Մատչելիության հղումներ

«Պրաժսկի Հրադի դռները փակ են Ամերիկայի դեսպանի համար». Չեխիայի նախագահ


Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ

Մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի որոշման նկատմամբ Միացյալ Նահանգների դեսպան Էնդրյու Շապիրոյի մեկնաբանությունը որոշակի լարվածություն է ստեղծել չեխ-ամերիկյան հարաբերություններում։

Դեսպանը Չեխիայի հեռուստատեսությանն ասել է, թե Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը ներկա լինելու Զեմանի ցանկությունն առնվազն անհեռատեսություն է։

«Չեմ բացառում, որ Միլոշ Զեմանը կլինի մոսկովյան միջոցառումներին Եվրոպական միության միակ պատվիրակը, նրա այդ քայլը կարող է պառակտում մտցնել Եվրամիության շարքերում և վարկաբեկել Ուկրաինայի վիճակի համատեքստում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականությունը»,- ասել է դեսպանը։

Միլոշ Զեմանին զայրացրել է դեսպանի գնահատականը և նա ասել է, որ հետայսու Շապիրոյի համար Պրաժսկի Հրադի դռները փակ են։

Խոսքը հոյակերտ ամրոցի մասին է, որը Չեխիայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ համալիրներից մեկն է։ Դրա տարածքում է գտնվում Պրահայի խորհրդանիշը` Սուրբ Վիտի տաճարը, դարեր շարունակ այն ծառայել է որպես թագավորների և իշխանների պալատ, իսկ Առաջին աշխարհամարտից հետո համալիրի մի մասը դարձել է նախ Չեխոսլովակիայի, ապա Չեխիայի նախագահների պաշտոնական նստավայրը։

Զեմանի մամլո քարտուղարը պարզաբանել է, թե նախագահի որոշումը չի նշանակում, որ Միացյալ Նահանգների դեսպանին ընդհանրապես կարգելեն մուտք գործել Պրաժսկի Հրադ, նա չի զրկվի նստավայրում տեղի ունեցող տարատեսակ միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից, պարզապես նախագահը նրա հետ շի շփվի նստավայրում։

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել Զեմանի հայտարարությունը։

Չեխիան խորհրդարանական-վարչապետական հանրապետություն է, և նախագահի լիազորությունները հիմնականում ներկայացուցչական են։ Նախագահ Զեմանը դեսպան Շապիրոյի մեկնաբանությունը վիրավորական է համարում։

«Չեմ կարող պատկերացնել, որ Վաշինգտոնում Չեխիայի դեսպանը Ամերիկայի նախագահին խորհուրդներ տա այս կամ այն այցը կատարելու վերաբերյալ»,- ասել է նախագահը և ավելացրել.- «Ես թույլ չեմ տա որևէ դեսպանի խառնվել իմ արտասահմանյան այցերի ծրագրին»։

Ի դեպ, ինքը դեսպան Շապիրոն շատ է զարմացել նախագահ Զեմանի արձագանքից։

«Հենց այս պահին արձակուրդում եմ` Ամերիկայում, միացրեցի համակարգիչս ու տեսա, թե ինչ է տեղի ունեցել, երբ քնած էի»,- գրել է Շապիրոն սոցցանցի իր անձնական էջում։

Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանությունն էլ պարզաբանում չի տալիս։

Չեխիայի լրատվամիջոցները նշում են, որ արևմտյան աշխարհի առավել հեղինակավոր ղեկավարները հրաժարվել են մայիսի 9-ին մեկնել Մոսկվա, պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունն է և նախևառաջ Ղրիմի բռնակցումը։

Մինչդեռ, Միլոշ Զեմանը, ով մի քանի անգամ ասել է, թե դեմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությանը, ասել է, որ ցանկանում է մայիսի 9-ին լինել Մոսկվայում։

«Շնորհիվ այդ հաղթանակի՝ մեր երկրում հիմա չեն խոսում գերմաներեն»,- ասել է Զեմանը, ավելացնելով, որ ցանկանում է հարգանքի տուրք մատուցել Չեխոսլովակիան ազատագրելու մարտերում զոհված Կարմիր բանակի հարյուր հազարավոր զինվորների հիշատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG