Մատչելիության հղումներ

«Միջազգային կարծիքի դաշտում Հայաստանը առավելություն ունեցավ Թուրքիայի նկատմամբ»


Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևան, 24-ը ապրիլի, 2015թ․
Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևան, 24-ը ապրիլի, 2015թ․

Քաղաքական վերլուծաբանը և իշխող կուսակցության ներկայացուցիչը մեկնաբանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ զարգացումները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանը պետք է իր առջև հարց դնի, թե դեպի ուր է շարժվում այսուհետ, ասում է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Կարևորելով թե՛ Վատիկանում, թե՛ եվրոպական կառույցներում ու Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևերն ու արված հայտարարությունները, Սաֆարյանը կարծում է, որ այս օրերին միջազգային կարծիքի դաշտում Հայաստանը առավելություն ունեցավ Թուրքիայի նկատմամբ:

«Նույն միջազգային մամուլի արձագանքը, նույն հայտնի դեմքերի վրա բևեռված համաշխարհային, այսպես ասեմ, հայացքները, թերևս, բավականին ամրապնդեցին Թուրքիայի վրա փակցված պիտակը՝ ցեղասպանի և ոճրագործի, մերժողի, և այս առումով Անկարան, թերևս, միգուցե չէր էլ սպասում, որ նման հետևանքներ կունենան այս միջոցառումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբանը:

Սաֆարյանի համոզմամբ՝ Թուրքիայի շուրջ ստեղծված մթնոլորտից անհրաժեշտ է որոշակի քաղաքական արդյունքներ ստանալ՝ ինչպես, օրինակ, հայ - թուրքական սահմանի բացումը: Վերլուծաբանի բնորոշմամբ՝ միջազգային հանրությունն իր դիրքորոշումներով հասկացրեց Թուրքիային, որ այդ պետությունն իր արտաքին քաղաքականությունը վերանայելու խնդիր ունի:

«Եթե մենք ընդունենք, որ արևմտյան աշխարհը հատկապես էդպիսի նպատակ է դրել՝ ստիպել Թուրքիային վերանայել իր քաղաքականությունը, ապա Հայաստանը նույնպես պիտի փորձի ձևը գտնել, տեղը գտնել՝ էդ վերանայված քաղաքականության մեջ դնելու Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականության վերանայման խնդիրը», - ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ պարզաբանելով․ - «Ոչ թե պետք է նստենք և սպասենք, թե ինչպես է Անկարայի և Երևանի փոխադարձ թշնամանքը խորանում, այլ այնպես ուղղորդվի միջազգային ճնշումը, որ Անկարան հասկանա, որ եթե անգամ պատրաստ չէ կամ չի կարող կամ չի ուզում ճանաչել Ցեղասպանությունը, գոնե պետք է վերջ տա Հայաստանի շրջափակման քաղաքականությանը»:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ ճիշտ դիվանագիտության շնորհիվ ի վերջո կարելի է հասնել Ցեղասպանության ճանաչմանն ու հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս 2009 թվականին, երբ ստորագրվեցին հայ - թուրքական արձանագրությունները, Հայաստանը պատրաստ էր սահմանի բացմանը առանց նախապայմանների:

«Իհարկե, շատ կարևոր է, որ սահմանները բացվեն՝ տնտեսապես շատ ավելի արդյունավետ իրավիճակ կլինի, բայց նորից պետք է նշենք և ևս մեկ անգամ ամրագրենք, որ չի կարող լինել որևէ նախապայմանի առկայության պարագայում: Հետևաբար, պետք է նաև էստեղ իրենց գործողությունները, քայլերը կատարեն նաև այն գերտերությունները, ովքեր այդ ստորագրությունները դնելու ժամանակ կանգնած էին հետնամասում», - ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ իշխանությունները կփորձեն օգտագործել Ցեղասպանության հարցում ունեցած ձեռքբերումները ներքաղաքական կյանքի ակտիվացումը զսպելու համար, չնայած, ըստ նրա, ընդդիմադիր դաշտում գործող կուսակցություններն այսօր թուլացած ու ջլատված են:

«Իհարկե, հիմա իշխանությունը փորձելու է կրկին ներքին քաղաքական պրոցեսները զսպել՝ այն պատրվակով, որ անավարտ է, և Ցեղասպանության հետ կապված զարգացումները դեռևս առջևում են, որովհետև մի քանի կարևոր այդպիսի ժամկետներ կան, բայց նա կփորձի նաև հանրության դաշտում ուժեղացնել իր դիրքերը՝ այս շրջանում տեղի ունեցած կապիտալը ներկայացնելով որպես իր ձեռքբերում», - ասաց քաղաքական վերլուծաբանը՝ ամփոփելով․ - «Թերևս, էս առումով ընդդիմության գործը մի փոքր կբարդանա»:

Մինչդեռ իշխող կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը կարևոր է համարում, որ հայ հանրությունը համախմբված մնա նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո: «Դա կօգնի ամրապնդել մեր դիրքերը միջազգային ասպարեզում», - ասում է նա:

«Պետք է այս դրական էներգետիկան, այս համախմբված իրավիճակը, մեր ազգի կոնսոլիդացիան, որը տեղի ունեցավ այս վերջին օրերի, ամիսների ընթացքում, ճիշտ օգտագործել և տանել նրան, որ ավելի ուժեղանանք, ավելի հզորանանք՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս, թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքական առումով, որպեսզի կարողանանք նաև աշխարհին ներկայանալ ավելի ուժեղ դիրքերից և ավելի պահանջողի դիրքերից», - հայտարարարեց Հովհաննես Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG