Մատչելիության հղումներ

Բերնարդ Վերբեր. «100 տարի անց, պետք է ստեղծել մի բան, որ հին վերքն այլևս չբացվի ու չկրկնվի»


Բերնարդ Վերբեր. «100 տարի անց՝ պետք է ստեղծել մի բան, որ հին վերքն այլևս չբացվի ու չկրկնվի»
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

«Առջևում նոր սերունդն է, մարդիկ պետք է լինեն երջանիկ», - ասաց ֆրանսիացի հանրաճանաչ գրողը:

«Ցեղասպանությունից 100 տարի անց՝ այսօր երիտասարդության պարտականությունն է ստեղծել մի բան, որ հին վերքն այլևս չբացվի ու չկրկնվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բերնարդ Վերբերը, ով «Գրական տապան» փառատոնի շրջանակում ժամանանել է Հայաստան:

«Ինչպես իմ գործերում եմ ասում, մարդիկ պետք է դառնան համակարգ, ինչպես մեքենան է՝ նայեն ոչ միայն ետևի, այլև՝ առջևի հայելու մեջ», - ասաց Ֆրանսիայի ամենաընթերցվող հեղինակներից մեկը, ում գրքերը թարգմանվել են 30 լեզվով և վաճառվել ավելի քան 20 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում:

«Առջևում նոր սերունդն է, մարդիկ պետք է լինեն երջանիկ: Մի կողմից պետք է անել ամեն ինչ, որպեսզի աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը, սակայն մյուս կողմից՝ պետք է ամեն ինչ այնպես կառավարվի, որ դրա վրա հնարավոր լինի ստեղծել նորը », - ասաց Վերբերը։

Ֆրանսիացի գրողը Հայոց ցեղասպանությունը հիշատակել է նաև իր գործերում: Նրա հերոսներն են դոկտոր Աճեմյանը, Քեշիշյանը: Ասում է՝ շատ հայ ընկերներ ունի Ֆրասնիայում: Իսկ Հայոց հարցին ծանոթ է դեռ փոքրուց: «Մենք հենց դպրոցում սովորում ենք՝ ինչ բան է ճշմարտության իրավունք», - ասաց ֆրանսիացի գրողը։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել, որպեսզի այն այլևս չկրկնվի: Երբ մենք շատ մոտ ենք համակարգին, ոչինչ չենք տեսնում: Մի փոքր պետք է հետ կանգնել ու նայել՝ ավելին հասկանալու համար», - ասաց ֆրանսիացի գրողը՝ հավելելով. - «Կրթություն և գիրք: Ամենակարևոր գործիքներ են: Հաջորդիվ գալիս է երևակայությունը՝ ցավից նոր բան ստեղծել։ Եթե մենք ժամանակին ավելի ուշադիր լինեինք Հայոց ցեղասապնությանը, հետագայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չէինք ունենա հրեաների ցեղասպանություն: Եվ ես վստահ չեմ, որ այն այլևս չի կրկնվի»։

Կանադացի հայտնի ակադեմոս, պոետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 գրքերի հեղինակ Ալան Ուայթհորի կարծքիով, ճանաչման հերթը Թուրքիայինն է։ Ուայթհորը 100-րդ տարելիցի նախաշեմին պատրաստել է 400 էջանոց «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույց»-ը։

«Խնդիրը Թուրքիայի մեջ է, Թուրքիայի կառավարության, և թե ինչ սխալ են նրանք կրթում սերունդներին: Օվկիանոսից այն կողմ ամերիկաբնակ թուրք գիտնականներն այսօր բարձրաձայնում են այս խդնիրը: Նրանք հասկանում են՝ պետք է փոխել Թուրքիայի կրթական համակարգը, որպեսզի հայերի նկատմամբ ատելությունը, բացասկան կարծրատիպերը կոտրվեն», - ասաց ակադեմիկոսը։

Ուայթհորնը 25 տոկոսով հայ է. Ցեղասապնության տարիներին տատիկն է գաղթել Կանադա, մեծացել մանկատանը, ապա ամուսնացել անգլիացու հետ: Հայական հարցով սկսել է հետաքրքվել 80-ականներին, և, ուսումնասիրելով Եղեռնի մասին հասանելի արխիվները, դրանց հիման վրա հոդվածներ հրապարակել ամերիկյան մամուլում:

Նրա խոսքով, եթե անգամ այսօր գերպետություններից շատերը չեն արտաբերում Ցեղասպանություն եզրույթը, դա դեռ չի նշանակում, որ նրանք չգիտեն 1915 թվականի ոճրագործությունների մասին՝ «աշխարհը շատ ավելին գիտի։

«Դեռ 100 տարի առաջ հենց 1915 թվականին, երբ մարդիկ թերթ շատ էին կարդում, «Նյու Յորք Թայմզ»-ը մոտ 120 հոդված էր տպագրել զանգվածային սպանությունների, հայերի տեղահանման և, ինչպես իրենք էին նկարագրել, մի ամբողջ ազգի կոտորածի վերաբերյալ», - ասաց Ուայթհորնը:

Նա նշեց, որ չի սահմանափակվելու Ցեղասպանության մասին հրապարակած 5 գրքերով: Նպատականերից մեկն է՝ հասկանալ Եղեռնի բոլոր մանրամասներն ու պատճառները, փորձել նկարագրել աննկարագրելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG