Մատչելիության հղումներ

«Նեմցովի ցուցակ»՝ «Մագնիտսկու օրենքի» շրջանակում


Ռուսաստան - Մոսկվացիները ծաղիկներ են տեղադրում Բորիս Նեմցովի սպանության վայրում, 7-ը ապրիլի, 2015թ․
Ռուսաստան - Մոսկվացիները ծաղիկներ են տեղադրում Բորիս Նեմցովի սպանության վայրում, 7-ը ապրիլի, 2015թ․

Ռուսաստանի ընդդիմությունը պաշտոնական Վաշինգտոնին կոչ է անում պատժել ռուսաստանցի այն հեռուստալրագրողներին, ովքեր մասնակցել են Կրեմլի պատերի մոտ սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դեմ արշավին:

Արևմուտքի դեմ Ռուսաստանի տեղեկատվական պատերազմի շուրջ անցած շաբաթ ամերիկյան Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ընթացքում ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Միխայիլ Կասյանովը ամերիկացի կոնգրեսականներին է ներկայացրել ութ անձանց անուններ, ովքեր հեռուստատեսության միջոցով իրենց կոչերով կոպտորեն խախտել են մարդու իրավունքները՝ տվյալ դեպքում՝ Բորիս Նեմցովի, ինչպես նաև ատելության մթնոլորտ են ստեղծել ընդդիմադիր գործչի անվան շուրջ:

Կասյանովը ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպմանը պնդել է, մասնավորապես, որ այդ ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանել՝ արգելել մուտքը Միացյալ Նահանգներ, արգելել ամերիկյան ակտիվների, հաշիվների օգտագործումը, ինչպես նաև սեփականության ձեռքբերումը:

Ցուցակում ընդգրկված ութ ռուսաստանցիները հեռուստատեսության հետ կապ ունեցող անձինք են՝ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Օլեգ Դոբրոդեևը, ՆՏՎ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը, «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը, լրագրողներ Արկադիր Մամոնտովը, Կոնստանտին Սյոմինը, Վլադիմիր Սոլովյովը, Անդրեյ Կարաուլովը, ինչպես նաև հեռուստահաղորդավար և Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը:

Չնայած ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղումն արգելում է խոսքի ազատության սահմանափակումն ու լրագրողների հետապնդումը, այդուհանդերձ, ավելի վաղ Վաշինգտոնը չէր բացառել նման հնարավորությունը՝ պայմանավորված Նեմցովի սպանությամբ: Բացի այդ, նշված անձինք ոչ թե լրագրողներ են, այլ՝ քարոզիչներ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծել է Կասյանովը:

«Մենք նրանց լրագրողներ չենք համարում, այլապես նրանց չէինք ներառի այդ ցանկում: Նշված ութ անձինք, որոնց անունները փոխանցել ենք ամերիկյան օրենսդիրներին, քարոզիչներ են և որևէ ընդհանրություն չունեն լրագրության հետ», - մասնավորապես ասել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը:

Ռուս ընդդիմադիրների պատրաստած փաստաթուղթը կոչվում է «Բորիս Նեմցովի նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային կոչերի ապացույցներ և օրինակներ»: Հեղինակները հիշեցրել են, օրինակ, Կոնստանտին Սյոմինի խոսքերը․ - «Գերմանացիների [ռուսերենում` «նեմցի»]՝ 1941 թվականին Մոսկվա մտնելու դեպքում հավանաբար նրանց կդիմավորեր ինչ-որ Նեմցով»:

Իսկ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը իր հաղորդումներից մեկում Բորիս Նեմցովին անվանել է «գող»:

Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ «Նեմցովի ցուցակը» հանձնվել է «Մագնիտսկու օրենքի» շրջանակում:

Հիշեցնենք՝ այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակը» Միացյալ Նահանգներում ընդունվել է 2012-ի դեկտեմբերին: Օրենքը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր, ըստ Վաշինգտոնի, մեղսակից են ռուսաստանյան քրեակատարողական հիմնարկում իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը: Այս օրենքի 404-րդ կետը պահանջում է ամերիկյան վարչակազմից ջրի երես հանել այն անձանց, ովքեր պատասխանատու են իրավաբանի նկատմամբ կիրառված բռնության ու նրա մահվան համար, ինչպես նաև արտադատարանային հաշվեհարդարների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար:

Ըստ Կասյանովի՝ իրենց ներկայացրած ութ անձինք միանգամայն համապատասխանում են ամերիկյան օրենքի 404-րդ կետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG