Մատչելիության հղումներ

Պուտին. «Չեմ ուզում միջամտել Հռոմի պապի և Թուրքիայի բանավեճին»


Պուտին. «Չեմ ուզում միջամտել Հռոմի պապի և Թուրքիայի բանավեճին»
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00

Թուրքերն ակտիվացնում են դիվանագիտությունը։

«Պապերը մեծ հեղինակություն ունեն»

Ռուսաստանի Դաշնության նախագահը համառուսաստանյան թվով 13-րդ հարց ու պատասխանի ավարտից հետո շարունակել է զրուցել լրագրողների հետ։

«Ուղիղ կապի» ձևաչափն արդեն ավարտվել էր, երբ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ռելիգիա» կայքը, Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձից հետո Վատիկանի և Թուրքիայի միջև ի հայտ եկած լարվածությանը և հույս է հայտնել, որ կողմերն այնկհաղթահարեն։

«Ես չեմ ուզում միջամտել պապի և Թուրքիայի բանավեճին։ Պապերը մեծ հեղինակություն ունեն։ Ես Պապին համարում եմ այնքան հեղինակավոր անձ, ով կարող է գտնել աշխարհի բոլոր մարդկանց հետ բացատրվելու հնարավորություն` անկախ նրանց կրոնական պատկանելությունից»,- ասել է Պուտինը։

Նա խոսել է նաև Անկարայի արձագանքի մասին։

«Համոզված եմ, որ Թուրքիայում կան խելացի և անհրաժեշտ աստիճանի ճկուն մարդիկ, ովքեր ի զորու են պարզել, գտնել խնդիրները և կարգավորել դրանք»,- ասել է Ռուսաստանի նախագահը, ավելացնելով, թե ինքն անձամբ շատ տեղեկություններ այդ իրավիճակի մասին չունի։

Այա Սոֆիան նորից դարձնել մզկի՞թ

Ճկուն մարդկանց կարիքն իրոք նկատելի է։ Թուրքիայում հակահայկական և հակաքրիստոնեական հիստերիան շարունակվում է։

Անկարայի մուֆտի Մեֆաիլ Հիզլին ասել է, թե Հռոմի պապի ուղերձը միայն կարագացնի Այա Սոֆիայի տաճարը մահմեդական աղոթքի համար վերաբացելու խնդրի լուծումը։ Մուֆտիները մահմեդական իրավագետներ են։ Հիզլին պրոֆեսոր է։

Այա Սոֆիան վերստին գործող մզկիթ դարձնելու անհրաժեշտության մասին նա գրավոր հայտարարել է ապրիլի 15-ին։ Հիզլիի պնդմամբ, Հռոմի պապի ուղերձը այս տարածաշրջանում դարեր ընթացող խաչակրաց արշավանքի նոր նրբերանգ է։

«Այս հողում է կանգնել մահմեդական աշխարհի դրոշակակիրը, մեծ թվով թշնամիներ դրսից թե ներսից հարձակվել են նրա վրա, այդպիսի գրոհ է նաև կաթոլիկների առաջնորդի հայտարարությունը հայերի ցեղասպանության մասին»,- գրել է մահմեդական պրոֆեսորը, ավելացնելով, թե Հռոմի պապը չպետք է խառնվեր պատմաբանների աշխատանքին։

Հիզլին նաև կրկնել է թուրքական քաղաքական քարոզի հիմնական թեզն այն մասին, որ 100 տարի առաջ Անատոլիայում տառապանքներ են կրել ոչ միայն հայերն, այլև ուրիշ ազգերը։

Մևլութ Չավուշօղլուն կփորձի համոզել ամերիկացիներին

Մինչդեռ, ապրիլի 24-ին ընդառաջ Անկարան ակտիվացնում է դիվանագիտությունը։ «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» պարբերականի փոխանցմամբ, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վաղը մեկնում է Վաշինգտոն։ Այցը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը։

Չավուշօղլուի հիմնական առաքելությունն է համոզել Բարաք Օբամայի վարչակազմին չհրապարակել Հայոց Ցեղասպանության մասին որևէ հայտարարություն, որում կլինի «genocide» եզրը։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպելու է պետքարտուղար Ջոն Քերրիին, անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսին, Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելին։

Բացի այդ, Չավուշօղլուն կայցելի թուրք-ամերիկյան մշակութային և քաղաքակրթական կենտրոն և կմասնակցի Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի խորհրդաժողովին։

«Հյուրիեթ Դեյլի Նյուզը» նշում է, որ անցած տարիներին Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձներում օգտագործել է «Medz Yeghern» եզրը։

Վիկտորիա Նուլանդը Անկարայում է

Պարբերականը հաղորդում է, որ չորեքշաբթի օրը Անկարա է մեկնել Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, նա արդեն հանդիպել է Թուրքիայի արտաքին գործոց նախարարության փոխքարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։

Նախարարության խոսնակ Թանզու Բիգլիջը հրաժարվել է տեղեկություններ հայտնել հանդիպման օրակարգի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG