Մատչելիության հղումներ

Շիշլիում հարգեցին 2011թվականին թուրքական բանակում սպանված հայազգի զինվորի հիշատակը


Այսօր գերեզմանատանը հավաքվել էին նրա հարազատները, բարեկամները, ընտանիքի անդամները։

Այսօր Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը ընթացավ 2011 թվականին Թուրքիայում սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի հիշատակի արարողությունը։

Հայազգի զինծառայողը սպանվեց, զինվորական ծառայության ժամանակ՝ իր ծառայակցի կողմից, 2011 թվականի ապրիլի 24-ին։

Այսօր գերեզմանատանը հավաքվել էին հարազատները, բարեկամները, նրա ընտանիքի անդամները՝ հարգելու Սևակ Շահին Բալըքչըի, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Ազատության» հարցին, թե Թուրքիայի և թուրք հասարակության համար ի՞նչ է նշանակում ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության 100-ամյակը, գերեզման այցելած թուրք զրուցակիցը պատասխանեց. - «Բոլորս պետք է սուգ պահենք, քանզի 100 տարի առաջ մենք սպանեցինք մեր եղբայրներին։ Ես այստեղ կարիք զգացի իմ հայ բարեկամների, հարազատների կողքին լինել, այդ պատճառով էլ Ստամբուլում եմ»։

Մեկ այլ՝ հայազգի զրուցակիցն «Ազատության»-ը ասաց, որ հարցից բոլորը լավատեղյակ են, նաև թուրքերը. - «Տպավորություններն այն են, որ միջոցառումները կարող են լինել բազմաշատ, բազմամարդ, չնայած՝ Ստամբուլում են։ Ես մասնակցել եմ երեք միջոցառման, այս միջոցառումը չորրորդն է։ Ամեն մի միջոցառման ընթացքում մոտավոր 300 հոգի մասնակցել է։ Եվ դա վատ ցուցանիշ չէ հենց մասսայականության տեսանկյունից։ Ուրիշ խոսք, որ Ստամբուլով զբոսնելիս մենք տեսնում ենք տարբեր պլակատներ որտեղ գրված է, որ «Ցեղասպանություն չի եղել, դա սուտ է», տենց մարդիկ կան, բայց մենք մեր գործն առաջ ենք տանում և հայկական այդ soft power (փափուկ դիվանագիտություն) ասվածն այստեղ շատ լավ աշխատում է, և ես հույս ունեմ, որ ավելի կուժեղանա Ստամբուլում։ Եվ մենք կհասնենք մեր նպատակին»։

Հարցին, թե արդյո՞ք ընդհանուր մթնոլորտի մեջ զգացվում է ժխտողականությունը, որը պաշտոնական Անկարայի հռետորաբանության մեջ ենք տեսնում, զրուցակիցը պատասխանեց. - «Բարեբախտաբար հիմա ժխտական որևէ բան չի պատահել, մանավանդ որ դրսից բավականին շատ հյուրեր ունենք 100-ամյակի պահով։ Գիտեմ, որ այս մասին շատ կմտածեին,թե արդյոք ոստիկանությունը անվտանգություն կապահովի, բայց ամեն բան իր ձևով կընթանա»։

Գերեզման այցելած հայազգի երիտասարդներից մեկն էլ ասաց՝ եթե Հայաստանում դպրոցներում եմ սովորեցնում Ցեղասպանության մասին, իրենք Թուրքիայում՝ տներում ենք սովորել, թե ինչ է եղել 100 տարի առաջ։ «Հիմա 100 տարի է այս ժողովուրդը սովորեց այս ժխտողականությունը, հակահայությունը։ Դժբախտաբար, մեր հայության մեջ էլ հակաթուրքություն կա։ Այս հակահայությունը ժողովրդի մեջ հայ բառը որպես հայհոյանք է գործածվում», - ասաց երիտասարդը։

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG