Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում ներկա կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը


Վաշինգտոնում մայիսյան այս օրերին հնչեց հայկական երաժշտություն և ներկայացվեցին հայկական ժողովրդական պարեր:

Մի քանի օր անց Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում էկումենիկ աղոթքով կսկսվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի խոսքով, Ազգային մայր տաճարում մայիսի 7-ին կայանալիք էկումենիկ աղոթքը Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիմնական և խոշորագույն միջոցառումն է լինելու:

«Հավաքվելու են Միացյալ Նահանգների բոլոր նահանգներից հայեր, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ: Երկու վեհափառները նույնպես մասնակցելու են միջոցառմանը, ինչպես նաև ՀՀ նախագահը», - ընդգծեց դեսպանը:

Անդրադառնալով Մայր տաճարում այս օրերին անցկացվող հայկական միջոցառումներին՝ դեսպանը նշեց․ - «Այս միջոցառումը հնարավորություն է տալիս այս ոլորտում ևս ներկայացնել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեր միջոցառումները և խորհրդանիշը: Հատկանշական է, որ շատ մարդաշատ է հենց մեր ծաղկեպսակի մոտ, որովհետև այն բացառիկ հաջողված ցուցադրություն է ստացվել, և բոլոր այցելուները շատ բարձր են գնահատում այս փոքրիկ հայկական տաղավարը, որը տեղադրված է հենց կենտրոնական տաճարում, որտեղ մի քանի օր անց հանդիսավոր միջոցառում է տեղի ունենալու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին»:

Հայկական միջոցառումների շրջանակներում «Արև» հայկական պարի համույթը ներկայացրեց հայկական ավանդական պարերը, ինչպես նաև ներկաներին սովորեցրեց հայկական պարի հիմնական կանոնները:

«Վարդանանց դուստրեր» կազմակերպությունը հայկական ավանդական տարազներն ու մշակութային արժեքների մասին պատմող նյութեր ներկայացրեց, ինչպես նաև համեղ հայկական քաղցրավենիքներ հյուրասիրեց:

Գերմանացի Անսելի և Վենեսուելայում ծնված Էնջելայի համար սա հայկական քաղցրավենիք համտեսելու առաջին փորձն էր. - «Հայկական քաղցրավենիքները, որ նոր փորձեցինք, այնքան համեղ էին, որ այժմ ցանկանում ենք կրկին համտեսել»:

Անսելն իր հերթին հավելում է, որ թեև Հայաստանում չի եղել, սակայն Գերմանիայում իրեն ռուսերեն սովորեցնող ուսուցիչը հայ էր, որը դասերի ընթացքում նաև Հայաստանի մասին էր պատմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG