Մատչելիության հղումներ

Իրավապահները խուզարկության ժամանակ մի շարք խախտումներ են թույլ տվել․ փաստաբան


Հակ Գրիգորյանը՝ «Ազատության» տաղավարում, 12-ը ապրիլի, 2015թ․
Հակ Գրիգորյանը՝ «Ազատության» տաղավարում, 12-ը ապրիլի, 2015թ․

Հայկ Գրիգորյանի խոսքով, խուզարկության ժամանակ առգրավվել են քաղաքական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ առարկաներ:

«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ, փաստաբան Հայկ Գրիգորյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նշեց, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների բնակարաններում և գրասենյակներում խուզարկությունների ժամանակ իրավապահները մի շարք խախտումներ են թույլ տվել:

Հարցին, թե իրավաչա՞փ է արդյոք Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին և Գարեգին Չուգասզյանին առաջադրված մեղադրանքը, փաստաբանն արձագանքեց՝ մատնանշելով այն թերությունները, որոնք իր կարծիքով թույլ են տվել իրավապահները: Հիշեցնենք, որ դատարանը որոշել էր երկու ամսով կալանավորել «Հիմնադիր խորհրդարան»-ի այս հինգ անդամներին:

«Առաջինը՝ ընթացակարգային խախտումները, տեղի են ունեցել խուզարկությունների, ձերբակալությունների և բերման ենթարկելու գործընթացների ժամանակ: Մասնավորապես, խուզարկությունները տեղյակ ենք, որ սկսվել են մինչև առավոտյան ժամը 7-ը, այսինքն՝ 6.30-ի, 6.40-ի սահմաններում: Միաժամանակ Ազգային անվտանգության և ոստիկանության հատուկ աշխատակիցները մուտք են գործել մի շարք գրասենյակներ և անձանց բնակարաններ: Այստեղ նրանք խախտել են օրենքի այն կետը, որով պետք է գործողությունները սկսեն առավոտյան ժամը 7-ից հետո: Նաև դիտավորյալ ամեն մի խուզարկությանը մասնակցել է շուրջ 10-15, մինչև 20 հոգի իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչը որ ավելորդ ուժի ցուցադրման և ճնշում գործադրելու նպատակ է հետապնդել: Ինչպես նաև զուգահեռ անցկացրել են խուզարկություններ բնակարանի մի քանի սենյակներում, մինչդեռ օրենքը հնարավորություն է տալիս երկու ընթերակաների մասնակցություն ու երկուսն էլ պետք է միաժամանակ ներկա լինեն ամեն մի հատվածը խուզարկելիս», - ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ փաստորեն, խուզարկություններ են արվել առանց ընթերակաների մասնակցության, հետագայում նրանք պարզապես ստորագրել են փաստաթղթերը:

Անդրադառնալով Գյումրիում ձերբակալված, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակված Արամ Հակոբյանին, ով «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու տարածքային կառույցի համակարգողն է, Հայկ Գրիգորյանը նշեց, թե նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում (Հակոբյանը մեղադրվում է ապօրինի զինամթերք պահելու մեջ) նշված է, որ նրա բնակարանից է հայտնաբերվել նռնակը, բայց իրականում նռնակը հայտնաբերվել է տանիքից, որը ընդհանուր օգտագործման տարածք է:

«Ընդ որում, իր վերևի տանիքից չէ, իր հարևանի վերևի տանիքից ու հայտնաբերման գործընթացին ընթերականեր չեն մասնակցել, պարզապես հետո նրանց ցույց են տվել, որ ահա այստեղից ենք հայտնաբերել: Հետո պարզվել է, որ այդ տարածքը ընդհանրապես չի էլ պատկանում կասկածյալին: Իրենք պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են տուն հասկացությունը, որը սխալ է, մենք այդ մասին առարկել ենք», - ասաց Հայկ Գրիգորյանը:

Փաստաբանը նշեց, որ խուզարկության ժամանակ առգրավվել են քաղաքական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ առարկաներ:

«Դատարանը երբ տալիս է խուզարկության թույլտվություն, նա ասում է, որ դուք գնում եք խուզարկելու՝ որոնելու համար այս, այս, այս առարկաները, որոնք նշված են եղել զանգվածային անկարգություն կազմակերպելու ընթացքում կիրառվող առարկաներ, ընդհանուր եզրույթը: Սակայն խուզարկության արձանագրությունը, երբ որ մենք թերթում ենք, մենք տեսնում ենք, որ առգրավվել են այնպիսի իրեր, որոնք ընդհանրապես կապ չունեն դրա հետ, ինչպիսիք են, օրինակ, բուկլետները շատ մեծ քանակությամբ: Այսինքն, այն բուկլետները, որոնք շարժումը պետք է տարածեր, իրազեկեր բնակչությանը, դրանք առգրավվել են, բոլորը, ոչ թե մի օրինակ, այլ ամբողջ տպագրական քանակը: Առգրավվել են դրոշներ, բարձրախոսներ, որոնք ընդհանրապես կապ չունեն դրա հետ: Առգրավվել են սեղանի դրոշներ, համակարգիչներ, հեռախոսներ, պլանշետներ, անձնական օգտագործման իրեր, գումար է, ի վերջո, առգրավվել: Այսինքն, այս ամենը վկայում է այն մասին, որ ամեն ինչը կատարվել է ձևական իմաստով, խախտվել է պրոցեդուրալ՝ ընթացակարգային նորմերը, ինչպես նաև նպատակ են ունեցել պարզապես առգարվել այն բոլոր առարկաները, որոնք անհրաժեշտ են քաղաքական գործունեություն իրականացնելու համար, ոչ թե զանգվածային անկարգությունները կանխելու համար», - ասաց Հայկ Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG