Մատչելիության հղումներ

Նոր բացահայտումներ Լեհաստանի նախագահի կործանված օդանավի ձայնագրություններից


Ռուսաստան - Լեհաստանի նախագահի կործանված օդանավի պոչը ավիաաղետի վայրում՝ Սմոլենսկի մերձակայքում, 10-ը ապրիլի, 2015թ․
Ռուսաստան - Լեհաստանի նախագահի կործանված օդանավի պոչը ավիաաղետի վայրում՝ Սմոլենսկի մերձակայքում, 10-ը ապրիլի, 2015թ․

Այդ հատվածները վերծանել հնարավոր է դարձել ավիաաղետից հինգ տարի անց՝ արդիական տեխնոլոգիաների շնորհիվ:

2010 թվականին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի օդանավի կործանվելուց րոպեներ առաջ օդաչուներին ստիպել են վայրէջք կատարել` չնայած թանձր մառախուղին: Սա է վկայում օդաչուների խցիկի ձայնագրության սղագրությունը, որը հրապարակել է լեհական RMF ռադիոկայանը:

Վերծանված ձայնագրությունը բացահայտում է, որ օդանավի անձնակազմը մի քանի անգամ կողմնակի անձանց խնդրել է դուրս գալ օդաչուների խցիկից: Խոսակցություններից պարզ է դառնում, որ շրջապատի մարդիկ գարեջուր են խմել, բայց որևէ ապացույց չկա, որ անձնակազմի անդամները ևս ալկոհոլ են օգտագործել:

Սմոլենսկի մոտ օդանավի աղետից 96 մարդ զոհվեց, ներառյալ՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը, Կենտրոնական բանկի նախագահը, բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ:

Հետաքննությունը մինչև հիմա շարունակվում է:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաքննությունը իրականացնող Վարշավայի զինվորական դատախազության գրասենյակը այս պահին հրաժարվել է արձագանքել RMF ռադիոկայանի հաղորդմանը:

Ռադիոկայանը պարզաբանում է, որ օդաչուների խցիկի ձայնագրությունը հայտնաբերվել էր օդանավի աղետից հետո, ռուսական կողմը այն փոխանցել էր Լեհաստանին, բայց այն շատ էր վնասված և նախկինում չէր վերծանվել: Այս տարվա փետրվարին լեհ քննիչները օգտագործել են նոր, բարձր որակի տեխնոլոգիաներ և կարողացել են վերծանել ձայնագրության որոշ հատվածներ:

Ըստ վերծանված ձայնագրությունների՝ օդանավի անձնակազմը անհանգստացել է վայրէջքի վայրում թանձր մառախուղի մասին ստացած հաղորդագրություններից և քննարկել վերադառնալու տարբերակը, բայց օդաչուներին ճնշել են՝ ստիպելով վայրէջքի գնալ, քանի որ նախագահը չէր կարող չեղյալ համարել իր մասնակցությունը Կատինի զոհերի հիշատակի արարողությանը:

Ըստ նոր վերծանված նյութերի՝ Լեհաստանի արտգործնախարարության արարողակարգի վարչության պետը աղետից 15 րոպե առաջ օդանավի հրամանատարին կոպիտ տոնով ասել է. - «Մենք կփորձենք այնքան, մինչև ստացվի»:

Լեհաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը, ով այդ օդանավում էր որպես ուղևոր, աղետից 41 վայրկյան առաջ գտնվել է օդաչուների խցիկում և օդաչուներին ասել. - «Դուք դա հեշտությամբ կանեք»:

Վերծանված ձայնագրությունները ցույց են տալիս, որ մինչ օդանավի անձնակազմը փորձում էր կողմնորոշվել՝ արդյոք գնա՞ վայրէջքի, օդաչուների ուշադրությունը շեղել են նրանց խցիկում և խցիկին մոտ գտնվող կողմնակի անձինք:

Սղագրություններում մեջբերված խոսքերով, օդաչուների խցիկում կամ հենց խցիկին մոտ գտնվող մարդկանցից մեկը մյուսին հարցնում է՝ «սա ի՞նչ է», վերջինս պատասխանում է՝ «գարեջուր, իսկ դու ինչ է, չե՞ս խմում»: Այս խոսակցությունից երկու րոպե անց օդանավի ուղեկցորդուհին է հարցնում խցիկում կամ խցիկին մոտ գտնող ինչ-որ մեկին՝ «կցանկանա՞ք խմել»», «այոոոո», - լսվում է պատասխանը:

2010 թվականի ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահի օդանավը աղետի ենթարկվեց, երբ լեհական պետության ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք գնում էին Սմոլենսկի մոտ մասնակցելու Կատինի կոտորածի զոհերի հիշատակի արարողությանը: Այստեղ ստալինյան ժամանակաշրջանում՝ 1940 թվականին, սովետական գաղտնի ծառայությունները հազարավոր լեհ սպաների են գնդակահարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG