Մատչելիության հղումներ

Գումարին սպասող քաղաքացիները կենսաթոշակային հաշվի մասին հաշվետվություններ են ստանում


Գումարին սպասող քաղաքացիները կենսաթոշակային հաշվի մասին հաշվետվություններ են ստանում
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Վերջին օրերին մի շարք քաղաքացիներ կենսաթոշակային հաշվի մասին տարեկան հաշվետվություններ են ստանում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

Ընդ որում, հաշվետվություններ ստանում են անգամ նրանք, ովքեր դեռ անցած տարի, օգտվելով օրենքում արված փոփոխությունից, հրաժարվել էին պարտադիր սոցիալական վճարից:

Աղմկահարույց այս օրենքին վերաբերող ծանուցումներն անհանգստացրել են շատերին, ովքեր վստահ էին, որ օրենքը մասնավոր սեկտորի աշխատողներին հնարավորություն էր տվել գոնե մինչև 2017 թվականը չհիշել պարտադիր վճարների մասին: Այսօր, մինչդեռ, նրանք կրկին նամակներ են ստանում անհրաժեշտ փոխանցումների և հնարավոր տույժերի մասին:

Կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Պետրոսյանը այդ հաշվետվությունների ստացումը բացատրում է իրազեկման անհրաժեշտությամբ՝ խուսափելով լրացուցիչ պարզաբանումներից․ - «Հաշվետվություն ենք ուղարկել բոլոր այն մասնակիցներին, ում հաշվում տեղի են ունեցել իրադարձություններ, այսինքն՝ եղել են վճարումներ, եղել են փայերի ձեռքբերումներ և այլն: Այսինքն, կարելի է այստեղից որոշակի եզրակացություն անել»:

Հաշվապահ Շողեր Բաբայանը դեռ ամիսներ առաջ է դիմել տարեկան հաշվետվությունը ստանալու, և դրանում չգտնելով իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները՝ նա ստիպված է պարբերաբար բանկոմատի միջոցով ստուգել ամսվա կտրվածքով կուտակվող գումարի չափը և ամեն անգամ խախտումներ է արձանագրում: Ասենք, չորս ամիս առաջ փոխանցված գումարի միայն մի քանի օր առաջ է նստել հաշվեհամարին:

Բաբայանը բացառում է, թե ուշացման պատճառը հաշվապահի թույլ տված սխան է․ - «Եթե ես այսքան հաշվետվություն, ոնց որ այստեղ է ներկայացված, ուշացնեի, հիմա ես երևի ամբողջ տարվա իմ աշխատավարձը այդ վարչականներին պետք է մուծեի»:

Վերջերս էլ նա պարզել է, որ մի քանի ամսվա աշխատավարձերը ուղղակի անհետացել են քաղվածքից: Եվ չնայած հետևողականորեն փորձում է, բայց ոչ մի կերպ չի կարողանում իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ Ֆինանսների նախարարությունից․ - «Մինչև այսօր ես մեկ ամիս սպասում եմ, որ պետք է հարկայինը ինձ հետ զանգի ու բացատրություն տա, թե ինչու է իմ քաղվածքում որոշ ամիսներ բացակայում: Իսկ նայել եմ, տեսել եմ, որ դեպոզիտարիայից եկած քաղվածքները մի քանի էջանոց տվյալներ են, որոնք չհասկացող մարդու համար բարդություններ են առաջացնում: Թվեր կան, տվյալներ կան, աղյուսակներ․․․ պարզ բացատրված չէ»:

Կենտրոնական դեպոզիտարիան կենսաթոշակային հաշվի մասին տարեկան հաշվետվություններ է ուղարկել 165 հազար մարդու: Նրանց պետք է բարդ աղյուսակներից գուշակեն, թե ինչ ներդրումներ են արել կառավարիչները, որ ֆոնդերն են ավելի շատ շահույթ ստացել, կարճ ասած՝ սկսեն հարստացնել իրենց ֆինանսատնտեսական գիտելիքները, որպեսզի կարողանան գլուխ հանել հաշվետվությունից ու սեփական հաշիվներից:

Մինչդեռ այսօր քաղաքացիները դեպոզիտարիայից ոչ թե տեղեկատվական հաշվետվություններ, այլ անցած տարի գանձված փողերի վերադարձն են ակնկալում: Ի դեպ, պաշտոնյաները հրաժարվում են նշել այդ մարդկանց թիվը և վերադարձվելիք գումարի չափը:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ 4 ամիս է՝ ոչ մի լումա չի փոխանցվել քաղաքացիներին, ԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանը հիշեցրեց, որ պարտավորությունների կատարման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է: Ասաց նաև, թե խնդիրներ են առաջացել գումարը հետ պահանջողների մոտ 10 տոկոսի անձնական հաշվեհամարներում:

«Հիմա մենք անհատական աշխատանքներ ենք տանում այդ անձանց հետ, որպեսզի նրանք գան ուղղեն: Ու որոշում է կայացվել, որ բոլորի վճարումը միասին է լինելու, որպեսզի այդ հավասարության սկզբունքը պահպանվի: Հաստատ մինչև օրենքով սահմանված ժամկետը դա կարվի», - նշեց նա:

Ավելացնենք, որ գալիք հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը կքննի «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականությունը:

XS
SM
MD
LG