Մատչելիության հղումներ

«Մինչև գյուղն ու գյուղատնտեսությունը չզարգանա, Հայաստանի տնտեսությունն առաջ չի գնա»


Ղարիբջանյան գյուղի բնակիչները՝ դաշտում, 2-ը մայիսի, 2015թ.
Ղարիբջանյան գյուղի բնակիչները՝ դաշտում, 2-ը մայիսի, 2015թ.

Ղարիբջանյանցիները դժգոհ են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունից:

Գյուղացիներին այս օրերին ավելի հաճախ դաշտերում կհանդիպես, քան գյուղերում. գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, գյուղացիներեն էլ անում են այն, ինչ կարողանում են: Շատերն առհասարակ հողը մշակելու հնարավորություն չունեն, և իրենց հողատարածքները կամ անմշակ են թողնում, կամ էլ՝ վարձակալությամբ հանձնում ուրիշներին:

Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի հողատարածքներում վարուցանք անող գյուղացիները հիմնականում դժգոհում են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունից: Ասում են՝ Կառավարության ձեռնարկած քայլերը ոլորտի զարգացում չեն ապահովում: Գյուղացիները համոզված են՝ մինչև գյուղն ու գյուղատնտեսությունը չզարգանա, Հայաստանի տնտեսությունն առաջ չի գնա:

«Գյուղացին գումար չունի ձեռքը, որ հողի վրա ծախսի», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։ Դաշտում աշխատող նրա ընկերներից մեկ էլ հավելեց. - «Գոնե օգնեն՝ պարարտանյութը, թունաքիմիկատը, սերմացուն գոնե մի քիչ էժանացնեն»։

Զրուցակիցների մեծ մասը վարկով է վարուցանք անում: «Դե եթե վարկ չվերցնենք, ինչո՞վ պիտի պահենք։ Կվերցնենք, կցանենք, հետո պետության փողը կտանք, ինչ էլ մնաց՝ մեզ մնաց։ Եթե տարին բարենպաստ եղավ, փառք Աստծո, աշխատանքն առաջ կերթա, բայց եթե չեղավ, կեսն էլ պետք է անասունը ծախենք, որ էդ պարտքերը փակենք», - ասաց գյուղացին։

Գյուղերի մեծ մասը, այսպես ասած, «վարկի տակ է»։ Գյուղացին հողի մեջ վարկով գումար ներդնելը ռիսկային է համարում։ Ասում է՝ կարկուտը կարող է առանց եկամուտ թողնել:

Ղարիբջանյանցիներն անցած տարի դաշտից բերքի կեսն են տուն տարել, մնացածը կարկուտի բաժին է դարձել: Նրանք դժգոհում են, ասում են՝ պետությունը նույնիսկ այդ հանգամանքը հաշվի չառավ ու վարկերը չսառեցրեց:

«Անցած տարի երկու անգամ զարգեց կարկուտը, խոստացան օգնություն, բայց ոչ մի օգնություն էլ չտվին գյուղացուն։ Գյուղացին իրա ուժերով պայքարեց», - ասաց գյուղացիներից մեկը։

Մեկ այլ Ղարիբջանյանցի էլ հավելեց. - «Անցած տարի կարկուտն էկավ սաղ տարավ, ամենքին 4-5 մեշոկ պարարտանյութ տվեցին, աշունն եկան փողերը հավաքին տարան։ Էդ ի՞նչ օգնություն եղավ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG