Մատչելիության հղումներ

Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի արդար աշխարհի կերտմանը


Վատիկան, Սուրբ Պետրոսի տաճար, 12-ը ապրիլի, 2015թ., լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի
Վատիկան, Սուրբ Պետրոսի տաճար, 12-ը ապրիլի, 2015թ., լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Հայոց երկու կաթողիկոսները ելույթ են ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանում Պապի մատուցած պատարագին։

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը՝ որպես արդարության իրագործման և իրավունքների հաստատման ազդեցիկ օրինակ, կնպաստի ապահով ու արդար աշխարհի կերտմանը։ Այդ մասին հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված պատարագի ընթացքում իր խոսքում։

«Այս իմաստով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի ու նորօրյա նահատակությունների հանդեպ և գործադրելու առավել ջանքեր՝ դադարեցնելու և կանխելու համար մարդկության դեմ գործվող ոճիրները: Սա է այն պտուղը, որ պիտի աճի նահատակության արմատից», - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասել է Վեհափառը։

«Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության համար իր պատմության ընթացքում բազում արհավիրքներ է տեսել, փորձությունների դիմակայել: Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրագործվեց ցեղասպանության ահռելի ոճիրը: Կանխամտածված ծրագրով, աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին մեկ և կես միլիոն հայեր: Հինավուրց մեր ժողովուրդը արմատախիլ արվեց իր նվիրական բնօրրանից՝ պատմական հայրենիքից և տարագիր սփռվեց տարբեր երկրներում: Ավերվեց, ոչնչացվեց, բռնազավթվեց քրիստոնեական մեր դարավոր ժառանգությունը», - հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շարունակելով. - «Ոչինչ, սակայն, ոչ տառապանք, ոչ հալածանք, ոչ անգամ մահ՝ չսասանեց մեր ժողովրդին և չհեռացրեց իր սուրբ հավատքից: Ազգովի նահատակության հոգևոր սխրանքի ողջ մեծությունն է այսօր պատկերվում մեր առջև, որը դրսևորեց մեր ժողովուրդը՝ կրկին հռչակելով դեռևս 5-րդ դարում սահմանած իր ինքնության բանաձևը, որ քրիստոնեությունն ունենք ոչ իբրև հանդերձ, այլ իբրև մաշկի գույն (Եղիշե պատմիչ)»:

«Աստծո գթառատ ողորմությամբ մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը, նոր կյանք վերընձյուղել սփյուռքի համայնքներում և Հայաստանի արևելյան հատվածում վերականգնված պետականության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է՝ դիմակայելով բազում զրկանքների ու դժվարությունների: Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման մեջ, պայքարում Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ կյանքի համար և արդարության հաղթանակի հավատով շարունակում ջանքերը հանուն իր իրավունքների, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և իր արդար պահանջատիրության», - հայտարարել է Վեհափառը։

«Ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել Հայոց ցեղասպանությունը, վերացնել դրա հետևանքները և ականատեսը եղավ Հոլոքոսթի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների: Այսօր էլ հակամարտությունների, պատերազմների, ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր նեղության ու կարոտության մեջ են, հալածվում ու իրենց կյանքով են վճարում հավատքի համար», - ընդգծել է Գարեգին երկրորդը։

«Հայոց սեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված այս Սրբազան Պատարագին, մեր նահատակների նվիրական հիշատակի առջև Մենք երախտագետ զգացումով ենք անդրադառնում, որ Ձերդ Սրբության երանաշնորհ նախորդներից Բենեդիկտոս 15-րդ Պապը բողոքի ձայն բարձրացրեց՝ ընդդեմ հայերի ցեղասպանության, իսկ սուրբ Հովհաննես Պողոս երկրորդ Պապը Մեզ հետ համատեղ հայտարարությամբ 2001 թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս առումով կարևոր նշանակություն ունի նաև Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի հրապարակումը: Մեր ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլ նաև մարդասիրական առաքելություններ իրականացրեցին՝ խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին, օգնելով հաղթահարել բազմատեսակ դժվարությունները», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Նա հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին՝ «աղոթական մասնակցությամբ քույր Եկեղեցիների, այդ թվում՝ Ձերդ Սրբության ներկայացուցիչների, բարձրաստիճան հյուրերի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բազմահազար զավակների, սրբադասվելու են վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսության պսակն ընդունած մեր բյուրավոր նահատակները»:

«Երկնային զորքերին միացած սուրբ նահատակների բարեխոսությունն ենք հայցելու, որ Աստվածային խաղաղությունը հեղվի մարդկային կյանքին և աշխարհում տեղ չգտնեն ցեղասպանության ողբերգությունները», - ասել է Վեհափառ հայրապետը։

Պատարագի ժամանակ խոսքով է հանդես եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ սրբազան արարողության ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու հայրերից սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ եկեղեցու կողմից հռչակվել է «Եկեղեցու վարդապետ»:

Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Մեծ Եղեռնի նահատակների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG