճնշելու լծակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG