Մատչելիության հղումներ

Էրդողանը մայիսի 9-ին Մոսկվայում չի լինի


Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Մոսկվայում, արխիվ

Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններին Թուրքիան ներկայացված կլինի դեսպանի մակարդակով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը` գրելով. - «Էրդողանի այս քայլը ակնհայտ պատասխան է Վլադիմիր Պուտինի որոշմանը` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակել»:

Hurriyet-ի տեղեկություններով՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններին Թուրքիան ներկայացված կլինի բավական ցածր` Մոսկվայում հավատարմագրված դեսպան Ումիթ Յարըմի մակարդակով: Այս մասին թուրքական պարբերականին տեղեկացրել են ռուսական դիվանագիտական աղբյուրները:

Թերթը նաև տեղեկացնում է, որ մայիսի 9-ին Մոսկվա ժամանելու պաշտոնական հրավերը Ռուսաստանի իշխանությունները Անկարա էին ուղարկել դեռ մարտին: Թուրքիայի մայրաքաղաքում, սակայն, չէին շտապում ընդունել այն` սպասելով, թե ինչ պահվածք կդրսևորի Ռուսաստանը Հայոց ցեղասպանության խնդրում: Դեռ ապրիլի 15-ին թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը լրագրողների հետ զրույցում նշել էր․ - «Ես համոզված եմ, որ նախագահ Էրդողանը կփորձի ներկա գտնվել մոսկովյան հանդիսություններին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանության առթիվ հրապարակված ուղերձից և նրա երևանյան այցից հետո, սակայն, տրամադրությունները Անկարայում փոխվեցին: Ռեջեփ Էրդողանը ապրիլի 27-ին հանդես եկավ իր ռուս պաշտոնակցին ուղղված կոշտ քննադատությամբ:

«Անձամբ ես բավական տխրեցի, որ Պուտինը դիմեց նման քայլի և հանդես եկավ նման հայտարարություններով: Եթե խոսում ենք ցեղասպանությունների մասին, ապա Ռուսաստանն առաջինն է, որ պետք է հայացք ուղղի սեփական պատմությանը: Ի դեպ, շատ հեռուն գնալու կարիք էլ չկա: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում` Ղրիմում, Դոնեցկում և Լուգանսկում, արդեն իսկ շատ խոսուն է», - նշում էր Էրդողանը:

Արտերկրյա առաջնորդներից ստացվող մերժումներին երեկ հակադարձեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` հայտարարելով․ - «Տոնակատարություններին ներկա գտնվելու հրավերը զինկոմիսարիատի ծանուցագիր չէ: Եթե որևէ մեկն այն չի կարող ընդունել` մենք այդ փաստին ըմբռնումով ենք մոտենում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG