Մատչելիության հղումներ

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին կմասնակցի 25 հայ մարզիկ


Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին կմասնակցի 25 հայ մարզիկ
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

Հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանից կմասնակցի մոտ 25 մարզիկ, այսօր «Ազատությանն» ասաց Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Հայաստանի օլիմպիական կոմիտեից հաստատում են տեղեկությունը, նախապես հայտարարված 6 սպորտաձևերի ներկայացուցիչներն էլ կմասնակցեն Բաքվի խաղերին։

«Բացառությամբ մեկ առաջին համարի՝ բոլոր մարզաձևերի առաջին համարները մասնակցելու են Բաքվի խաղերին»,- ասաց Ռոստոմյանը։

Ռոստոմյանը դեռ չի հստակեցնում, թե առաջատար որ մարզիկի մասին է խոսքը։ Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ասել էր, որ Բաքու մեկնել չի պատրաստվում և անգամ չէր բացառել, որ Ադրբեջան չի գնա ողջ հավաքականը։ Օլիմպիական կոմիտեն, սակայն, պաշտոնապես հայտնում է՝ հայ ըմբիշները Բաքու կգնան։

Ըմբշամարտից բացի, խաղերին Հայաստանը կմասնակցի հրաձգություն, թեքվանդո, ձյուդո, սամբո, բռնցքամարտ մարզաձևերում: Բաքու մեկնող մարզիկների անուններն ու պատվիրակությունների կազմը Օլիմպիական կոմիտեն պաշտոնապես կհրապարակի հաջորդ շաբաթ։

Մինչ այդ Ձյուդոյի ֆեդերացիայից արդեն հայտնում են՝ Բաքու մեկնելու է 5 հոգանոց պատվիրակություն՝ մարզիկներ Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը, Ժաննա Ստանկևիչը, հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանը և պատվիրակության ղեկավար Դավիթ Խիթարյանը։

«Պետք է պատրաստ լինենք պրովակացիաների, սադրանքների, չեմ կարծում, որ տրիբունայի արձագանքն էլ դրական կլինի։ Այս ամեն ինչը հաշվի առնելով ենք մենք ընտրել այս երեք հոգուն»,- ասաց Խիթարյանը՝ հավելելով, որ իրենց ընտրած երեք մարզիկները ֆեդերացիայի ամենապատրաստված ձյուդոիստներն են։

Հատկապես մեծ հույսեր են կապում Հովհաննես Դավթյանի հետ, ով աշխարհի վարկանիշային աղյուսակներում 15-րդ, իսկ եվրոպական աղյուսակում 8-րդ տեղում է։

«Բայց պետք չէ մոռանալ, որ հենց նրա քաշային կարգում մասնակցելու են երկու ադրբեջանցիներ, որոնք բավականին ուժեղ մրցակիցներ են։ Մեր Հովհաննեսը երկուսին էլ հաղթել է, մեկին Օլիմպիական խաղերի ժամանակ, մյուսին անցած տարի Եվրոպայի առաջնությունում»,- ասաց Խիթարյանը։

Բաքվում մրցելը մեծ մարտահրավեր է, համաձայն է Խիթարյանը, ով վստահ է՝ խաղերը կանցնեն լարված մթնոլորտում, բայց ասում է՝ ձյուդոիստներին հարիր չէ փախչողի հոգեբանությունը։ Բացի այդ, խաղերը կարևոր են օլիմպիական միավորներ ստանալու տեսանկյունից։

Մարզիկների անվտանգությանն առնչվող մեր հարցերը Բաքու մեկնող պատվիրակության ղեկավարը հորդորեց ուղղել Օլիմպիական կոմիտեին, որի ղեկավարը գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է։

«Ես ինքս մտավախություն չունեմ անվտանգության հետ կապված, այստեղ մտահոգությունը ավելի շատ վերաբերում է հոգեբանորեն ճնշելուն»,- ասաց Խիթարյանը։

Օլիմպիական կոմիտեի քարտուղարը վստահեցնում է՝ անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերը կարգավորված են։

XS
SM
MD
LG