Մատչելիության հղումներ

Խախտումներ Ախթալայի կոմբինատում․ ընկերությունը կարող է տուգանվել


Ախթալայի կոմբինատում խախտումներ են հայտնաբերվել. ընկերությունը կարող է տուգանվել
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00

Բնապահպանական պետական տեսչությունն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում ավելի քան մեկ ամիս շարունակված ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել, «Ազատությանը» տեղեկացրեց տեսչության պետ Հակոբ Գալստյանը։

«Կան խախտումներ թե՛ արտանետումների մասով, թե՛ ջրի աղտոտման մասով, թե՛ ավելի ջրաքանակի օգտագործման մասով, որոնք անպայման արձանագրվելու են ստուգման ակտում», - նշեց նա։

Թեև բարձր ռիսկայնության պատճառով Ախթալայում, ըստ օրենքի, պետք է ամեն տարի ստուգումներ անցկացվեն, տեսուչներն այստեղ վերջին անգամ եղել էին միայն վեց տարի առաջ, կրկին խախտումներ գտել ու տուգանել 5 միլիոն դրամով։ Թե ինչո՞ւ է դրանից հետո կոմբինատը մոռացության մատնվել՝ Բնապահպանական պետական տեսչության նորանշանակ պետը բացատրություն չունի։ Ասում է՝ ինքը պատասխանատու է վերջին ստուգումների ու հայտնաբերված խախտումների համար. - «Բացի ֆինանսական պատժամիջոց կիրառելը, տվյալ ձեռնարկությանը հանձնարարականներ պիտի տրվեն մեր կողմից, հետևողական պիտի լինենք դրանց կատարման ուղղությամբ։ Բացթողումը, խախտումը չվերացնելու պարագայում՝ համապատասխան օրենքի տառին հետևելով կկիրառվի համապատասխան պատժամիջոց»։

Լոռու մարզային փրկարար վարչությունը Ալավերդու բնապահպանական «Օրհուս» կենտրոնի գրավոր հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ մարտի 20-ին Ախթալայի կոմբինատի պոչամբարի վնասակար նյութերը արտահոսքի հետևանքով լցվել են Դեբեդ գետը։ Փաստորեն և՛ Փրկարար ծառայությունը, և՛ Բնապահպանական տեսչությունը հաստատում են, որ կոմբինատի պոչամբարից առնվազն մեկ անգամ արտահոսք է տեղի ունեցել։ Մինչդեռ բնապահպանների գրավոր հարցմանը պատասխանելով՝ Ախթալայի կոմբինատը գրել է՝ «պոչամբարում շահագործումից մինչ օրս որևէ վթար տեղի չի ունեցել»։ Կոմբինատը մտադիր է այս պոչամբարը շահագործել ևս 10 տարի։ Պետական տեսչությունը հավաստիացնում է, որ հետևողական է լինելու, որպեսզի ընկերությունը չխախտի կանոններն ու չվնասի միջավայրին։ Սակայն բնապահպաններն ու պոչամբարի հարևան գյուղերի բնակիչները սրան չեն հավատում։ Պնդում են, որ արտահոսքի ականատես են լինում պարբերաբար։ Այրումի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանն ասում է, որ մարտի 20-ի դեպքը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը. - «Միշտ էլ այդ հոսքը եղել է։ Հատկապես, եթե ցերեկները հսկիչները ինչ-որ ձևի այդ հոսքի առաջ փակած պահում են, ապա հոսքը ավելի է ուժեղանում անձրևների ժամանակ և գիշերները»։

Բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն անձամբ է եղել Ախթալայի պոչամբարի տարածքում ու պնդում է, որ դա Հայաստանում ամենավատ վիճակում գտնվող պոչամբարն է։ Բնապահպանը ցույց է տալիս լուսանկարներ՝ դեղնադարչնագույն զանգվածի ահռելի տարածություն, անհուսալի պատվար, որը, ըստ նրա, սպառնում է աղտոտել Դեբեդը։

«Այս ամբողջը ներծծված, արտածծված նյութերն են, որոնք դուրս են եկել պատվարի տակից։ Ակնհայտ երևում է, որ ինքը խոնավ է։ Այսինքն, եթե մի հատ լուրջ, հորդառատ անձրև լինի, արդյոք չի՞ պոկվի ընդհանրապես այս պատվարն ու այս ամբողջ պոչանքները լցվեն Դեբետը։ Այստեղ 4-5 միլիոն տոննա պոչանք է հավաքված», - ասում է Գալստյանը։

Մինչ պետական տեսչությունն ամփոփում է ստուգումների արդյունքները, բնապահպանները կասկածում են, որ դրանցից հետո անգամ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը կփոխի իր գործելակերպը։ Ըստ բնապահպան Լևոն Գալստյանի, հանքարդյունաբերողներին առավել ձեռնտու է տուգանք վճարել, բայց ավելի մեծ եկամուտ ստանալ, քան միջոցներ ծախսել արտադրության վերազինման ու արդիականացման համար։

«Թողել են այդ տնտեսվարողին՝ ինչ ուզում ես արա, ընկեր ջան։ Հանքարդյունահանման ոլորտում Հայաստանում այդ վիճակն է, ամեն ինչ թույլատրելի է, ինչ ուզում եք՝ արեք։ Եթե իրենց ցանկացած և իրենց հետ կիսվող մարդիկ են, ուրեմն իրենց ամեն ինչ թույլատրելի է», - հավելում է բնապահպանը։

Հիշեցնենք՝ Ախթալայի կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի՝ մանկապղծության հայտնի դեպքից ու նրա մահից հետո կոմբինատը վաճառվեց։ Այժմ տնօրենն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի եղբայր Մարտիկ Հակոբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG