Մատչելիության հղումներ

ԱԺ-ն բոլոր երկրների խորհրդարաններին կոչ արեց ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը


ԱԺ-ն բոլոր երկրների խորհրդարաններին կոչ արեց ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարությունը։

Երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և ժխտումը քրեականացրած բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և միջազգային կառույցներին, Հայաստանի Ազգային ժողովն այսօր կոչ արեց մյուս բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական ու միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։

Հայաստանի Ազգային ժողովը դատապարտման կոչ է արեց՝ արժեվորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները։

Հայտարարությունը ընդունվեց միաձայն՝ 113 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ չկար։

Հայտարարությունը հեղինակել էին խորհրդարանի հինգ խմբակցությունների՝ «Ժառանգության», Դաշնակցության, «Օրինաց երկրի», «Բարգավաճ Հայաստանի» և Հանրապետականի մոտ երկու տասնյակ պատգամավորները։

Նախագծի մշակմանը, ինչպես նաև քվեարկությանը չմասնակցեցին խորհրդարանում ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը։ Ավելի վաղ՝ հայտարարության նախագծի քննարկումների ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծիք էր հայտնել, թե չեն կարող արժեվորել հռչակագրի դրույթները, քանի որ դրանք լրջորեն վտանգում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահը։

ՀԱԿ խմբակցության մյուս անդամները՝ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լյուդմիլա Սարգսյանը, ովքեր ՀԱԿ կուսակցության անդամներ չեն, այսօր կողմ քվեարկեցին հայտարարությանը։

Հեղինակներից «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարևորեց ձեռնարկը, ասաց՝ այնտեղ ամրագրված են ապագայի դրույթներ՝ ոչ միայն ճանաչում, այլ փոխհատուցում՝ տարածքային և նյութական։

«Հարյուր տարի մենք լռել ենք, հարյուր տարի մենք չենք ասել աշխարհին, որ ունենք պահանջներ, ոչ միայն, որ պահանջում ենք բարոյական փոխհատուցում, ցեղասպանության ճանաչում, այլ նաև ունենք հստակ քաղաքական պատկերացումներ, թե որն է լինելու հարյուր տարի անց մեր ապագան, մեր ազգային շահը, որը պետք է ներկայացնենք ապագա քաղաքական հարթակներում»։

Հանրապետական Շուշան Պետրոսյանն ուրախ էր, որ ինքն էլ է մասնակցել «այս պատմական հայտարարության ընդունմանը», ասաց՝ ռեալիստ է, Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձն այսօրվա գործ չի համարում։

«Կարծում եմ, այն, ինչ ունենք և այն, ինչ ձեռք ենք բերել, պետք է պահպանենք, Արցախի մասին է խոսքը»,- ասաց նա։

Հայտարարությանը եկել էր կողմ քվեարկելու նաև Թևան Պողոսյանը։

«Մենք ասում ենք՝ եկեք միասին պայքարենք, աշխարհով մեկ, որ այլևս երբեք նման հանցագործությունները չկրկնվեն, իսկ դրա առաջին քայլը ճանաչել և դատապարտելն է»,- ասաց պատգամավորը։

Հանրապետական Հովհաննես Սահակյանի խոսքով՝ 100-րդ տարելիցի շեմին ուղղակի անհրաժեշտ էր այս հայտարարության ընդունումը.- «Մեր խորհրդարանը պետք է անմասն չմնա մյուս խորհրդարաններից, որոնք այս կամ այն կերպ հայտարարություն ընդունեցին, դատապարտեցին Մեծ եղեռնը»,- ասաց նա։

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ այսօր ընդունված հայտարարությունը մեր արտաքին քաղաքականության հետ կապ չունի։

«Արտաքին քաղաքականությունը մշակվում է այլ տեղ, սա մեր մոտեցումն է և մեր կոչն է մեր կոլեգաներին։ Իսկ արտաքին քաղաքականության հիմքում եղել են նույն մոտեցումները անկախության հռչակման պահից։ Եվ կարծում եմ՝ շատ շուտով մենք ականատես կլինենք, որ կամ արտգործնախարարը, կամ նախագահը կմեկնաբանեն այս գործընթացները և մեր արտաքին քաղաքական դոկտրինի հետ դրա առնչվել կամ չառնչվելը»,- ասաց Արզումանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG