Մատչելիության հղումներ

Խորհրդարանը սկսեց քննարկել ՀԱԷԿ-ի վերազինման համար ՌԴ-ի հետ կնքված համաձայնագրերը


Խորհրդարանը սկսեց քննարկել ՀԱԷԿ-ի վերազինման համար ՌԴ-ի հետ կնքված համաձայնագրերը
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00

Կառավարությունը ցանկանում է 10 տարով երկրարաձգել Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:

Կառավարությունը ցանկանում է 10 տարով երկրարաձգել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը և, 2016 թվականին էկերգաբլոկը կանգնեցնելու փոխարեն, այն վերազինել, վերանորոգել և աշխատեցնել մինչև 2026 թվականը:

Շահագործումը երկարաձգելու նպատակով մոտ 4 ամիս առաջ համաձայնագրեր են կնքվել Ռուսաստանի կառավարության հետ՝ ակնկալելով 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոնի դոլարի դրամաշնորհ:

Օրենսդիրների սեղանին այսօր այդ համաձայնագրերն էին դրված: «Հաշվարկները դեռ վերջնական չեն», - նշեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը՝ հավելելով, որ առաջիկա մեկուկես տարվա ընթացքում պետք է ուսումնասիրություններ կատարեն՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է երկրորդ էներգաբլոկի կյանքը 10 տարով երկարաձգել:

«Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, և գնահատականները լինեն դրական, և մենք ամբողջ ծավալով կիրականացնենք միջոցառումները, մենք հնարավորություն կունենանք աշխատել մինչև 2026 թվականը ներառյալ», - ասաց Գալստյանը:

Փոխնախարարի խոսքով՝ այժմ ստիպված են ուղիներ փնտրել էներգաբլոկի կյանքը ևս 10 տարով երկարացնելու համար: Ատոմակայանի նոր բլոկի շինարարությունը միայն 2018-ին է սկսվելու և կավարտվի հավանաբար 2027 թվականին․ - «Քանի որ մեզ չհաջողվեց նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը սկսել նախանշված ժամկետներում, մենք փաստորեն այս քայլը կատարել ենք ստիպողական: Մոտակա տարիների ընթացքում եթե մենք չունենանք նոր բլոկ և այս գործող բլոկը մենք կանգնեցնենք, ապա մենք ունենալու ենք բազիսային հզորությունների լուրջ դեֆիցիտ»:

Նա հավելեց, որ 270 միլիոն ռուսաստանյան վարկն ի վերջո սպառողն է փակելու․ - «Երբ մենք սկսենք արդեն վերադարձնել գումարը 2019 թվականից, դա մոտավորապես խոսքը գնում է 2.6, 2.5 դրամ մեկ կիլովատտ/ժամի համար: Այդպիսի թանկացում կունենանք»։

Ավելի վատ վիճակ կստեղծվի, սակայն, եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ երկրորդ էներգաբլոկի շահագործումը հնարավոր չէ ևս 10 տարով երկարաձգել: Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, ստիպված են լինելու հույսը դնել ջերմային կայանների վրա, որոնց արտադրած էլեկտրաէներգիան մոտ երեք անգամ ավելի թանկ է, քան ատոմակայանի արտադրածը: Գուցե փորձեն նաև էլեկտրաէներգիա գնել Վրաստանից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ խորհրդարան բերված պայմանագրերը ռազմավարական նշանակություն ունեն, ուստի դժվար թե որևէ խմբակցություն որոշի դեմ քվեարկել: Միևնույն ժամանակ, ըստ Զոհրաբյանի, ատոմակայանի հետ կապված շատ հարցերի պատասխաններ հանրությունը չունի․ - «Ձերբակալվեց ատոմակայանի փոխտնօրենը լրջագույն չարաշահումների համար: Պատասխան հնչեց, որ դեռևս քննություն է գնում: Ես ասացի՝ ի վերջո հանրությանը պետք է տրամադրվի՞ հստակ տեղեկատվություն, թե պետության հասցված վնասը ինչքան է եղել: Ի վերջո պետությանը հասցված ցանկացած վնաս դուրս է գալիս հարկատուների քթից: Ի վերջո մեր երկրում պիտի գործի՞ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը»:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս համարում է, որ ատոմակայանի վերազինումը Հայաստանի անվտանգությանն առնչվող շատ կարևոր խնդիր է: Սակայն չպարզաբանված բազում հարցեր կան․ - «Կա այստեղ շատ մեծ խնդիր: Մինչև այս պահը վստահաբար բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ ռուսական կողմը, ով իրացնում է կառավարումը, կառավարումը կատարում է ոչ-էֆեկտիվ և ոչ-բարեխիղճ: Դրա հետ կապված կան բազում փաստեր՝ այդ թվում նաև չարաշահումների հետ կապված քրեական գործ: Եվ այն փաստաթուղթը, որ ներկայացվել է Ազգային ժողովին, շատ հում փաստաթուղթ է: Նույն ներկայացնողը հստակ նշեց, որ հստակ ոչինչ չկա․ իրենք չգիտեն ինչքան գումար կպահանջվի, իրենք չգիտեն անվտանգության խնդիրներն ինչպես կլուծվեն, իրենք տեղեկացված չեն, թե ինչպես է կազմակերպվելու այդ ողջ գործընթացը: Փաստացի, ներկայացնելով այդ փաստաթուղթը, անհրաժեշտություն են համարում այդ գումարի ներգրավումը, որը ես գտնում եմ, որ որոշակի առումով իրոք անհրաժեշտ է, բայց որևէ վերլուծություն չեն անում»:

Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) ևս խոսեց առկա մտահոգություններից, սակայն ասաց, որ ատոմակայանի կյանքը ևս 10 տարով երկարաձգելն այլընտրանք չունի․ - «Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ հետագայում այս կարգի հաշվարկները պետք է շատ ավելի հստակ արվեն, իրազեկված լինի բնակչությունը, անակնկալների չգա, նաև կարողանա համարժեք վճարունակություն ապահովել»:

XS
SM
MD
LG