Մատչելիության հղումներ

Հայաստանյան օրենքների և դրանց կիրառության միջև «շատ մեծ խզում կա»


Հայաստանյան օրենքների և դրանց կիրառության միջև «շատ մեծ խզում կա»
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Հայաստանյան օրենքների և դրանց կիրառության միջև «շատ մեծ խզում կա»

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻ) ծավալուն զեկույցով գնահատել է օրինավորությունը Հայաստանում 2014 թվականին, այսինքն ինչպես են պետական, հանրային և քաղաքացիական ինստիտուտները նպաստում կոռուպցիայի կանխարգելմանը, արդյոք թափանցի՞կ են աշխատում, թե՝ ոչ:

Ուսումնասիրվել են, զեկույցի բնորոշմամբ, օրինավորության 13 սյուները՝ իշխանության բոլոր ճյուղերը, իրավապահ համակարգը, հանրային հատվածը, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցներն ու բիզնեսը։ Հիմնական եզրակացությունը հետևյալն է՝ չնայած բավական լավ օրենսդրությանը, դրա կիրառումը նույնքան լավը չէ, ասում է ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։

«Հենց այս ուսումնասիրությունը համեմատում է օրենքը և իրականությունը, ինչպես է պրակտիկայում կիրառվում։ Դժբախտաբար, շատ մեծ խզում կա»,- ասաց Հոկտանյանը։

ԹԻ փոխնախագահ Ելենա Պանֆիլովան էլ հավելում է՝ Հայաստանի հիմնական խնդիրը եթե ոչ առաջընթացի լիակատար բացակայությունն է, ապա դրա դանդաղ ընթացքն է կոռուպցիայի կրճատման տեսակետից:

«Հակակոռուպցիոն վերահսկիչ դերակատարության առումով ամենաթույլ կառույցները քաղաքացիական հասարակությունն և լրատվամիջոցները են։ Սա մտահոգիչ է»,- նշում է Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով՝ դատական համակարգը ևս անկախության պակաս ունի և խոցելի է կոռուպցիայի նկատմամբ:

Վիճակի հիմնական պատճառներն, ըստ Հոկտանյանի, մոնոպոլիզացիան է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դաշտում:

«Քաղաքական-տնտեսական դաշտերի մոնոպոլիզացիան է, քաղաքական-տնտեսական վերնախավի սերտաճում, ընտրությունների մեխանիզմների չգործել և այլն»,- թվարկում է նա։

Սա օրինավորության վերաբերյալ հակակոռուպցիոն կենտրոնի առաջին զեկույցը չէ։ Եթե համեմատենք 2012 թվականի ուսումնասիրության հետ, պարզվում է հիմնական խոշոր հետընթացը երկու ոլորտում է տեղի ունեցել՝ դատական և իրավապահ համակարգերում:

«Կտրուկ փոփոխություն չի եղել, բայց նահանջը կա, դա շոշափելի նահանջ է»,- ասաց Հոկտանյանը։

Մնացած ոլորտներում հիմնականում փոքր առաջընթաց է գրանցվել. զեկույցում դրական փոփոխությունների տեսքով արտացոլվել են քաղաքացիական հասարակության վերջին տարիների ձեռքբերումները՝ Մաշտոցի պուրակը, տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարն ու «Դեմ եմ» շարժումը:

Ազգային օրինավորության ուսումնասիրությունը ԹԻ-ն իրականացրել է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ Արևելյան գործընկերության բոլոր երկրներում, բացի Բելառուսից։ ԹԻ փոխնախագահ Ելենա Պանֆիլովան ասում է՝ ուսումնասիրված երկրներում շատ տարբեր իրավիճակներ են, զեկույցների նպատակն էլ մի երկիրը մյուսի հետ համեմատելը չէ, այլ յուրաքանչյուր երկրի խնդիրները վեր հանելն ու առաջարկներ ներկայացնելը: Միավորող խնդիրներ, այնուամենայնիվ, կան՝ դատական իշխանության վատ որակը և թղթին մնացող օրենքները:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասում է՝Եվրամիությունը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը, որ հակակոռուպցիոն մշակվող ռազմավարությունը, հայեցակարգը սկսեն իրագործվել այն ձևաչափով, որը արդյունքներ կտա:

«Այդ պատճառով մենք անհամբեր սպասում ենք տեսնելու, թե ինչպես կիրագործվի այս համագործակցությունը: Մենք ողջունում ենք նախնական քայլերը, սակայն մենք սպասում ենք տեսնելու արդյունքները»,- ասաց Հրիսթեան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG