Մատչելիության հղումներ

Ժիրայր Ռեիսյան․ «Համայնքը պահելո՛ւ աշխատանքի մեջ է»


Ժիրայր Ռեիսյան․ «Համայնքը պահելո՛ւ աշխատանքի մեջ է»
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչն արձագանքում է սիրիահայերի կողմից Հայաստանի կառավարությանն ուղղված տարհանման խնդրանքին՝ հայտարարելով, որ գաղութը լուծարելու քայլին չեն գնա։

Հալեպի Հայոց առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նման անհրաժեշտություն այսօր չկա․ - «Մենք գաղութը լուծարելու, նման քայլի մեջ չենք։ Հետևաբար, ով դժվարություն ունի, անոր իր դժվարություններուն նեցուկ կանգնելու պարտավորություն ունենք և արդեն կկատարվի: Իսկ Սուրիո կամ Հալեպի սահմաններուց դուրս մենք ասելիք չունենք»։

Հատկապես վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում են հալեպահայերին Սիրիայից դուրս բերելու կոչեր։ Վերջին շաբաթների ամենօրյա հրթիռակոծությունները, տասնյակ զոհերն ու վիրավորները, այդ թվում հայերի շրջանում, ստիպում են Սիրիայում և այդ երկրի սահմաններից դուրս գտնվող հայերին մտածել համայնքի տարհանման անհրաժեշտության մասին։

Հայաստանում սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը երեկ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով տարյանման մասին կոչերը՝ ասել էր, որ նման որոշում պետք է կայացվի Հալեպում՝ ազգային կառույցների կողմից, ինչին Հայաստանի կառավարությունը կարձագանքի։

Հայկական համայնքի ներկայացուցիչ Ռեիսյանի խոսքով, մինչդեռ, նա, ով ուզում է եւ հնարավորություններ ունի, կարող է հեռանալ Հալեպից՝ իր որոշելիքն է։ Իսկ նրանք, ովքեր չեն հեռանում Հալեպից, կշարունակեն նյութական աջակցություն ստանալ։«Համայնքը կփորձի զորավիգ կանգնել նրանց, ովքեր թեկուզ դժվարություններով կյանքը կշարունակեն Սիրիայում», - ընդգծեց Ռեիսյանը։

Հարցին, թե հեռանալու մտադրություն ունեցողներին համայնքը կարո՞ղ է դրամական օգնություն ցուցաբերել, Հայոց առաջնորդարանի բանբերը պատասխանեց․ - «Համայնքը քաղաքը պարպելու կամ համայնքը լուծարելու աշխատանքի մեջ չէ: Համայնքը պահելո՛ւ աշխատանքի մեջ է»:

Անցած 4 տարիների հակամարտությունը Հալեպում գրեթե հողին է հավասարեցրել նաև քրիստոնեական թաղամասերը։ Ավերակների մեջ, առանց սննդի, ջրի ու էլեկտրականության կյանքը շարունակող հայերից շատերը չեն ուզում ապրել մահվան ամենօրյա վտանգի տակ, բայց գումար չունեն հեռանալու։ Համայնքի ուժերով ձևավորված Սիրիահայերի օգնության միությունը այսօր էլ շարունակում է սննդով, հագուստով ու անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել նրանց։

Ռեիսյանը շեշտում է, որ համայնքը պատասխանատու է իր գաղութի զավակների դժվարությունները լուծելու հարցում, իսկ ովքեր ուզում են դուրս գալ, իրենք են պատասխանատու իրենց որոշման համար։

Սիրիահայերին տարհանելու խնդրանքին Հայաստանի կառավարությունն նաև արձագանքել էր, թե կաջակցի դուրս բերել երեխաներին ու դպրոցականներին։ Համացանցում շատերը ողջունելով այս նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ շեշտում են, որ առանց ծնողների երեխաներին դուրս բերելը ճիշտ չէ։

«Հուսանք՝ Հայաստանի կառավարությունը կարձագանգի նաև այս տարբերակին և ամենաարագ միջոցներով հալեպահայ ընտանիքները կը բերուին հայրենիք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերերից մեկը։

Հայաստանաբնակ օգտարերերից մեկն էլ հետևյալ առաջարկն է անում․ - «Թող գան Հայաստան, ամեն ընտանիք մի հալեպահայ ընտանիքի հոգ կտանի: Տանիք կունենան, խաղաղ կլինեն: Մենք բոլորս, կարծում եմ, պարտաստ ենք օգնելու»:

Լեռնային Ղարաբաղում բնակվող Հռիփսիմե Քաթայանը ևս պատևաստ է իր հարկի տակ ընդունել սիրիահայերի։ Ասում է, որ Ղարաբղում շատ կան դատարկ տներ, որոնք կարող են հանագրվան դառնալ սիրիահայերի համար։ Հռիփսիմեի հարազատները ևս Հալեպում են՝ ուզում են դուրս գալ, բայց գումար չունեն։ Նա նաև հակադարձում է Հալեպի հայ համայնքի ներկայացուցչի պնդմանը, թե գաղութը լուծարելու քայլին չեն գնա։

«Շատ լավ հասկանում եմ այդ քաղաքականությունը: Բայց չի կարելի անմեղ ժողովրդին զոհ դարձնել հանուն գաղութի կայունության: Եթե ժողովուրդը մեկ ամիս հետո արդեն զոհված լինեն, այլևս ի՞նչ գաղութի կեցության մասին է խոսքը: Եկեք ուշքի գանք: Ուղղակի խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, պետությանը, մեր ղեկավարությանը, մեր ողջ հայությանը, ես խնդրում եմ, ոտքի՛ ելեք, այդ խեղճ ժողովրդին փրկե՛ք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քաթանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG