Մատչելիության հղումներ

Մեղադրող դատախազը պահանջում է խստացնել Վարդան Պետրոսյանի պատիժը


Մեղադրող դատախազը պահանջում է խստացնել Վարդան Պետրոսյանի պատիժը
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Վարդան Պետրոսյանի գործով մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը այսօր Վերաքննիչ դատարանից պահանջեց ավելի խիստ պատիժ կիրառել դերասանի նկատմամբ՝ պնդելով, որ առաջին ատյանի դատարանի` 5 տարվա ազատազրկման վճիռը մեղմ է:

Մեղադրողն, այդուհանդերձ, այդպես էլ չհստակեցրեց, թե քանի տարվա ազատազրկում է պահանջում վերաքննիչ ատյանից:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, միանալով դատախազի այս պահանջին, հստակեցրեց՝ հարկ է 6 տարվա ազատազրկման դատապարտել Պետրոսյանին և նրան զրկել վարորդական իրավունքից ոչ թե, 2, այլ՝ 3 տարով:

«Դատարանը անարդարացիորեն անտեսել է առաջ եկած վտանգավոր հետևանքների ծավալը, այն է՝ երկու մահ և չորս անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները, որի պատճառով էլ պատժի չափն ընտրելիս հանգել է սխալ որոշման»,- ասաց Բալոյանը։

Մեղադրող կողմն այսօր հերթական անգամ պնդեց, որ երկու տարի առաջ տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի պատճառը Վարդան Պետրոսյանի թույլ տված երկու կոպիտ խախտումներ են։ Ըստ այդ պնդման, նա գերազանցել է թույլատրված արագությունը և վթարից րոպեներ առաջ խոսել է հեռախոսով:

Առաջին ատյանի դատարանում պաշտպանական կողմը հակադարձում էր, որ դրանք ընդամենը վարկածներ են, որոնք այդպես էլ դատարանում չապացուցվեցին:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը իր հերթին պնդում է, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհի բանուկ հատվածում, այլ կողնակում: Վթարի իրական մեղավորին գտնելու համար, ըստ պաշտպանական կողմի, պետք էր ընդամենը ևս մեկ փորձաքննություն նշանակվեր, ինչն այդպես էլ չարվեց:

Բաղդասարյանը նաև պնդեց, որ մեղադրող կողմը չի հիմնավորում պատժի խստացման պահանջը:

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը 13 միլիոն դրամի չափով փոխհատուցում էր պահանջել Պետրոսյանից, որից մոտ 10 միլիոնը տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերի համար: Առաջին ատյանի դատարանը, սակայն, քաղաքացիական այս հայցը առանց քննության էր թողել: Ավելին՝ դատարանը վճիռը կայացնելիս որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի էր առել այն, որ Վարդան Պետրոսյանը 20 հազար դոլար է տրամադրել տուժող կողմին:

Տուժող կողմի ներկայացուցիչը պնդում է՝ դա հուղարկավորության, այլ ոչ թե բուժման ծախսերն են: Պետրոսյանի պաշտպանն էլ հակադարձում է՝ տուժողն ինքն է որոշում՝ ինչ վրա ծախսել տրամադրված գումարը: Հենց այս հարցն էլ հերթական անգամ թեժացրեց կրքերը դատարանում:

«Թող իրա էրեխեքին սպանեն, ես պատրաստ եմ ամեն մեկի համար 50 հազար դոլար տալ։ Էրեխեքիս գլուխը կերել ա, ասում ա՝ լավություն ենք արել»,- ասում էր իրավահաջորդներից մեկը։

Վարդան Պետրոսյանը, ով իր աջակիցներին այս վեճի ընթացքում հորդորում էր չարձագանքել տուժողների ռեպլիկներին, այսօր այդպես էլ խոսելու հնարավորություն չստացավ: Տուժողների փաստաբանը ուշանում էր մեկ այլ նիստից և խնդրեց հետաձգել այս նիստը: Նիկոլայ Բաղդասարյանին չհաջողվեց անգամ 10 րոպեով երկարացնել նիստը՝ իր պաշտպանյալին խոսելու հնարավորություն տալու համար:

Դատարանը որոշեց այդ հնարավորությունը Վարդան Պետրոսյանին տալ մայիսի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG