Մատչելիության հղումներ

Բագրատյանը լուրջ չի վերաբերվում Նարիշկինի և Վալովայայի երևանյան հայտարարություններին


Բագրատյանը լուրջ չի վերաբերվում Նարիշկինի և Վալովայայի երևանյան հայտարարություններին
please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համաձայն չէ օրերս Երևան այցելած Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ, թե արևմտյան պատժամիջոցների հետևանքները ոչ միայն բարեհաջող հաղթահարվում են, այլև նպաստում եվրասիական ինտեգրացիային:

Հրայր Թամրազյանի կիրակնօրյա վերլուծական ծրագրում Բագրատյանը լավատեսական գնահատականներ չի հնչեցնում միության կազմում Հայաստանի ապագայի վերաբերյալ։

«Ես իրավունք չունեմ ասելու, թե նման խոսքերին լուրջ մի վերաբերվեք, որովհետև Սերգեյ Նարիշկինը բարձրաստիճան ռուս պաշտոնյա է, բայց կասեի, որ պարզապես որպես հերթական ֆրազ է ասված։ ԵՏՄ-ում գործերը այս տարի լավ չեն, առաջին երկու ամիսը Ռուսաստանն ու Բելառուսը փակել են տնտեսական անկումով, Ղազախստանը ունի 4 տոկոս աճ, Հայաստանը՝ 2.5 տոկոս աճ։ Բոլոր երկրների համար այս թվեր, բացառությամբ թերևս Ղազախստանի, վերջին տասը տարվա համար միջինից ցածր թվեր են։ Այսինքն վերջին տասը տարվահամար ունենք վատագույն թվեր»,- ասում է Բագրատյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան էլ Երևանում հայտարարել էր, թե Եվրոպական տնտեսական միությունը լավ օրերի ինտեգրացիա է, Եվրասիականը՝ բոլոր օրերի։

«Ճանաչում ենք Տատյանա Վալովայային, հարգում ենք որպես տնտեսագետի, բայց Հայաստանում էլ կան մի շարք տնտեսագետներ, որոնք ի վիճակի են շատ ռացիոնալ դատել։ Ես չգիտեմ՝ մեր երեք ներկայացուցիչները դա կարո՞ղ են անել, անո՞ւմ են, թե գերադասո՞ւմ են ժպտալ, քծնել... Նրա ասածները ընդամենը խոսքեր են»,- հակադարձում է Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը անիրատեսական է համարում իշխանությունների կանխատեսումները, թե Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ եվրոպական շուկայի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև։ Նախկին վարչապետը տարակուսանքով է արձագանքում այսպիսի գնահատականներին.- «Չեղավ, չեղավ... Եվրոպան կասի՝ դուք ո՞վ դարձաք, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները ձեր կամրջով անցկացնենք, գործնականում նման օրինակները պարզապես անհնարին են։ Ոչ մի երկիր իր համեմատական առավելությունը մեկ այլ երկրի չի տա»։

Նախկին վարչապետը խիստ քննադատում է այն, որ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը տրանսֆերտներն են. երկիրը չի կարող գոյատևել դրանցով, ասում է Բագրատյանը՝ առաջարկելով Հայաստանում գումարներ ներդնել։

«Պետք է էդքան չնայենք՝ տրանսֆերտը Յակուտիայից Երևան հասավ, թե՝ չէ։ Եկեք մեզնով զբաղվենք, էնքան փող կա դրսում, պարտադիր չէ տրանսֆերտի տեսքով լինի։ Չեն գալիս, չեն ներդնում։ Անհասկանալի է մթնոլորտը։ Չեն տեսել դեմոկրատիա։ Եկեք էս բաների վրա աշխատենք, ամեն անգամ չպատճառաբանենք՝ տեսեք, տրանսֆերտը չի եկել, ռուսական ռուբլին արժեզրկվում է։ Ես և դուք ի վիճակի չենք օգնել կամ վնասել ռուսական ռուբլուն»։

Հրանտ Բագրատյանը սկզբունքորեն դեմ չէ բարեփոխել սահմանադրությունը։ Ներկայացված հայեցակարգում, օրինակ, դրական է համարում մարդու իրավունքների պաշտպանության դրույթները, միայն թե հայտնի չէ՝ արդյոք դրանք կյանքի կկոչվեն.- «Դու ասում ես, օրինակ, կինս թերություն ունի, դու հո՞ չես ասում՝ բաժանվեմ կնոջիցս, ասում ես՝ փոխեմ կնոջս... արդյոք փոփոխությունից նա ավելի լավը կդառնա՞, պատասխան չկա։ Արդյոք այդ հայեցակարգում առաջարկված են այդ փոփոխությունները։ Նույնպես պատասխան չկա»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այս նախաձեռնության գլխավոր նպատակին՝ անցմանը խորհրդարանական համակարգին, ապա Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը մտադիր է մինչև սահմանված ժամկետը՝ մայիսի 5-ը առաջարկներ ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին։

«Արգելեք նոր Սահմանադրությամբ 50 տոկոսից ավելի ունեցող որևէ քաղաքական ուժի: Վռազ ասում են՝ սա դիկտատուրա է, բայց եթե տանենք պառլամենտարիզմի, ստանանք 70 տոկոս մեծամասնություն՝ այո, ընտրակաշառքով, այո, զոռբայությամբ, և հետո ի՞նչ ենք անելու: Ստանանք պառլամենտի՞ դիկտատուրա: Էդ դիկտատուրան ավելի վատ ա, քան էսօրվա պրեզիդենտի դիկտատուրան, որովհետև էսօր էլի «Նաիրիտ»-ը աշխատավարձ չի ստանում, գնում ա պրեզիդենտի ապարատի դիմաց, իսկ էդ դիկտատուրայի դեպքում ո՞ւր գնա: Պառլամենտում չես գտնելու կոնկրետ մեղավորի»,- ասում է նա։

Բագրատյանը վստահեցնում է՝ իշխանությունների հետ չի քննարկել որևէ պաշտոն ստանալու տարբերակ, բայց կապի մեջ է վարչապետի հետ.- «Այս վարչապետը, չգիտեմ՝ ինչ կանի, ինչքան կանի, ոնց կանի, բայց հրավիրում է զրույցի, ասենք վարչապետերի ակումբում էն օրը հավաքել էր և անկեղծորեն ասում էր՝ «ես խնդրում եմ ձեզ, ասեք՝ ինչ եք տեսնում, ես տեսնեմ պետության համար օգտակար ինչ կա»։ Ես միայն ողջունում եմ այս մոտեցումը՝ նախկինի արոգանտ մոտեցման փոխարեն»։

XS
SM
MD
LG