Մատչելիության հղումներ

Հայ դատ. Նախագահ Օբաման չի ճանաչի ցեղասպանությունը


Ամերիկահայերը պնդում են` ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության հարցում երկրի արտաքին քաղաքականությունը «հանձնել է» Էրդողանին:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը», - հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի պարզ` դավաճանություն ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարում է Հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը` հավելելով. - «Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը, նախագահ Օբաման, ցավոք, ԱՄՆ հեղինակությունն օգտագործում է ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ օտար երկրի տաբուն ամրապնդելու համար»:

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո ամերիկահայերը հայտարարում են` «Օբաման Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը Ռեջեփ Էրդողանին է հանձնել»: Հանձնախումբը միաժամանակ հիշեցնում է, որ մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը նա ամերիկահայերին բոլորովին այլ` հստակ և միանշանակ խոստում էր տվել:

«2008 թվականի հունվարի 19-ի հայտարարությունում Օբաման գրել էր. - «Փաստերն անժխտելի են: Երերուն է այն քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը: Որպես սենատոր` ես վճռականորեն սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը և որպես նախագահ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը», - Օբամայի խոսքերն է մեջբերում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Սպիտակ տունը հայտնել է նաև, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին Միացյալ Նահանգների նախագահական պատվիրակությունը գլխավորելու է ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, դրանում ընդգրկված կլինեն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը, ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի «Կանչելյան» Սփայերը, Ֆրենք Փալոնը, Աննա Էշուն և Դեյվ Թրոթը:

Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Սպիտակ տան որոշմանը՝ նախագահ Օբամայի ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» բառը չօգտագործելուն, ասաց՝ 2015-ով ոչինչ չի ավարտվում, պայքարը Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար շարունակվելու է:

«Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները ևս բարձր մակարդակով ներկայացված է և ավելի շատ ԱՄՆ-ից ակնկալում ենքՀայոց Ցեղասպանության ճանաչում և դատապարտում, և շատ ցանկալի կլիներ, որ այդ գործընթացը չուշանար», - ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ վստահ է, որ վաղ թե ուշ Միացյալ Նահանգները պաշտոնապես կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ասաց՝ Օբաման դեռևս երկու տարի պաշտոնավարելու է ԱՄՆ նախագահի աթոռին և տեսնենք այլ առիթներ արդյո՞ք չի օգտագործի՝ ճանաչելու ցեղասպանության փաստը:

Անդրադառնալով Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների ու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարության հանդիպմանը՝ դաշնակցական գործիչը նշեց․- «Խոսել են ապրիլի 24-ի մասին, խոսել են, որ ինքը չի ասելու, բայց դա չի նշանակում, որ իրենք ակտիվորեն աշխատելու են դեմ, որպեսզի Միացյալ Նահանգների կառավարության տարբեր թևեր նաև չասեն: Դրա համար ես չեմ կարծում, որ այս տարի այդ ճիգը կա, բայց գոնե իմ տպավորությունը դա է, որ իրենք շատ չեն խոչընդոտի, որ Ներկայացուցիչների պալատը հարցը պետք եղած ձևով քննարկի և որոշում կայացնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG