Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը


Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի՝ 5 տարվա ազատազրկման վճիռը:

Հիշեցնենք, որ դատախազ Արթուր Սարգսյանն ավելի խիստ պատիժ էր պահանջել, տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ՝8 միլիոն դրամի փոխհատուցում՝ տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման համար:
Նշենք, որ դատական բոլոր նիստերը լարված են անցնում հենց գումարային անհամաձայնությունների պատճառով:

Խնդիրն այն է, որ Վարդան Պետրոսյանը արդեն 20 հազար դոլար է տրամադրել տուժող կողմին, մինչդեռ վերջիններս պնդում են, որ դա ծախսվել է հուղարկավորության, այլ ոչ թե բուժման համար:

Պետրոսյանը պատրաստ է շարունակել օգնել տուժող ընտանիքին, եթե նրանք ընդունեն, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր:

«Թե ինձ 5 տարի կտան, թե 6 տարի կառաջարկեն, դա ինձ համար էդքան էական չի՝ նստել եմ, նստելու եմ: Բայց ինձ համար շատ կարևոր է, որ տիկին Նաիրան գոնե հարցեր տա, ես պատասխանեմ: Ես չեմ ունեցել էդ հնարավորությունը, չեմ էլ ունենալու: Բազմիցս խնդրել եմ, ասել եմ՝ տղաներից մեկը թող գա, զրուցենք: Չի ստացվել: Ես փակված եմ, բայց ես ձեզ հավատացնում եմ՝ կես ժամ զրույցից հետո դուք կտեսնեիք՝ ինչը ինչոց է, և էս հարցը․․․ Ամենակարևոր բանը տեղի կունենար՝ հաշտեցում, կամ եթե ոչ հաշտեցում, գոնե իրար կհասկանայինք, - ասաց Պետրոսյանը՝ հավելելով, - Իսկ էսօր մենք, շատ կներեք, դարձել ենք թշնամիներ: Սա շատ ավելի կարևոր չի՞: Հազար անգամ ավելի կարևոր է սա, քան թե բողոքարկման ինչ-որ բաներ: Չէ՞ որ բողոքարկման նյութը այսօր սա է»:

Դատարանն այսօր մերժեց նաև տուժող կողմի՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը, որով, ըստ փաստաբանի, հնարավոր կլիներ պարզել, թե նվազագույնը որքան գումար և ժամանակ է անհրաժեշտ Տաթևիկ Հակոբյանին բուժելու համար:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց բժշկական հաստատություններից մեկի հետ կնքված պայմանագրի օրինակ՝ վստահեցնելով, որ եթե Տաթևիկի ծնողները համաձայնեն ստորագրել այդ փաստաթուղթը և Տաթևիկը բժշկական հետազոտությունն անցնի այդտեղ, ապա Վարդան Պետրոսյանը կվճարի բժշկական բոլոր ծախսերը, հենց Տաթևիկը ոտք դնի հիվանդանոց:

Տուժող կողմը, սակայն, մերժեց Վարդան Պետրոսյանի այս առաջարկը:

Տուժող կողմին չի գոհացնում Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա կայացրած վճիռը: Իրավահաջորդներ Արթուր և Նաիրա Հակոբյանները բողոքարկելու են այն:

«Անպայման բողոքարկելու ենք: Ինքը դերասանություն ա անում, դուք չհասկացա՞ք», - ասաց Նաիրա Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG