Մատչելիության հղումներ

Հումանիտար ճգնաժամը Ուկրաինայում


Ուկրաինա - Դոնեցկին մերձակա Խարցիզկ բնակավայրում մարդիկ սպասում են Ռուսաստանից մարդասիրական ավտոշարասյան բերած պարենի բաշխմանը, սեպտեմբեր, 2014թ․
Ուկրաինա - Դոնեցկին մերձակա Խարցիզկ բնակավայրում մարդիկ սպասում են Ռուսաստանից մարդասիրական ավտոշարասյան բերած պարենի բաշխմանը, սեպտեմբեր, 2014թ․

Եվրոպական երկրների ղեկավարները եկող շաբաթ կհանդիպեն Գերմանիայում՝ քննարկելու Ուկրաինայում զինադադարի հաստատումը և տեղի խաղաղ բնակչության խնդիրները։ Մինչդեռ Արևելյան Ուկրաինայի որոշ շրջաններ գտնվում են մեկուսացման մեջ՝ մարդասիրական ճգնաժամի եզրին։

Արևելյան Ուկրաինայի ճակատային Կրասնոհորիվկա քաղաքը հայտնվել է մեկուսացման մեջ, տեղի բնակիչները հավաստում են, որ չեն ստացել օգնություն ուկրաինական կառավարությունից վերջին շաբաթների ընթացքում։ Այստեղ մարդասիրական օգնություն է ուղարկվում միայն Կարմիր Խաչի և տեղի եկեղեցիների կողմից։

Պետական օգնության կենտրոնի շենքի առջև հավաքված մարդիկ սպասում են օգնության, իսկ օգնություն չկա։

Քաղաքում չկա էլեկտրականություն, գազ կամ ջուր, բնակիչներից շատերը գնալու տեղ չունեն և ստիպված են մնալ այստեղ առանց գոյատևման ամենատարրական պայմանների։

Տեղի բնակչուհի, երեք երեխաների մայր Եկատերինան նշում է, որ հայտնվել է անելանելի իրավիճակում։ «Չունեմ ո՛չ աշխատանք, ո՛չ դրամ, ապրում եմ միայն մարդասիրական օգնության ակնկալիքով, մինչդեռ ստացված օգնությունը բավարարում է մի քանի օր», - ասում է նա:

«Նոյան Տապան» եկեղեցին տեղի երկու եկեղեցիներից մեկն է, որը մարդկանց տրամադրում է սնունդ ու հագուստ։ Տեղի բնակիչներից շատերի համար սա գոյատևելու միակ տարբերակն է։

Այսպիսով, Արևելյան Ուկրաինայի որոշ հատվածներ հայտնվել են մեկուսացման մեջ, քանզի դրանք չեն գտնվում ոչ ապստամբ ուժերի, ոչ էլ ուկրաինական կառավարության հովանու տակ։

Անելաների այս իրավիճակը բարելավման հույսեր չի ներշնչում, մինչդեռ մարդիկ գնալով հայտնվում են ավելի ծայրահեղ հումանիտար ճգնաժամի առջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG