Մատչելիության հղումներ

Սարգսյան. «Պետք է քաղաքական ելույթները քաղաքական տեղեր ունենան»


Սարգսյան. «Պետք է քաղաքական ելույթները քաղաքական տեղեր ունենան»
please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներն այսօր ջանում էին արտահայտվել հնարավորինս կոռեկտ՝ որպեսզի չհարուցեն Սերժ Սարգսյանի զայրույթը։ Չստացվեց...

Ելույթ ունեցողները նախագահից հիմնականում ֆինանսական օգնություն էին խնդրում։ Ամբիոնին արտահերթ մոտեցած Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի աշխատակից Ռոբերտ Սարգսյանը, սակայն, որոշեց ներկայացնել իր տեսակետները տնտեսության, վատնվող միջոցների, չհիմնավորված ծախսերի վերաբերյալ. - «Ավագ սերունդը հիշում է փայլուն երգիծաբան Արկադի Ռայկինին, որը հայտնի էր իր ազդեցիկ մանրապատումներով։ Նրանցից մեկում նկարագրվում է պատկեր ռեստորանում, որում ինչ-որ գործիչ պատվիրում է թանկարժեք ուտեստներ և ըմպելիքներ ու միտք է անում՝ сижу я каждый день в ресторане и думаю куда деньги уходят? Արդյո՞ք մեր պետության ծախսերը կարգավորողները նման չեն այդ գործիչին։ Ենթադրությունը հիմքերից զուրկ չէ։ Մենք մեզ թույլ ենք տալիս հսկայական, չհիմնավորված ծախսեր նախարարությունների, պատգամավորների, բազում կոմիտեների և այլ բյուջեասունների տեսքով»։

Սերժ Սարգսյանը կարծում էր՝ գիտությունը գիտնականներին, քաղաքականությունը՝ քաղաքական գործիչներին պետք է թողնել։

«Երբ ես սկսեմ զբաղվել ինժեներիայով, դուք ինձ խիստ կքննադատեք։ Բայց դուք ինժեներ եք՝ քաղաքականությամբ եք զբաղվում», - պատասխանեց նախագահը։ - «Պետք է քաղաքական ելույթները քաղաքական տեղեր ունենան», - հավելեց Սերժ Սարգսյանը։

Ռոբերտ Սարգսյանի՝ «կներեք՝ ավել, պակասը» խոսքին էլ Հանրապետության նախագահն արձագանքեց՝ «նորմալ է, ներելու բան չկա»։

Հիդրոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Սևանի հիմնախնդիրներին նախագահի նախորդ արձագանքը լավ հիշելով՝ այսօր ասաց՝ «այսօր ուզում եմ ասել, որ միայն դրականի մասին եմ խոսելու»։ Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ «տեսնո՞ւմ ես, ինչ լավ է»։

«Ի պատիվ մեր Հանրապետության նախագահի և Կառավարությանը, նրանք միջոցներ հայթայթեցին, որ ստեղծեն նոր ձկնաբուծարան։ Մենք չենք մնա մասնավոր սեկտորի հույսին և վերջապես կիմանանք ինչ է բաց թողնվում Սևանա լիճ», - ասաց Գաբրիելյանը։

Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լաբորատորիայի շենք խնդրեց, ասաց՝ ամերիկացի գործընկերների հետ ուսումնասիրություն են կատարել, որը փոխում է գիտության մեջ եղած պատկերացումները. վաղ Հոմո Սափիենսը տարածվել է ոչ թե Աֆրիկայից, ինչպես ենթադրվում էր, այլ ձևավորվել է Հայաստանում։ Ապացույցները գտել են, տվել արտասահմանցիներին՝ ուսումնասիրությունները շարունակելու համար համապատասխան պայմաններ չունենալու պատճառով։

«Ես նորից մեկ անգամ երկրի ղեկավարից խնդրում եմ՝ օգնություն։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին պետք է լաբորատորիայի շենք՝ միայն շենք։ Մնացած ամեն ինչը մենք դրամաշնորհներով՝ համապատասխան սարքավորումներ և այլն, կհագեցնենք», - նշեց նա։

«Դուք Ակադեմիայի անբաժան մասն եք, Ակադեմիայի ղեկավարության մաս եք. գնացեք Քանաքեռում Քիմիայի նախկին ինստիտուտի շենքը վերցրեք։ Պարապ է, ոչ մի բան չկա։ Ուրիշ տեղ էլ շենքեր կան։ Ամենաշատ շենքեր ունի Ակադեմիան։ Ես շատ շնորհակալ եմ, որ փող չեք ուզում, գնացեք՝ շենքը վերցրեք, արեք», - պատասխանեց Սերժ Սարգսյանը։

Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասում է՝ Հայաստանը տարածաշրջանում գիտության ոլորտի առաջատարն է։

«Նոր պատրաստուք է մշակվել, որը խոզերի, հավերի, խոշոր եղջերավոր անասունների դաբաղի դեմ պայքար է մղելու, պարարտանյութերի նոր տեսակներ ենք մշակել», - նշեց նա։

Իրենց մտահոգությունները գիտնականները ավելի ազատ փոխանցում էին լրագրողներին՝ դահլիճից դուրս։ Ամբիոնից ավելի զուսպ էին արտահայտվում։

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանն ասում է՝ գրվում են գիտական աշխատանքներ ու մնում սեղաններին։ Մեղավորը գիտնականները կամ Գիտությունների ակադեմիան չէ. տնտեսությունն է թույլ, իշխանավորներն՝ անտարբեր։

«Մեր գիտության վրա, մեր մշակույթի վրա պետք է, բառիս բուն իմաստով, դողալ։ Մենք դրանով պետք է երևանք աշխարհին», - ասում է նա։

Մեխանիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Լենսեր Աղալովյանը կարծում է՝ տնտեսության վիճակը ծայրահեղ վատ է։ Մեղավորներից ազատվելը՝ ժողովրդի գործն է համարում։

«Դա պիտի էլի ժողովուրդն անի։ Այդ մեղավորների մեծ մասը նստած է նաև խորհրդարանում։ Ինչո՞ւ է ժողովուրդը ընտրում։ Մենք պետք է հասունանանք, և տեր կանգնենք այս երկրին», - ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG