Մատչելիության հղումներ

Էրդողանը խորհուրդ է տալիս Հռոմի պապին «այլևս նման սխալ չգործել»


Էրդողանը խորհուրդ է տալիս Հռոմի պապին «այլևս նման սխալ չգործել»
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

Անկարան շարունակում է դատապարտել Հայոց ցեղասպանության մասին Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի հայտարարությունները:

Պաշտոնական Անկարան շարունակում է քննադատել Հռոմի պապին` կիրակի օրը Վատիկանում տեղի ունեցած ժամերգության ընթացքում 1915 թվականի իրադարձությունները որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելու համար:

Վատիկանյան ժամերգությունից երկու օր անց` երեկ երեկոյան Հռոմի պապի հայտարարություններին անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` երկրի խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ:

«Ես խորապես ցավում եմ Ֆրանցիսկոս պապի այն հայտարարությունների համար, որոնցում նա աշխարհի այս հատվածում հայերի և մահմեդականների կրած ընդհանուր ցավը ցեղասպանություն որակեց», - ասաց Թուրքիայի նախագահը:

Նկատելի է, ի դեպ, որ թուրքական իշխանությունների առանց այդ էլ կոշտ քննադատությունը օրեցօր ավելի է սաստկանում: Պատահական չէ, որ Էրդողանի պարագայում այդ քննադատությունը երբեմն անցնում է նաև տարրական բարեկրթության սահմանները:

«Երբ քաղաքական գործիչներն ու հոգևոր առաջնորդները որոշում են յուրացնել պատմաբանների գործը, նրանք ոչ թե ճշմարտությունն են բացահայտում, այլ ի վերջո հայտնվում են խաբկանքների գրկում: Ես վերահաստատում եմ [պատմաբանների] համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր կոչը: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ մենք պատրաստ ենք բացել մեր բոլոր արխիվները: Ես դատապարտում եմ Ֆրանցիսկոսի արարքը և ցանկանում եմ նրան մեկ անգամ ևս զգուշացնել` մի կրկնեք ձեր սխալը», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Այսօր կեսօրին պարզ դարձավ, որ Էրդողանի երեկվա ելույթը միայն սկիզբն էր: Մի քանի ժամ առաջ` Ղազախստան մեկնելուց առաջ, Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում Թուրքիայի նախագահը որոշեց անդրադառնալ ցեղասպանության թեմայով այսօր Եվրոպական խորհրդարանում կայանալիք քննարկումներին:

«Ես չգիտեմ, թե Եվրախորհրդարանն այսօր ինչ բանաձև է հաստատելու: Մեկ բան կարող եմ հաստատապես նշել` այդ որոշումը որևէ նշանակություն մեզ համար չունի: Այն Թուրքիայի մի ականջից կմտնի և մյուսից դուրս կգա», - հայտարարում էր նա:

Էրդողանն այսօր նաև պնդում էր, թե Անկարան Ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը երբեք չի փոխի:

«Ինչու ենք մենք պաշտպանվում: Որովհետև Ցեղասպանության նման խայտառակության, նման մեղքի մեջ խոստովանելը բացառվում է: Թուրքիան չի կարող ընդունել, թե նման հանցագործություն, նման մեղք է գործել: Ինչ վերաբերում է եվրոպացիների պահվածքին, ապա անընդունելի է, երբ այսքան ծառայություններ մատուցած երկրի հանդեպ նման մոտեցում են որդեգրում», - նշում էր թուրքական պետության ղեկավարը:

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ինչ կլինի, եթե Միացյալ Նահանգները որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը շատ կարճ պատասխանեց․ - «Նրանք համարժեք պատասխան կստանան»:

Այսօրվա ասուլիսի ընթացքում, ի դեպ, Ռեջեփ Էրդողանը չմոռացավ նաև իր ամենասիրելի պնդումներից մեկը՝ թե Թուրքիայի տարածքում անօրինականորեն բնակվող հայաստանցիների քանակը վկայում է թուրքերի հանդուրժողականության մասին:

«Քանի՞ հայ կա այն երկրներում, որոնք հանդես են գալիս Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով: Իսկ մենք 100 հազարի կարգի հայերի ենք ընդունել մեր տարածքում, և որևէ խտրականություն նրանց հանդեպ գոյություն չունի: Մենք կարող էինք նրանց արտաքսել, բայց չենք դիմում այդ քայլին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG