Մատչելիության հղումներ

Ամփոփելով Քարդաշյանների այցը. Ստեղծվել էր նախկինում դեռ չեղած մթնոլորտ


Ամփոփելով Քարդաշյանների այցը. Ստեղծվել էր նախկինում դեռ չեղած մթնոլորտ
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

«Կաֆե ձանձրույթ» կեղծանունով հայտնի օգտատիրոջ խոսքով էլ, ամենուր տիրող ձանձրույթը մեկ շաբաթով իր տեղը զիջել էր այլ՝ ավելի լավ տրամադրության։

Այսօր վաղ առավոտյան Երևանից մեկնեց վերջին օրերին Հայաստանում ամենաշատ քննարկված կինը՝ Քիմ Քարդաշյանը, ամուսնու՝ հայտնի ռեփեր, «Գրեմի» մրցանակի բազմակի դափնեկիր Քանյե Վեսթի, դստեր, քրոջ ու զարմուհիների հետ։

Նրանք Հայաստանում անցկացրին գրեթե 5 օր, եղան Գյումրիում, այցելեցին Գեղարդի վանական համալիր, երևանյան մի քանի տեսարժան վայրեր։ Իսկ երեկ կեսգիշերին Քանյե Վեսթը անսպասելի համերգ տվեց Կարապի լճում, անակնկալ համերգն էլ ավելի անակնկալ ավարտվեց՝ վերջին երգի ժամանակ «Գրեմի»-ի մրցանակակիրը ջուրը մտավ։ Վայրկյանների ընթացքում նրան հետևեցին տասնյակ երկրպագուներ, այդ թվում՝ «Արմքոմեդի» հումորային հաղորդման համահեղինակ և վարող Սերգեյ Սարգսյանը։

«Ստեղծվել էր մի նոր, հետաքրքիր, նախկինում դեռ չեղած մթնոլորտ, որը հա՛մ շատ բարի էր, հա՛մ ոգևորիչ էր, հա՛մ ուղղակի բարձր տրամադրությամբ լի պահ էր։ Այդ չափի աստղ չեմ հիշում եղե՞լ է Հայաստանում մինչև էդ...։ Ու շատ, մի տեսակ, մտերմիկ էր հա՛մ ինքը, հա՛մ կազմակերպման ձևը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սերգեյը։

Ֆեսյբուքում «Կաֆե ձանձրույթ» կեղծանունով հայտնի օգտատեր Ռուբեն Վարդազարյանը ամփոփում է Քարդաշյան քույերի ու Քանյե Վեսթի այցը Հայաստան։ «Ամենուր տիրող ձանձրույթը մեկ շաբաթով իր տեղը զիջել էր այլ՝ ավելի լավ տրամադրության», - ասաց նա։

Վարդազարյանը հույս հայտնեց, որ Ֆեյսբուքում 24 միլիոն, իսկ Թվիթերում 31 միլիոն հետևորդ ունեցող Քարդաշյանի այցից հետո փոքրիկ ու մեկուսացած Հայաստանն ավելի շատ զբոսաշրջիկներ կունենա։ «Քարդաշյանների այցից հետո Հայաստան գոնե 30-40 հազար տուրիստ ավել կայցելի», - ասաց Վարդազարյանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Քարդաշյանի մասին շատ բան չգիտեր մինչև նրա Հայաստան գալը, բայց հիմա կարող է ասել՝ «հեռուստաաստղի այցը երկար կհիշվի, կորտվեցին որոշ կարծրատիպեր»։ «Կարծրատիպեր կոտրելը, թեկուզ այդ մի քանի օրը, կարծում եմ, մարդկանց ենթագիտակցության մեջ՝ այն պահպանողական, ազգային, ավանդական շրջանակներում ստիպում է ինչ-որ բաներ մտածել, իրենց մեջ վերաիմաստավորել, վերաարժեվորել», - ասաց Հակոբյանը։

Ըստ Google որոնողական համակարգի, Հայաստանցի օգտատերերը անցած յոթ օրերին Google-ում ամենից շատ որոնել են Քարդաշյանի, նրա ընտանիքի կամ ամուսնու մասին տեղեկություններ, վերլուծում է media.am կայքը։

Քննարկումները շարունակվում են, թեև նա արդեն ընտանիքի հետ Իսրայելում է, որտեղ կնքում է իր փոքրիկ դստերը՝ Նորթ Վեսթին։

Աշխարհի առաջատար լրատվամիջոցներ դեռ լուսաբանում են ինչպես նրա Հայաստան, այնպես էլ Իսրայել կատարած այցը. միայն անգլիական Daily mail-ը վերջին օրերին Քարդաշյանների Հայաստան կատարած այցի մասին գրեց ավելի քան 20 հոդված։ CNN-ի նման հեղինակավոր լրատվամիջոցը թեև չգրեց Քիմ Քադաշյանի մասին, բայց անդրադաձավ Քանյե Վեսթի համերգին ու Կարապի լիճը նետվելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG