Մատչելիության հղումներ

Օլանդը և Պուտինը Երևանում «Միստրալ»-ների շուրջ որոշում չեն կայացրել


Ֆրանսու Օլանդի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Երևանում, 24-ը մարտի, 2015թ.
Ֆրանսու Օլանդի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Երևանում, 24-ը մարտի, 2015թ.

Այսօր Երևանում կայացած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների բանակցությունների արդյունքում «Միստրալ»-ների վերաբերյալ որոշում չի կայացվել՝ РИА Новости-ի փոխանցմամբ` բանակցություններից հետո հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:

Ավելի քան մեկ միլիարդ եվրո արժողությամբ ֆրանսիական արտադրության «Միստրալ» ուղղաթիռակիր երկու ռազմանավերի հարցը վերջին շրջանում չի իջնում ռուս-ֆրանսիական օրակարգից: Փարիզը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի պատվերով կառուցված ռազմանավերը չեն կարող փոխանցվել Մոսկվային՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով:

Ֆրանսիայի մայրաքաղաքում Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ երկու օր առաջ կայացած հանդիպմանը Ֆրանսուա Օլանդը հայտարարեց` եթե «Միստրալ»-ները չմատակարարվեն Ռուսաստանին, ապա Փարիզը Մոսկվային կվերադարձնի փոխանցված գումարը։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը այսօր կայացած երևանայան հանդիպմանը խոսել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակից:

«Ռուսաստանի ու Եվրամիության կապերը վատացել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված, սակայն հարկավոր է լավագույն ելքը գտնել իրավիճակից»,- ըստ РИА Новости-ի, ասել է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը առաջարկել է ուկրաինական խնդրից զատ քննարկել նաև Սիրիայում, Իրանում ու Լիբիայում ստեղծված իրավիճակը` ընդգծելով, որ այդ հարցերում Մոսկվան ու Փարիզը կարող են լուրջ դերակատարություն ունենալ: «Մենք ունենք այլ թեմաներ, որտեղ զգացվում է Ռուսաստանի կարիքը, և այդ թեմաներին պետք է միասին հայացք նետենք: Ռուսաստանի ու Ֆրանսիայի դերակատարությունը զգացվում է մի շարք լրջագույն խնդիրների դեպքում՝ Սիրիա, Իրան, ու Լիբիա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն առաջացավ հանդիպել այստեղ՝ Երևանում»,- նշել է Օլանդը:

Իր հերթին Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի ու Փարիզի հարաբերությունները լավագույն մակարդակի վրա չեն, ու հարկավոր է բարելավման ուղիներ գտնել:

Այսօր օրվա երկրորդ կեսին Երևանում կայացել է նաև Սարգսյան-Պուտին հանդիպումը: Հյուրընկալելով Ռուսաստանի նախագահին՝ Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան «հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG