Մատչելիության հղումներ

Սեֆիլյանին և համախոհներին ազատ արձակելու պահանջով ցույց Պրահայում


Պրահայում բնակվող հայերի կարծիքով, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին կալանավորելով՝ իշխանությունները փորձում են ճնշել այլակարծությունը:

«Հայկական Վերածնունդ» շարժման Պրահայի կազմակերպությունը երեկ Պրահայի հրապարակներից մեկում իրականացրեց «Պահանջում եմ ազատ արձակել» խորագրով բողոքի ակցիան: Պահանջն է՝ ազատ արձակել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչներ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին:

«Բռնադատելով ազգային հերոսներին ու նվիրյալներին՝ իշխանությունը փորձում է ճնշել քաղաքական այլակարծությունը Հայաստանում, ինքնիշխան և արժանապատիվ պետություն ունենալու նրանց և մեր բոլորի իրավունքը», - հայտարարեցին ակցիայի մասնակիցները:

Նրանք ակցիայից հետո քննարկում կազմակերպեցին և անհրաժեշտ համարեցին Սփյուռքի պահանջները՝ Հայաստանի իշխանություններին:

«Անմիջապես ազատ արձակվեն այն քաղաքական ակտիվիստները, որոնք գտնվում են Հայաստանի բանտերում: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 7-ին Երևանում, խոսքս Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունների մասին է, դա պարզապես դեմոկրատական, քաղաքացիական, միջազգային նորմերի ոտնահարում էր, որը Հայաստանին փաստացիորեն բերում է տոտալիտարիզմի», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Սփյուռքի ներկայացուցիչների համար անընդունել է՝ ինչպես կարող են առանց իրավական հիմքերի բանտերում պահել մարդկանց, հատկապես երկրի սահմանները պաշտպանածներին և պետության զարգացման համար պայքարողներին. - «Մեր հերոսները, որոնք իրենց կյանքն են դրել Հայաստանի համար, այսօր գտնվում են բանտերում, իսկ դասալիքները, որոնցից մի քանիսը հենց իշխանությունն են ներկայացնում այսօր, որոնք նույնիսկ ճակատ չեն տեսել, էսօր էդ մարդկանց տանում են բանտ»:

Ակցիային հաջորդած քննարկման մասնակիցները հատուկ ուշադրություն հրավիրեցին հետևյալ հարցին․ - «Այս պահին, երբ ամբողջ աշխարհը խոսում է Ցեղասպանության 100-ամյակի մասին, երբ հպարտանում ենք, որ Գրիգոր Նարեկացուն կոչում տվեցին տիեզերական վարդապետության, իսկ ինչպիսի՞ն է մեր երկիրը, ի՞նչ հեղինակություն ունի, ի՞նչ իշխանություն ունի, անօրինականությունները ինչպիսի՞ չափերի են հասել: Նախևառաջ թող այդ անմեղ քաղաքական բանտարկյալներին ազատեն բանտերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG