Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետի գլխավորած կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը խորհրդարանում


Լեռնային Ղարաբաղի նոր խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Նախնական արդյունքների համաձայն, Լեռնային Ղարաբաղի վեցերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 կուսակցություն, երկուսը՝ ընդդիմադիր:

ԿԸՀ-ի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիքը» ստացել է ձայների մոտ 48 տոկոսը և կպահպանի մեծամասնությունը: Մեծությամբ մյուս երկու ուժերը ևս իշխանական ճամբարից են՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու Դաշնակցությունը: Ընդդիմությունը նոր գումարման խորհրդարանում երեք ձայն կունենա, մեկը՝ «Ազգային վերածննդից», երկուսը՝ «Շարժում 88»-ից:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն «Ազատության» հետ զրույցում դժգոհեց արդյունքներից՝ պնդելով, թե ռեսուրսների սահմանափակումը և իշխանությունների ճնշումները թույլ չտվեցին հավասար պայմաններ ապահովել: Եվ թեև ձայները որոշիչ չեն, բայց մտադիր են համագործակցել ընդդիմադիր գործընկերների հետ և առաջին հերթին ամրապնդել խորհրդարանի վերահսկողական գործառույթը:

«Երկրորդը՝ պարտադիր հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը: Արցախում վերջին 5 տարին հատկապես խորհրդարանական ոլորտը հրապարակային չի եղել, մեր՝ խորհրդարան մուտք գործելով, քաղաքականությունը դառնալու է հրապարակային: Մենք պնդելու ենք հարկային համաներման վրա, որպեսզի տույժերն ու տուգանքները ներվեն, և աշխատելու ենք ընդհանուր առմամբ հասարակության ինքնակազմակերպման առումով: Կփորձենք պատգամավորական մեր մանդատը օգտագործել հիմնականում այս նպատակների համար», - ասաց Խանումյանը:

«Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ևս «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ավելին էին ակնկալում, սակայն ընդունում են ժողովրդի որոշումը և առաջիկայում հիմնական շեշտը դնելու են սոցիալական խնդիրների ու ծրագրերի վրա․ - ««Բնականաբար, կուսակցության նախընտրական ծրագրին համահունչ փորձելու ենք այդ գաղափարները կյանքում առաջ տանել, ինչքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը»։

Իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին փորձելու են աշխատել տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ:

Իշխող ուժը ողջունում է ընդդիմադիր կուսակցությունների մուտքն Ազգային ժողով, որովհետև, Պողոսյանի փոխանցմամբ, ընդդիմադիր քաղաքական ուժերը նպաստում են խորհրդարանի առավել արդյունավետ աշխատանքին․ - «Ցանկանում ենք, որպեսզի արդյունավետ համագործակցություն, արդյունավետ աշխատանք լինի, որովհետև անկախ կուսակցությունների դիրքորոշումից՝ մեր հիմնական նպատակը պետք է լինի մեկը՝ ժողովրդի շահը առաջ տանելը և երկրի կայուն տնտեսական զարգացումը»:

Չնայած Ադրբեջանի սպառնալիքներին՝ երեկվա քվեարկությանը հետևեցին տասնյակ դիտորդներ, այդ թվում՝ եվրոպական երկրներից: Ընտրությունները գնահատելով «ազատ, արդար, թափանցիկ»՝ միջազգաին դիտորդները, այնուամենայնիվ, որոշ տեխնիկական թերություններ են մատնանշել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը խոսեց դրանցից մի քանիսի մասին․ - «Օրինակ, որոշ ընտրատեղամասերում կային մարդկային կուտակումներ, երբեմն տեղամասում լուսավորությունն այնքան էլ լավ չէր, որոշ տեղեր էլ հարմարեցված չէին սահմանափակ հնարավորություններով անձանց համար, սակայն դրանք որևէ կերպ չեն խոչընդոտել ընտրությունների լեգիտիմությանը»:

Եվրախորհրդում Արցախի խմբի պատվիրակությունն իր զեկույցում մատնանշել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ խախտումներ․ տարածքի սեփականատիրոջ նկատմամբ բանեցված ճնշումների արդյունքում ընդդիմադիր «Ազգային վերածնունդը» զրկվել էր նախընտրական շտաբի տարածքից, որոշ թեկնածուներ քարոզարշավի ընթացքում օգտագործել են ծառայողական մեքենաները: Դիտորդական առաքելությունը այդուհանդերձ եզրակացրել է, որ ընտրական գործընթացն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան:

«2013-ին Ադրբեջան կոչվող երկրում նախագահական ընտրություններ անցկացվեցին: Ընտրությունների արդյունքները հայտարարվեցին նախքան կբացվեին ընտրական տեղամասերը: Ընտրությունների օրը ծառայեց նրան, որ 10 տոկոսով բարձրացվեն ավելի վաղ հրապարակված տվյալները՝ հօգուտ նախագահ Ալիևի: Նման բան մենք Ղարաբաղում չտեսանք: Ստեփանակերտի ու շրջանների 20 տեղամասեր այցելելուց հետո կարող ենք փաստել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին», - ասաց Եվրախորհրդրանի պատգամավոր Ֆրանկ Էնգել:

Ամերիկացի դիտորդ Քարեն Մակդոնալդսն էլ հայտարարեց, թե ընտրությունները եղել են ազատ ու թափանցիկ: Անդրադառնալով այն փաստին, որ Միացյալ Նահանգները չի ընդունում քվեարկության արդյունքները՝ Մակդոնալդսն ասաց, թե իրենք Ղարաբաղ են եկել որպես անկախ փորձագետներ, ո՛չ որպես ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանի՝ դիտորդների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու սպառնալիքներին: Ամերիկացի դիտորդն արձագանքեց․ - «Մենք պրոֆեսիոնալ հետազոտողներ ենք, մենք Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չունենք: Չգիտեմ ինչու են Ադրբեջանում կարծում, որ կարող են մեզ ասել, թե ինչպես անենք մեր աշխատանքը: Մենք այստեղ ենք որպես անկախ, անաչառ մասնագետներ, որոնք անում են իրենց աշխատանքը»:

Օրվա երկրորդ կեսին հրապարակվեցին նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ընտրության նախնական արդյունքները: 10 ընտրատարածքներից 4-ում հաղթել են «Ազատ հայրենիքի» թեկնածուները, 3-ում՝ ՀՅԴ-ի, 2-ում՝ Ժողովրդավարական կուսակցության թեկնածուները: Միայն երկու անկուսակցական թեկնածու է հաղթել՝ Արսեն Առուստամյանը և ընդդիմադիր «Շարժում֊88» կուսակցության կողմից առաջադրված Վիտալի Բալասանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG