Մատչելիության հղումներ

Գյուղացին փոխհատուցում է պահանջում իր 35 ոչխարներին վրաերթի ենթարկած գյուղապետից


Գյուղացին փոխհատուցում է պահանջում իր 35 ոչխարներին վրաերթի ենթարկած գյուղապետից
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Զադա Բրոյանը մտավախություն ունի, որ Արմավիրի քննչական կոմիտեն արդեն երկրորդ անգամ կկարճի գործը։

Նոր Արտագերս գյուղի ազգությամբ եզդի բնակիչ Զադա Բրոյանը ավելի քան մեկ տարի է՝ պայքարում է վրաերթի ենթարկված 35 ոչխարների դիմաց հարևան գյուղի նախկին գյուղապետից փոխհատուցում ստանալու համար։

«35 հատ հղի մայր, 6 հատ էլ վիժեցին, 5 հատ էլ գրիժա ստացան», - ասաց Բրոյանը։

Անցած տարի հունվարին Զադան իր 200 ոչխարները փորձել է տեղափոխել մայրուղիով, բայց ճանապարհի կեսին Արտամետի նախկին գյուղապետ Տոնական Ղազարյանի ավտոմեքենան հոտի մեջ է մխրճվել՝ մոտ 2.5 միլիոն դրամի վնաս պատճառելով Զադա Բրոյանին:

«Եկավ խփեց մտավ մեջը։ Սենց բուլդոզերի նման մտավ մեջը, տարավ։ Էդ արդեն ոչխարի թափը իրան կանգնեցրեց, թե չէ ինքը տորմուզ չի տվել։ Եթե ինքը դանդաղ լիներ, մի հինգ հատ կսատկեր, բայց ինքը ահավոր ուժեղ էր, մոտ 150-160 արագություն էր ու խմած էր։ Ու դաժե ես գիտեմ ինքը որտեղ էլ խմել էր։ Շենավան էլ խմել ա, սաղ հետաքրքրվել եմ։ Ես քննիչներից շատ եմ աշխատել։ Բայց դե իրենց կողմից են լրիվ», - պատմեց եզդի բնակիչը։

Դեպքի վայրում գյուղացիներ են հավաքվել, իրավապահներ եկել, գործ հարուցել։ Քննչական կոմիտեն, սակայն, ընդունել է ջիպի վարորդի արդարացումները, թե ճանապարհը մերկասառույցով էր պատված, մառախուղ էր, տեսանելիությունը ցածր։ Ամիսներ անց գործը կարճվել է։

«Գնացել եմ, 6 հազար դրամ մուծել, օդերևութաբանն ասել է, որ էդ օրը մառախուղ չի եղել բացարձակապես»։

Քննիչներն ասել են, որ Տոնական Ղազարյանն ընդամենը 50-60 կիլոմետր/ժամ արագությամբ է ընթացել։ Պարզապես մառախուղի ու մերկասառույցի պատճառով չի կարողացել արգելակել։ Անգամ համարել են, թե Զադան է մեղավոր. անփութորեն է մայրուղի հանել իր ոչխարներին։

Զադան, սակայն, ունի դրա պատասխանը. արդեն 6 տարի հունվարին առանձնացնում է մայրացու ոչխարներին ու այդ ճանապարհով է գյուղ տեղափոխում․ - «Հարց տվի իրան, ասի, պարոն Մկրտչյան, ոչխար չի, մարդա, զինվորա, պետքա տրորեր անցնե՞ր։ Ո՞նց թե իրավունք չունեի։ Բա ո՞նց տանեմ։ Զնակ կա՞, որ ես չբերեմ ոչխարները»։

Անցած տարի Զադան բողոքարկել է գործը կարճելու մասին Քննչական կոմիտեի որոշումը։ Դատարանը քննել ու պարզել է, որկոմիտեն քննությունը դադարեցրել է՝ հիմք ընդունելով միայն նախկին գյուղապետ, մեքենայի վարորդ Տոնական Ղազարյանի ցուցմունքները և բոլոր ականատեսներին չի հարցաքննել։ Դատարանը կասկածելի է համարել նաև փորձագիտական եզրակացությունը և գործը հետ է ուղարկել՝ նախաքննության։ Սակայն այս անգամ էլ քննությունը վստահել են նույն քննիչին՝ ցրելով արդարության հասնելու հույսերը:

«Ես իրանից ուրիշ բան չեմ ուզում, իրանից ջիպը չեմ ուզում, թող մենակ իմ փողերը տա, որ ես ինձ ոչխար առնեմ, որովհետև սար եմ էթում, դրանով եմ ապրում։ Իմ թոշակառուներս, երեխեքս անչափահաս են, դրանով եմ ապրում», - ասում է Զադա Բրոյանը:

Նոր Արտագերսից 20 կիլոմետր հեռու՝ Արտամետում է ապրում Զադա Բրոյանին վնաս հասցրած ջիպի վարորդը՝ Տոնական Ղազարյանը։ Նա նախկին գյուղապետն է ու ներկայիս գյուղապետի ամուսինը։ Նաև նոր պաշտոն ունի. Բաղրամյանի տարածաշրջանի ջրային տնտեսության խորհրդի նախագահն է։ Զադան համարում է, որ քննիչները կողմնակալ են հենց նրա պաշտոնական դիրքի պատճառով։

«Գնում ա իրանց տեսնում ա, ինձ որպես ազգությամբ եզդի, բանի տեղ չի դնում», - դժգոհեց Բրոյանը։

Տոնական Ղազարյանի տունը Արտամետի բերանին էր։ Ղազարյանն էլ տանն էր։ Բայց հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Այժմ տուժած ոչխարատիրոջը լուրեր են հասել, թե իրավապահները գործը դարձյալ փակում են։ Հույսը ավելի վերևների հետ է կապում․ բաց նամակ է գրել․ - «Հիմա էլ ես տեսնում եմ, որ ի վիճակի չեմ քննչականի դեմ պայքարելու, դրա համար էլ բաց նամակս տվել եմ մեր հանրապետության նախագահին, դատախազին, արդարադատության նախարարին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG