Մատչելիության հղումներ

Թբիլիսիին մտահոգում է Հայաստանի և Հարավային Օսիայի խորհրդարանների նախագահների հանդիպումը


Թբիլիսիին մտահոգում է Հայաստանի և Հարավային Օսիայի խորհրդարանների նախագահների հանդիպումը
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Հայկական կողմը շեշտում է, որ հանդիպումը մասնավոր է եղել:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն այսօր ճեպազրույցում ասել է, որ եթե հաստատվի Հայաստանի խորհրդարանի նախագահի և «Ցխինվալիի խամաճիկային ռեժիմի» ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը, ապա պաշտոնական Թբիլիսին համարժեք արձագանք կտա:

«Այդ տեղեկատվությունը տարածել է օսական կողմը: Այլ աղբյուրներ մենք չենք տեսել, լուրը հաստատված չէ: Այդ մասին տեղյակ է մեր դեսպանատունը: Մենք դեռ փորձում ենք ճշտել՝ որքանով է այն համապատասխանում իրականությանը», - ասել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը՝ ընդգծելով. - «Եթե նման հանդիպման մասին լուրը հաստատվի, ապա մենք, անշուշտ, համարժեք կարձագանքենք մեր ունեցած բոլոր հնարավոր միջոցներով: Մեր արձագանքը անպայման կհետևի դրան»:

Ինչ վերաբերում է արձագանքելու ձևերին, ապա Կերեսելիձեն մի քանի տարբերակ է թվարկել. - «Նոտա, բողոք, դեմարշ, դիմում, խորհրդակցություններ և հանդիպում դեսպանի հետ»:

«Տեսնենք, թե տվյալ տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը: Առաջ չվազենք», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի արտգործնախարարության խոսնակը:

Վրացական կողմի մտահոգություններին անմիջապես հետևեց պաշտոնական Երևանի պարզաբանումը: Հանդիպման մասին լուրը հայկական կողմը հաստատեց, սակայն նշելով, որ դա մասնավոր հանդիպում է եղել:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպման մասին ԱԺ-ի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Արմենպրես» պետական գործակալությանը ասել է․- «Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ: Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձանց միջև մասնավոր հանդիպումները որևէ առնչություն չունեն քաղաքական դիրքորոշումների հետ»:

Ամեն դեպքում, հաղորդագրություններից պարզ չէ, որ երբ և որտեղ է կայացել հանդիպումը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հաղորդում է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի և Անատոլի Բիբիլովի հանդիպման մասին: Կիրակի օրը Բիբիլովի գլխավորած հարավօսական պատվիրակությունը, որը դիտորդական առաքելությամբ Ղարաբաղում էր, Ստեփանակերտում հանդիպել է Ղարաբաղի խորհրդարանի նախագահին:

Աշոտ Ղուլյանն ասել է, որ Հարավային Օսիայի խորհրդարանի և դիտորդական առաքելության հետ համագործակցությունը կարևոր է պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման տեսանկյունից:

Բիբիլովը ընդգծել է ընտրությունների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կարևորությունը:

Կիրակի օրը Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրություններին Ստեփանակերտը դիտորդներ էր հրավիրել նաև Հարավային Օսիայից:

Հիշեցնենք՝ 2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմի արդյունքում Հարավային Օսիան անջատվեց Վրաստանից: Ավելի ուշ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը, իսկ այս տարի Մոսկվայի և Ցխինվալիի միջև ստորագրվեց «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» պայմանագիրը:

Վրաստանը և Արևմուտքը չեն ճանաչում Հարավային Օսիայի, ինչպես նաև Աբխազիայի անկախությունը՝ այդ տարածքները համարելով Վրաստանի անքակտելի մաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG